Հրայր Թովմասյանը Նիկոլ Փաշինյանից պահանջում է ներողություն խնդրել իր հասցեին արած վիրավորական արտահայտությունների համար։ Դատարանի ղեկավարը վարչապետի հայտարարությունները զրպարտություն է համարում և պահանջում է հերքել դրանք։
Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը (ձախից) և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը
Վարչապետի և ՍԴ նախագահի դիմակայությունը սկսվել է 2018 թ–ին Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության գալուց անմիջապես հետո։ Սակայն Փաշինյանի և Թովմասյանի հարաբերությունների սրացումը սկանդալի է վերաճել վարչապետի հունվարի 25–ի ասուլիսից հետո։
Նիկոլ Փաշինյանը հանրային կերպով հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի ղեկավար Հրայր Թովմասյանն իրեն քծնել է և նոր իշխանություններին առաջարկել իր պրոֆեսիոնալ «ծառայությունները»։ Այդ թվում, ըստ վարչապետի, Թովմասյանն առաջարկել է մատնանշել Սահմանադրությունում առկա բացերը, որն ինքն է ստեղծել նախորդ իշխանությունների համար։
Ի պատասխան Փաշինյանի հայտարարությունների՝ Թովմասյանը սպառնացել էր նրան դատի տալ զրպարտության համար, եթե վարչապետը 20 օրվա ընթացքում իր խոսքերի ապացույցը չներկայացնի կամ չհերքի ասածը։
Հաջորդ օրը վարչապետը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր թանկարժեք գրչի լուսանկար, որը Հրայր Թովմասյանն իրեն նվիրել էր 2018 թ–ի մայիսին։ Փաշինյանը նշել էր, որ շոկի մեջ է գրչի թանկությունից. այն արժեր մի քանի հարյուր եվրո։
Գրչի պատմությանը հասարակությունում ոչ միանշանակ վերաբերվեցին, իսկ Փաշինյանի նշած փաստարկները շատերին թույլ թվացին, մարդիկ կարծում էին, որ դրանք չեն ապացուցում այն, որ Թովմասյանը նրան ինչ–որ կերպ իր ծառայություններն է առաջարկել։
Վարչապետի ապացույցները թույլ թվացին նաև Սահմանադրական դատարանի նախագահին։ Թովմասյանը չսպասեց 20–օրյա ժամկետի ավարտին և իր փաստաբաններին հանձնարարեց հայց նախապատրասել Հայաստանի վարչապետի դեմ։