Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանքից հետո վերադառնում է քաղաքականություն
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որը կալանքից ազատ է արձակվել մի քանի օր առաջ, հայտարարել է մեծ քաղաքականություն վերադառնալու մասին
«Համարեք, որ վերադարձել եմ [քաղաքականություն]։ Միանշանակ։ Դա կարող է լինել տարբեր ձևաչափերով։ Կարող եմ պատմել այն պատճառների մասին, որոնք ինձ ստիպել են քաղաքականություն վերադառնալ։
Երկու պատճառ կա։
Առաջին, ընդհանրապես վտանգները, որ այսօր տեսնում եմ, աշխարհաքաղաքական են։ Նայեք քարտեզին, տեսեք՝ ինչ երկրներով ենք շրջապատված։ Այսօր ռուս-ամերիկյան հարաբերությունները ամենացածր մակարդակին են «սառը պատերազմից» ի վեր։ Նոր պատժամիջոցներ։ ԱՄՆ-Իրան հարաբերությունների այսօրվա վիճակը։
Թուրքիայի կեցվածքը։ Տասը տարի առաջ Թուրքիան այլ երկիր էր, ձգտում էր անդամակցել ԵՄ-ին, և դա նրան սահմանափակում էր ագրեսիվ քաղաքականության և հարևանների ներքին գործերին միջամտելու առումով։ Մենք գիտենք Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունների մասին և ղարաբաղյան չլուծված հակամարտության մասին։
Այս բոլորը կապեք իրար․․․ Մենք ունենք մի կառավարություն, որն ըստ ինձ, չի հասկանում՝ ինչ է կատարվում։ Փորձ չունի։ Որը չի հասկանում, որ այս իրավիճակում միայն հզոր բանակն է մեր պետականության իրական երաշխիքը»։
Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի նախագահն է եղել 1998-2008թթ-ին: Նրա կալանքը կապված էր 2008թ-ի մարտի 1-2-ի իրադարձությունների հետ: 2008թ-ի փետրվարի 19-ին կայացած նախագահական ընտրություններից հետո երկրում հուզումներ սկսվեցին. Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած քաղաքական դաշինքի կողմնակիցները պնդում էին, որ ընտրություններում հաղթել է Լևոն Տեր-Պետրոսյանն, ու պահանջում էին վերանայել ընտրությունների արդյունքները:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն, ըստ քվեարկության արդյունքների, հաղթող էր հայտարարել Սերժ Սարգսյանին, սակայն նա այդ ժամանակ դեռ չէր զբաղեցրել իր պաշտոնը. երկրի նախագահը դեռ Ռոբերտ Քոչարյանն էր: Նա արտակարգ դրություն մտցրեց: 2008թ-ի մարտի 1-ին ցույցը ցրելու ժամանակ մարտական զենք կիրառվեց, տասը մարդ զոհվեց՝ քաղաքացիական ութ անձ և ոստիկանության երկու աշխատակից:
Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է նաև, որ անհանգստացած է հայ-ռուսական հարաբերություններով և պաշտոնական Մոսկվայի վերաբերյալ հայկական կառավարության հռետորաբանությամբ։
«Ռուսաստանն այն երկիրը չէ, որի հետ կարելի է այն լեզվով խոսել, որով այսօր խոսում են Հայաստանի իշխանությունները։ Նա մեր ստրատեգիական գործընկերն է, որի հետ գործակցությունը շատ կարևոր է մեր անվտանգության համար»։
Ռոբերտ Քոչարյանը հերթական անգամ հայտարարեց, որ ներկայիս իշխանություններն իր դեմ շինծու դատական գործ են հարուցել։ Նա կարծում է, որ իր դեմ կատարվող գործընթացները քաղաքական ընդդիմադիրներին լռեցնելու փորձ են։ Իր ազատ արձակվելու մասին դատարանի որոշումը Ռոբերտ Քոչարյանն իր փաստաբանների հաղթանակն է համարում։
«Սա այն դեպքը չէ, որ ասես մեղադրանքի այս կամ այն դրվագը թույլ է։ Բոլոր մեղադրանքները կառուցված են կեղծ, շինծու, արհեստական ապացույցների և եզրակացությունների վրա»։
Քոչարյանը կոչ է արել նախաքննությունը հանրային դարձնել և հասարակությանը հնարավորություն տալ ծանոթանալ քրեական գործի մանրամասներին։
«Հնարավորություն տվեք պաշտպանվող կողմին հանրային կերպով խոսել գործի հետ կապված ամեն ինչի մասին։ Կտեսնեք, որ գործն արհեստական է, դա դասական քաղաքական հետապնդման մոդել է»։
Նախկին նախագահը հայտարարել է նաև, որ պատրաստ է հանդիպել վաչապետ Նիկոլ Փաշինյանի հետ․
«Իհարկե, պատրաստ եմ նրա հետ հանդիպել։ Ես երբեք չեմ խուսսափել բանակցություններից, ես միշտ պատրաստ եմ եղել դրանց»։