Հայաստանի կառավարությունն անցնում է էկոգրիչների օգտագործման, որոնք պատրաստված են վերամշակված թղթից: Դրանք տեղական արտադրության են, և այդպիսի գրիչներ կարելի է գնել Երևանի մասնագիտացված խանութներում:
Նշենք, որ ավելի վաղ նախարարների կաբինետը երկրի խորհրդարանի հետ միասին հրաժարվել էին MacBook-երի օգտագործումից և փոխարինել դրանք հայկական նոութբուքերով՝ նույն ընկերության, որը գրիչներն է արտադրում: Դա վարչապետ Փաշինյանի նախաձեռնությունն է:
«Խոսքը ոչ միայն ծրագրային ապահովման մասին է, այլև կոնկրետ արտադրանքի: Պետք է ֆինանսական աջակցություն ցուցաբերել, որպեսզի Ազգային ժողովի նիստերի դահլիճում ևս տեղադրվեն հայկական արտադրության համակարգիչներ: Մեր երկրի համար շատ կարևոր է, որ Հայաստանում արտադրությունը զարգանա, մենք բոլորս նախապատվությունը պետք է տանք հայկական արտադրությանն ու հայկական արտադրողներին: Ինչպես տեսնում եք, այդպիսի հնարավորություն կա: Դա և հաճելի է, և շահավետ»:
Արտադրող ընկերությունը կառավարությանը տեխնիկան անվճար է տրամադրել:
Հայաստանում արդեն մի քանի տարի է, ինչ նոութբուքեր և հեռախոսներ են արտադրում: Արտադրանքի մի մասն արտահանվում է, առաջին հերթին, Ռուսաստան: Տեղական արտադրության պլանշետներով են զինված արդեն երկրի շատ դպրոցներ:
Այսպիսով, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ձգտում է խթանել տեղական արտադրությունն ու ևս մեկ անգամ ընդգծել Հայաստանի համար տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի կարևորությունը: