Հայաստանում 2020 թ–ի ապրիլի հինգին հանրաքվե է կայանալու։ Այն անցկացվելու է դեռևս նախորդ իշխանության տարիներին իրենց պաշտոնը զբաղեցրած Սահմանադրական դատարանի վեց դատավորների և դրա նախագահի լիազորությունների դադարեցման հարցի շուրջ։
Ընդդիմությունը դեմ էր այս որոշմանը, սակայն այն ընդունվել էր․ իշխող կուսակցությունը դրա համար բավականաչափ ձայներ ուներ։ Խորհրդարանական ընդդդիմությունը Սահմանադրական դատարան դիմելու և հանրաքվեի անցկացման մասին որոշումը վիճարկելու հնարավորություն ունի։ Դրա համար անհրաժեշտ էր հավաքել 27 ստորագրություն, կամ բոլոր պատգամավորների 1/5–ի ձայները։
Եթե դիմում ներկայացվեր Սահմանադրական դատարան, ապա այն ինքը պետք է որոշեր՝ կասեցնել գործընթացը, թե ոչ։
Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հայտարարել էր, որ պատրաստ է սկսել գործընթացը, եթե «Բարգավաճ Հայաստանը» կողմ լինի այդ որոշմանը՝ նրանց ևս 10 մանդատ էր պետք։
Սակայն այսօր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն, ի վերջո, քննարկեց այդ հարցն ու հայտարարեց, որ չի մասնակցելու հանրաքվեին։
«ԲՀԿ-ն մշտապես կողմ է եղել ուղիղ ժողովրդավարության գործիքին, ինչպիսին հանրաքվեն է, այդուհանդերձ, մենք չենք կարող որևէ մասնակցություն ունենալ իրավական առումով խոցելի այս գործընթացին:
Ակնհայտ է, որ այս գործընթացի հենց սկզբից, իշխանությունը իրավական հարթությունից հարցը տեղափոխել է բացառապես քաղաքական հարթություն՝ խնդիրը վերածելով «սև-սպիտակի» կործանարար հակամարտության, մինչդեռ ԲՀԿ-ի համար մեր հասարակության մեջ ջրբաժաններ և բարիկադներ ստեղծելու գործելաոճը մշտապես եղել է անընդունելի: Ժամանակնէ վերջապես փակել հնի և նորի անպտուղ առճակատման այս էջը և մեր բոլոր հավաքական ներուժն ուղղել մեր երկրի և ժողովրդի համար առավել բարեկեցիկ և բարգավաճ ապագա կերտելու գործին», – հայտարարել է պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը կուսակցության քաղխորհրդի նիստից հետո:
Եվ վեչջապես, կուսակցությունը չի միանալու ՍԴ դիմելու գործընթացին, քանի որ համարում է այն քննարկվող հարցում շահագրգիռ կողմ։