Հայաստանի Գլխավոր շտաբի հին նոր ղեկավարը ստանձնել է պաշտոնը
Արտակ Դավթյանը կրկին գլխավորել է Հայաստանի ԶՈւ Գլխավոր շտաբը։ Նա այդ պաշտոնն ավելի վաղ էլ էր զբաղեցրել՝ 2018-2020 թ-ին, սակայն պաշտոնանկ էր արվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով։ Պատճառն այն էր, որ կորոնավիրուսի պատճառով հայտարարված լոքդաունի ժամանակ նա կազմակերպել էր որդու հարսանիքը։ Այն ժամանակ արգելված էին զանգվածային բոլոր միջոցառումները։
Այն մասին, որ Արտակ Դավթյանն արդեն ստանձնել է պաշտոնը, վաղ առավոտյան հաղորդել է վարչապետը Ֆեյսբուքի իր էջում։ Իսկ հետո արդեն նա ԳՇ պետին ներկայացրել է բարձրագույն զինվորական կազմին։
Դավթյանի նշանակումը ԳՇ պետի պաշտոնում նրա նախորդի պաշտոնանկության հետ կապված սկանդալի շարունակությունն է։ Բանն այն է, որ քաղաքական ճգնաժամի ֆոնին փետրվարի 25-ին Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանն ու բարձրագույն հրամանատարական կազմի ներկայացուցիչներից շատերը վարչապետ Նիկոլ Փաշինյանին կոչ էին արել հրաժարական տալ։
Վարչապետը դա անվանել էր ռազմական հեղաշրջման փորձ և նախագահին ներկայացրել Օնիկ Գասպարյանի հեռացման առաջարկ, այնուհետև՝ ևս մեկը՝ այդ պաշտոնում Արտակ Դավթյանին նշանակելու կապակցությամբ։
Երկու փաստաթղթերն էլ նախագահ Արմեն Սարգսյանը չէր ստորագրել և առարկություններով հետ էր վերադարձրել վարչապետին։
Օնիկ Գասպարյանի փաստաբանը հայտարարել է, որ պատրաստվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ հանցագործության մասին հաղորդում ներկայացնել դատախազություն։ Բանն այն է, որ Օնիկ Գասպարյանն իր պաշտոնանկության որոշումը բողոքարկել է վարչական դատարանում։ Եվ մի քանի օր առաջ դատարանը կասեցրել է Օնիկ Գասպարյանի պաշտոնանկության գործընթացը՝ մինչ այն պահը, երբ վերջնական որոշում կայացվի այդ դատական գործով։
«Վարչապետի հայտարարությունը [Արտակ Դավթյանի կողմից ԳՇ պետի պաշտոնի ստանձնման մասին] նշանակում է, որ նա անտեսում է դատական իշխանության ակտերը», — հայտարարել է փաստաբանը։
- Զանգվածային արտագաղթ Հայաստանից․ ինչո՞ւ են մարդիկ մեկնում, և ի՞նչ է լինելու
- Ճգնաժամի հաղթահարում՝ առանց Սահմանադրությունը հաշվի առնելո՞ւ։ Կարծիքներ՝ Հայաստանում կայանալիք արտահերթ ընտրությունների մասին
Իրադարձությունների ժամանակացույցը
Մարտի 10-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Օնիկ Գասպարյանն արդեն ազատվել է Հայաստանի ԶՈւ ԳՇ պետի պաշտոնից, քանի որ նախագահը թեև ժամանակին չի ստորագրել Գասպարյանի հեռացման հրամանագիրը, այդ որոշումը չի էլ վիճարկել Սահմանադրական դատարանում։
Արմեն Սարգսյանը միայն ՍԴ է դիմել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում կատարված փոփոխությունների սահմանադրականությունը պարզելու խնդրանքով, որով, մասնավորապես, սահմանվում է նաև ԳՇ պետի նշանակման և հեռացման կարգը։
Այդ ժամանակ էլ հենց վարչապետը նախագահին էր ուղարկել Արտակ Դավթյանին Հայաստանի ԶՈւ ԳՇ պետ նշանակելու մասին առաջարկը։
Մարտի 11-ին վարչապետի աշխատակազմ էին ներկայացվել նախագահի առարկություններն այս նախագծի վերաբերյալ։ Սակայն վարչապետը չի ընդունել դրանք և կրկին Արմեն Սարգսյանին է ուղարկել «համապատասխան հիմնավորումներով նամակ»՝ ԳՇ նոր պետին այդ պաշտոնում նշանակելու համար։
Նախագահն այդպես էլ չի ստորագրել Արտակ Դավթյանի նշանակման վերաբերյալ առաջարկը և կրկին չի վիճարկել այդ որոշումը Սահմանադրական դատարանում։ Այդ պատճառով էլ «Դավթյանի նշանակման հրամանագիրն իրավունքի ուժ է ստացել», ինչպես Ֆեյսբուքում հաղորդել է վարչապետը։
Վարչապետի կոչը զինորականներին՝ չեզոքություն պահպանել
«Բոլորդ գիտեք, որ պարոն Դավթյանը Գլխավոր շտաբի պետի պաշտոնը թողել է ծառայության հետ կապ չունեցող պատճառներով, և պետք է արձանագրեմ, որ մենք պարոն Դավթյանի հետ այս ընթացքում անընդհատ կապի մեջ ենք եղել, ու պարզ է եղել, որ նրա ներուժը պետք է անպայման օգտագործենք մեր պետական գործերում», — հայտարարել է վարչապետը՝ ներկայացնելով ԳՇ նոր պետին։
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ իր մեջ որևէ բացասական հետք չի թողել այն, որ որոշ զինվորականներ միացել են իր հրաժարականի պահանջով հայտարարությանը, սակայն պահանջել է հետագայում չեզոքություն պահպանել և քաղաքականություն չմտնել։
Իսկ ԳՇ նոր պետ Արտակ Դավթյանը վստահեցրել է, որ Զինված ուժերը չեն մասնակցելու քաղաքական գործընթացներին․
«Զինված ուժերը, ըստ Սահմանադրության՝ լինելով կառավարության ենթակայության և քաղաքացիական վերահսկողության տակ, քաղաքական հարցերում չեզոքություն են պահպանելու՝ ղեկավարվելով բացառապես անվտանգության, Հայաստանի տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության ապահովման պարտականություններով»։