Հայաստանը չի բացի սահմանները մինչև զբոսաշրջային սեզոնի ավարտը
Հայաստանը կորոնավիրուսի համավարակի պատճառով արդեն մի քանի ամիս է, ինչ չի կարողանում վերադառնալ իր բնականոն կյանքին ։ Մարտից երկրում արտակարգ դրություն է սահմանվել, հուլիսի սկզբին գրանցվել է վարակման գագաթնակետը։ Վերջին օրերին նոր դեպքերի համեմատաբար ոչ մեծ թիվ է գրանցվում։
Հուլիսի 31–ին 354 նոր դեպք է գրանցվել։ Այս թիվը համեմատաբար փոքր է համարվում, քանի որ դեռևս նախորդ շաբաթ օրական դրանից մեկ ու կես անգամ ավելին էր լինում։
Չնայած հարաբերական բարելավմանը Հայաստանը դեռևս մտադիր չէ սահմանները բացել և չի կարող իրեն թույլ տալ վերականգնել ավիահաղորդակցությունը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես հայտարարել է, որ «մինչև զբոսաշրջային սեզոնի ավարտը կանոնավոր չվերթները չեն վերականգնվի»։
Հուլիսի 31–ին վարակ է հաստատվել 354 մարդու մոտ, վարակվածների թիվը հասել է 38 550–ի։ Մահացել է ևս 10 մարդ, ընդհանուր առմամբ՝ 738։ Ապաքինվել է 631 մարդ, ընդհանուր՝ 28 997։ Շարունակում է բուժում ստանալ 8 587 մարդ։
● «Տանը կողպված»․ հայ աշխատանքային միգրանտները չեն կարողանում Ռուսաստան մեկնել
● Հայաստան։ Երեք կանանց պատմություններ, որոնք իրենց բիզնեսը փրկում են կորոնավիրուսից
Ինչո՞ւ չի վերականգնվում ավիահաղորդակցությունը
Այն մասին, որ ավիահաղորդակցությունը չի վերականգնվելու, սկզբից հաղորդել է պարետ Տիգրան Ավինյանը։
Նա տեղեկացրել է նաև, որ այժմ կառավարությունը քննարկում է արտակարգ դրության ռեժիմի երկարաձգման հարցը․
«Դա գլխավորապես կախված է նրանից, թե ինչպիսին կլինի համաճարակային իրավիճակն ապագայում»։
Ի սկզբանե արտակարգ դրության ռեժիմ Հայաստանում հայտարարվել էր մարտի 16–ին։ Այն չորս անգամ երկարաձգվել է մեկ ամիս ժամկետով։ Վերջին անգամ երկարաձգման մասին որոշում ընդունվել է հուլիսի 13–ին, արտակարգ դրության ռեժիմը գործելու է մինչև օգոստոսի 12–ը։
Օդային ուղևորափոխադրումների վերսկսում հնարավոր կլինի միայն այն բանից հետո, երբ երկրում չեղարկվի արտակարգ դրությունը։
Պարետից հետո ավիահաղորդակցության վերսկսման թեմային է անդրադարձել վարչապետ Նիկոլ Փաշինյանը․
«Ցավոք, մենք այսօր հստակ գիտենք, որ մինչև զբոսաշրջային սեզոնի ավարտը կանոնավոր ավիափոխադրումները չեն վերականգնվի։ Դա նշանակում է, որ մեր այն հայրենակիցները, որոնք մտադիր են և կարող են ամառային հանգիստն անցկացնել հանգստավայրերում, պետք է օգտվեն ներքին զբոսաշրջության հնարավորություններից…
Մյուս կողմից, կարծում եմ, որ մեր տեսչական մարմինները պետք է այս փուլում առանձնահատուկ ուշադրություն դարձնեն հանգստյան տներում, պանսիոնատներում, հանգստի գոտիներում հակահամաճարակային կանոնների պահպանմանը»։
Ի՞նչ է ասում ընդդիմությունը
«Լուսավոր Հայաստան» ընդդիմադիր խորհրդարանական խմբակցությունը պահանջում է էլ չերկարաձգել արտակարգ դրության ռեժիմը։ Դրա ղեկավար Էդմոն Մարուքյանը Facebook–ի իր էջում կառավարությանն առաջարկել է «սահմանափակումների համար այլ իրավական կարգավորումներ կիրառել»։
Այս պահին, ըստ նրա, միայն «անհրաժեշտ է պահպանել սոցիալական հեռավորություն, հաճախ ախտահանել ձեռքերը և, մեր կարծիքով, պահպանել դիմակ կրելու պարտադիր պայմանը միայն փակ տարածքներում»։ Եվ այդ սահմանափակումներն, ըստ Մարուքյանի, կարելի է կիրառել նաև առանց արտակարգ դրության ռեժիմի։
Մարուքյանը համարում է նաև, որ Ռուսաստանի հետ օդային և ցամաքային սահմանների բացումը ծայրահեղ անհրաժեշտություն է շատ ընտանիքների համար․
«Ամուսիններ, երեխաներ, ծնողներ ․․․ Մեկը մյուսին չի կարողանում միանալ սահմանների փակ լինելու պատճառով: Դրան է գումարվում նաև արտագնա աշխատանքի գնացող մեր հազարավոր հայրենակիցների խնդիրը: Պարետատունը պետք է ամեն բան անի սահմանների շուտափույթ բացման խնդիրը լուծելու համար»։
Ի՞նչ են գրում սոցցանցերում
Սահմանների բացումը Հայաստանում համար մեկ թեման է արդեն ամիսներ շարունակ։ Շատերը երկիր են եկել կարճ ժամանակով և այդպես էլ չեն կարողացել մեկնել։ Սակայն ամենաշատը սահմանների հարցն անհանգստացնում է նրանց, ովքեր սովորաբար սեզոնային աշխատանքների են մեկնում Ռուսաստան և այլ երկրներ։
Ահա մի քանի մեկնաբանություն Ֆեյսբուքից․
«Ողջ աշխարհում սահմաններն օգոստոսի 1–ից բացվում են, միայն մենք ենք փակվել–նստել։ Մարդիկ գործուղումներ, գործնական ուղևորություններ ունեն, իսկ մենք չենք կարողանում մեկնել սեփական երկրից»։
«Այսօր մեր հայրենակիցների մի ստվար զանգված մնացել է ուրիշ երկրներում, մեծ մասը՝ Ռուսաստանում։ Եվ չեն կարողանում հայրենիք վերադառնալ։ Այնտեղ նրանք չունեն ոչ գրանցում, ոչ քաղաքացիություն, ոչ աշխատանք։ Արդեն մի քանի ամիս է, ինչ նրանք այնտեղ պարզապես գոյատևում են։ Որևէ մեկը նրանց մասին մտածե՞լ է»։
«Պետք է արագ բացել սահմանները, որովհետև կորոնավիրուսից բացի այլ հիվանդություններ էլ կան։ Հայրս քաղցկեղ ունի, եղբայրս չի կարողանում Ռուսաստանից գալ, որ իր ծնողի հետ լինի»։