2020 թ–ի հունվարի 19–ից Հայաստանի և Չինաստանի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմ էր գործում։ Սակայն այժմ Հայաստանը որոշել է կասեցնել դրա գործողությունը։ Սա հարկադիր միջոց է՝ կորոնավիրուսի ներթափանցումը երկիր կասեցնելու համար։ Սահմանափակումը ներմուծվում է փետրվարի մեկից և գործելու է երկու ամիս։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
Երկրում դեռևս չի գրանցվել կորոնավիրուսի ախտանիշներով ոչ մի դեպք, հունվարի 31–ին հայտարարել էր առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Այնուամենայնիվ, ըստ նախարարի, կորոնավիրուսի հայտնաբերման համար չինական թեստ–համակարգերն արդեն ձեռք են բերվել և շուտով Հայաստան են հասնելու․
«Մենք, ինչպես և բոլոր երկրները, կորոնավիրուսի ախտորոշման համար թեստ–համակարգերի հետ կապված խնդիր ունենք, քանի որ հիվանդությունը նոր է, և թեստը դեռ նոր է մշակվել»։
Տվյալ պահին Չինաստանում, չնայած իշխանությունների բոլոր գործողություններին, վարակը շարունակում է տարածվել․ հիվանդացել է գրեթե 9 700 մարդ, մահացել՝ ավելի քան 213–ը։