Հայաստանի վարչապետը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ կառավարությունը պետական բյուջեի միջոցներով բազմաթիվ բժշկական սարքավորումներ է գնել․
«Այսօր Չինաստանից ժամանած մեր բեռնատար ինքնաթիռով ստացանք 500 թթվածնային խտացուցիչներ, որոնք բաշխվելու են կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված և կասկածելի դեպքերով զբաղվող բուժհաստատություններին, ինչը թույլ կտա էականորեն բարելավել թթածնակախյալ պացիենտների բուժօգնությունը, նրանց հոսպիտալացումը իրականացնել ավելի արագ և նաև կանխարգելել այդպիսի պացիենտների առողջական վիճակի բարդացումը: Սարքերի բաշխումը արդեն իսկ սկսվել է հենց օդանավակայանից։
Մոտ օրերին կմատակարարվի ևս 130 նման սարքը, ինչը փաստացի թույլ կտա բավարարել մեր երկրի այս պահի ամբողջական պահանջարկը: Քննարկվում է նաև նման սարքերը տնային օգտագործման տալու հնարավորությունը»։
Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է նաև, որ նույն ինքնաթիռով Հայաստան են բերվել թթվածին արտադրող 3 մեծ կայաններ, որոնք մեծացնելու են երևանյան 3 բժշկական կլինիկայի կենտրոնացված թթվածին արտադրելու հզորությունները։ Խոսքը գնում է Նորք ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի, Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնի և Սուրբ Աստվածամայր ԲԿ-ի ինֆեկցիոն մասնաճյուղի մասին:
«Մատակարարման փուլում են նաև Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ, Ոստիկանության հոսպիտալի և Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի կենտրոնացված թթվածնային կայանները: Հայաստան են ժամանել նաև հեղուկ թթվածնային համակարգերը` Սպիտակի, Արտաշատի, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ և Նորքի Ինֆեկցիոն ԲԿ-ների համար», — գրել է վարչապետը: