Սևանա լճի հանրային լողափերն այսօր պաշտոնապես բացվել են: Բոլոր ցանկցողներն այսօրվանից կարող են օգտվել անվճար լողափերից:
Լճի տարածքում գործելու է 11 հասարակական լողափ, որոնցից երեքը նաև անվճար ծառայություններ կմատուցեն հանգստացողներին. բուժսպասարկում, շեզլոնգի և հովհանոցի տրամադրում, մանկական ու սպորտային խաղահրապարկներից օգտվելու հնարավորություն, փրկարար ծառայություն:
Այս մասին հայտարարել է Բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ, հանրային լողափերի պատասխանատու Աշոտ Ավալյանը: Նա նշել է, որ շոգ օրերին հանրային լողափերն ամենայն հավանականությամբ գերծանրաբեռնված կլինեն, և որպեսզի բոլոր հանգստացողների անվտանգությունն ապահովվի, յուրաքանչյուր լողափում կաշխատի 4-ից 5 փրկարար:
Ավալյանը հավաստիացրել է, որ հանրային լողափերը բարեկարգ վիճակում են:
Նշենք, որ բացի հանրային լողափերից Սևանում գործում են նաև մասնավոր լողափեր:
Ի դեպ, անցյալ տարի Սևանի հանրային լողափերը սեզոնային ժամանակահատվածում, ըստ պաշտոնական տվյալների, ունեցել են մինչև 180,000 այցելու: