Հայաստանը կորոնավիրուսի պատվաստանյութի ձեռքբերման հերթում է
Հայաստանի առողջապահության նախարարությունն արդեն կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստացման հերթ է կանգնել։ Այս մասին հուլիսի 2–ին կառավարության նիստի ժամանակ հաղորդել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Պատվաստանյութը դեռևս մշակման փուլում է։ Սակայն առողջապահության նախարարությունն արդեն բանակցություններ է վարում մի քանի արտադրողների և կազմակերպությունների հետ, որոնք զբաղվելու են դրա բաշխմամբ։
● Հայաստանի առողջապահության նախարար․ «Վերակենդանացման բաժանմունքները լիքն են»
Ե՞րբ է պատրաստ լինելու պատվաստանյութը
Նախարարը գործընկերներին հայտնել է, որ այժմ աշխարհի տարբեր երկրներում կորոնավիրուսի դեմ ավելի քան 100 պատվաստանյութ է մշակվում, դրանցից 20–ը կլինիկական փորձարկումների երկու փուլ է անցել և կարող է արդյունավետ լինել։ Ըստ Արսեն Թորոսյանի, գործընթացը սովորաբար երեք փուլ է ենթադրում։
Նա հաղորդել է, որ նախօրեին զրուցել է ամերիկյան «Moderna» ընկերության ղեկավարության հետ, որը նույնպես կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ է մշակում։ Այդ բիոտեխնոլոգիական ընկերության համահիմնադիրը հայ գործարար և բարեգործ Նուբար Աֆեյանն է։
«Moderna»–ի պատվաստանյութի փորձարկումները սկսվել են մարտին։ Մայիսին ընկերությունը հայտարարել է կլինիկական փորձարկումների հաջողությունների մասին, և դրա գլխավոր տնօրեն Ստեֆան Բանսելը հայտարարել է․
«Moderna–ի թիմն ուժեղացված կերպով աշխատում է, որպեսզի հուլիսին սկսի պատվաստանյութի փորձարկումների երրորդ փուլը և, դրա հաջողության դեպքում, լիցենզավորման հայտ ներկայացնի»։
Հայաստանի առողջապահության նախարարը կարծում է, որ «այդ պատվաստանյութն առավել հավանական թեկնածուներից է»։
Սակայն արտադրողների հետ ուղիղ բանակցություններից բացի՝ նախարարությունը միաժամանակ պատվաստանյութ ստանալու շուրջ պայմանավորվում է ԱՀԿ և UNICEF–ի հետ, «որոնք փորձելու են հավաքական գնումներ իրականացնել՝ մեծաթիվ երկրների համար»։
Ըստ Թորոսյանի՝ ռիսկն այն է, որ շատ երկրներ կարող են պատվաստանյութի միանգամից մեծ ծավալներ գնել նախքան արտադրության սկսելը։ Արդյունքում՝ մյուս երկրներն այն կստանան շատ ավելի ուշ։
«Այդ պատճառով էլ կարևոր է հերթում շահեկան տեղ զբաղեցնելը», — պարզաբանում է նախարարը։
Ըստ ամենայնի, պատվաստանյութերը պատրաստ կլինեն 2020 թ–ի ավարտին կամ 2021թ–ի սկզբին․
«Առավել հստակ տեղեկություններ կլինեն աշնան սկզբին, երբ ամփոփվեն նախնական արդյունքները։ Սակայն այն փաստը, որ դա լինելու է և մենք վերադառնալու ենք մեր սովորական կյանքին, արդեն ուրախալի է»։
Կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը Հայաստանում
Ամեն օր վարակվածների թիվը շարունակում է ավելանալ մի քանի հարյուրով։ Հուլիսի 2–ին գրանցվել է վարակման 593 նոր դեպք։ Ընդհանուր առմամբ երկրում 26 658 վարակված կա։
Բուժաշխատողների շրջանում մարտի 1–ից մինչև հունիսի 26–ը կորոնավիրուսով վարակվել է 248 բժիշկ, 510 բուժքույր և 191 սանիտար։ Նրանցից մեկը մահացել է։
Ընդհանուր առմամբ երկրում չի հաջողվել փրկել 459 մարդու կյանք։
Ելնելով այս վիճակագրությունից՝ պարետատունը շարունակում է պահանջել հետևել նոր վարքականոններին՝ կրել դիմակներ, սոցիալական հեռավորություն պահպանել և սահմանափակել շփումները։ Երկրում արտակարգ իրավիճակ է հայտարարվել մարտի 16–ին, այն տևելու է մինչև հուլիսի 13–ը, եթե կրկին չերկարաձգվի։
Հայաստանի վարչապետն ամենաակտիվն է երկրի քաղաքացիներին քարոզում հետևել հակահամաճարակային պահանջներին։ Պատվաստանյութերի մշակման գործընթացի մասին նախարարի զեկույցից անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանը կրկին խոսել է վարակի տարածման դեմ պայքարը խստացնելու անհրաժեշտության մասին․
«Այս ընթացքում, երբ փողոցներում շրջայցեր եմ արել, ես տեսել եմ քաղաքացիներ, ովքեր կրում են ցանցայնությամբ դիմակներ։ Ոմանք էլ պետական պահպանության ծառայության փարոսիկներով մեքենաները տեսնելիս, իմ շարժին զուգընթաց, դիմակը ծնոտի տակից բարձրացնում են, քթին են դնում: Ես չեմ հասկանում սա: Սիրելի հայրենակիցներ, այդ դիմակը չեք կրում ինձ համար կամ կառավարության համար կամ ոստիկանի համար, որ ոստիկան տեսնելիս՝ բարձրացնեք, ոստիկանն անցնի՝ իջեցնեք…
Իհարկե, մեծ մասը բուժվելու է, բայց էլի մեզնից յուրաքանչյուրը, հակահամաճարակային կանոնը չպահելով, ամենայն հավանականությամբ, մահվան է դատապարտում ինչ-որ մի ուրիշ քաղաքացու: Բայց մեզնից յուրաքանչյուրը չի կարող երաշխավորվել, որ այդ քաղաքացին հենց ինքը չի լինի, հենց իր ընտանիքի անդամը չի լինի, իր հարազատը չի լինի: Այնպես որ շարունակում ենք պահպանել, մեր կանոնները պարզ են, դրանց էֆեկտիվությունն ապացուցված է»։