Հայաստանում, չնայած կորոնավիրուսի համավարակին, սկսվել է ամառային զորակոչը
Հայաստանում մեկնարկել է ամառային զորակոչը՝ չնայած կորոնավիրուսի համավարակին։
Ինչպես հաղորդել է պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը, ծառայության մեկնելուց առաջ բոլոր զորակոչիկները պարտադիր կերպով կորոնավիրուսի թեստ են հանձնում։
Զորակոչը կտևի մինչև օգոստոսի 30–ը։
● Հայկական բանակում զինվորների մահվան պատճառների և այդ գործերի հետաքննության մասին
Կանոններ, որոնց համաձայն անցկացվում է զորակոչը
Այն մասին, որ ամառային զորակոչը չի չեղարկելու, հայտնի դարձավ ապրիլի վերջին։ Այն ժամանակ Հայաստանի կառավարությունը հաստատել էր պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայության զորակոչի, ինչպես նաև ծառայությունն ավարտած զինծառայողների դեմոբիլիզացիայի ժամկետները։
Նախապատրաստական փուլում բոլոր զորակոչիկներին ու զինկոմիսարիատների անձնակազմին վարակից պաշտպանվելու անձնական միջոցներ են տրամադրվել՝ դիմակներ, ձեռնոցներ, ախտահանիչներ։
Զորակոչիկներին փոքր խմբերով են զինկոմիսարիատներ կանչել՝ կուտակումներից խուսափելու համար։ Ողջ օրվա ընթացքում կոմիսարիատների տարածքում ախտահանում է իրականացվել։
Կորոնավիրուսի ներթափանցումը հայկական բանակ կանխելու համար որոշվել է նաև, որ զորակոչիկները պարտադիր պետք է թեստավորում անցնեն։ Այն անցկացվում է վիճակահանությունից առաջ, որի միջոցով պարզվում է ապագա զինվորների ծառայության վայրը։ Յուրաքանյուր զորակոչիկ ինքն է հանում «վիճակն»՝ այն զորամասի համարով, որտեղ ծառայելու է։
Համավարակի ընթացքում պաշտպանության նախարարության մշակած կանոնների համաձայն՝ ապագա զինվորների ծնողները կարող են հետևել վիճակահանությանը ոչ թե կենտրոնական հավաքակայանի շենքում, ինչպես նախկինում էր, այլ առցանց ռեժիմով։ Իսկ վիճակահանությունն անցկացվելու է հավաքակայանի շենքից դուրս՝ բացօթյա տարածքում։
Ավելի վաղ հայտարարվել էր, որ սահմանափակվելու է նաև զորակոչիկների և զինված ուժերի անձնակազմի միջև շփումը։
Զորակոչիկները երկու շաբաթ կարանտինի մեջ են լինելու՝ մնացած զինծառայողներից առանձին։
Կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը բանակում
Հայաստանի կառավարությունն արդեն մի քանի ամիս է պայքարում է կորոնավիրուսի համավարակի դեմ։ Ամեն օր վարակվածների թիվն ավելանում է մի քանի հարյուր հոգով։ Հիվանդությունից մեկ օրում մահանում է միջինում տասը մարդ։
Սակայն կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը հայկական բանակում, ըստ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանի, վերահսկողության տակ է։ Հունիսի սկզբին խորհրդարանում նա ասել էր․
«Մենք կորոնավիրուսով վարակվածներ ունենք, նրանք վերահսկողության տակ են։ Հիմնականում վարակը հաստատվում է նրանց մոտ, ովքեր ավելի վաղ մեկուսացվել էին։ Դա նրանք են, ովքեր հնարավորություն ունեն զորամասերը լքելու և վերադառնալու։ Այսինքն՝ խոսքը ոչ ժամկետային զինծառայողների, ոչ էլ կուրսանտների մասին է։ Վարակման դեպքեր են նկատվում պայմանագրային զինծառայողների և սպաների մոտ։ Բանակում դեղորայքի և հիվանդամահճակալների պակաս չկա»։
Արդեն հունիսի 20–ին պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը հաղորդել է, որ «բանակն առողջ է»։