Լուսանկարները և տեսանյութը՝ Սեդա Գրիգորյանի, JAMnews
Բանակում ծառայության տարկետման իրավունքի սահմանափակումների դեմ պայքարող ուսանողները դադարեցրել են անցած շաբաթ սկսված ակցիան: Նրանք տեղեկացրել են, որ փողոցային պայքարն այս պահին ավարտվում է և տեղափոխվում կլոր սեղանի շուրջ:
7 օր շարունակ Հայաստանի տարբեր բուհերի ուսանողները դասադուլ անցկացրին, իսկ երեկ նրանցից 5-ն անգամ փակվեցին Երևանի պետական համալսարանի լսարաններից մեկում ու հացադուլ հայտարարեցին:
Ավելի վաղ JAMnews-ը հրապարակել է ուսանողական պայքարի մասին տեղեկատվություն, ներկայացնելով տարկետման իրավունքի սահմանափակման կողմնակիցների փաստարկներն ու ուսանողների հակափաստարկները:
Ուսանողները պահանջում էին, որպեսզի գործող օրենքը չփոխվի և 18 տարին լրացած ուսանողները, ովքեր սովորում են անվճար համակարգում (այսինքն ունեն բարձ առաջադիմություն), ուսումն ավարտելուց հետո միայն զորակոչվեն բանակ: Այնինչ, կառավարության ներկայացրած օրինագծի համաձայն՝ տարկետման իրավունք է տրվելու միայն նրանց, ովքեր պաշտպանության նախարարության հետ պայմանագիր կստորագրեն և կպարտավորվեն ուսանելուց հետո երեք տարի բանակում ծառայել:
Այսօր ուսանողական ակցիան շարունակվում էր Ազգային ժողովի դիմաց: Նրանք շարունակում էին վանկարկել «Տարկետում լինելու ա» իրենց պահանջը, երբ խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ վերջնականապես ընդունեց փոփոխությունը: Նախագծին դեմ քվեարկեց ընդհամենը 6 պատգամավոր:
Երիտասարդները պահանջեցին, որ պատգամավորներն իջնեն և զրուցեն իրենց հետ, լսեն իրենց առաջարկները: Դրա փախարեն Ազգային ժողովի փոխնախագահը նրանց ներս հրավիրեց: 5 հոգի մտան խորհրդարան՝ հարցը քննարկելու համար:
Մինչ այդ ակցիայի մասնակիցների ու ոստիկանության ներկայացուցիչների միջև բախումներ եղան: Ոստիկանությունից հայտարարեցին, որ ուսանողների նկատմամբ կիրառված ուժը համաչափ էր, որ իրենք այդպիսով փորձել են վերականգնել փողոցային երթևեկությունը:
Տեղի ունեցածի արդյունքում բերման է ենթարկվել ակցիայի մասնակից Ռոբերտ Գրիգորյանը: Ավելի ուշ ոստիկանությունից տեղեկացրել են, որ երիտասարդը բերման է ենթարկվել քննչական կոմիտեի կողմից քննվող քրեական գործի շրջանակներում: Թե ինչ քրեական գործի մասին է խոսքը, ոստիկանությունից չեն մանրամասնել:
Խորհրդարանի փոխխոսնակի հետ հանդիպումից հետո ուսանողները հայտարարեցին, որ ժամանակավորապես դադարեցնում են դասադուլն ու հացադուլը և քննարկելու են հարցը «կլոր սեղանի ձևաչափով»: