«Անվտանգային առումով նույն նավակի մեջ ենք»․ հայ փորձագետները՝ Ադրբեջան կատարած այցի մասին
Հայ և ադրբեջանցի փորձագետների հանդիպում Ադրբեջանում
Հայաստանի քաղհասարակության 19 ներկայացուցիչները վերադարձել են Ադրբեջանի Գաբալա քաղաքից, որտեղ մասնակցում էին «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության չորրորդ հանդիպմանը։ Այսօր նրանք հանդիպել են լրագրողների հետ, ներկայացրել քննարկումների օրակարգն ու ձևաչափի արձանագրած արդյունքները։
«Հայկական խորհուրդ» վերլուծական կենտրոնի նախագահ Արեգ Քոչինյանը, ով համակարգում է հայկական կողմի աշխատանքները, վստահ է՝ մեծ ձեռքբերում է այն, որ տեղի է ունեցել հայ և ադրբեջանցի փորձագետների չորրորդ հանդիպումը և կա հանդիպումները շարունակելու պատրաստակամություն։
«Այս այցելությունները նպաստում են խաղաղության օրակարգի առաջմղմանը, ՀՀ և Ադրբեջանի հասարակությունների միջև խաղաղության հաստատմանը և ինչ-որ չափով աջակցում են երկու երկրների իշխանությունների կողմից առաջ մղվող խաղաղության օրակարգին»,- հայտարարել է Քոչինյանը։
Արձանագրել է՝ արբեջանական կողմին չափազանց հետաքրքիր է եղել նաև այն, թե ինչ է սպասվում ՀՀ առաջիկա խորհրդարանական ընտրություններին։
Ըստ քաղաքագետի՝ թեև «խաղաղության գործընթացի ապագան մեծագույն առումով կախված է հենց այդ փոփոխականից», սակայն ադրբեջանցի գործընկերների հարցադրումները եղել են կոռեկտության սահմաններում։
«Ընդունում են, որ դա ՀՀ ներքին գործն է, որևէ նկրտում չունեն դրան մասնակցելու կամ ազդեցություն ունենալու»,- նշել է նա։
Նախաձեռնության 5 հիմնադիր անդամները լրագրողների հետ զրույցում նկատել են՝ հանդիպումների արդյունքում արդեն իսկ կան դրական տեղաշարժեր։ Մասնավորապես՝ մատնանշել են վերջին մեկ տարվա ընթացքում Ադրբեջանի պաշտոնյաների հռետորաբանության փոփոխությունը։
Ասուլիսի կարևոր դրվագները, JAMnews-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն, խմբագիր Նաիրա Մարտիկյանի տպավորությունները Ադրբեջան կատարած այցից
- «Մեզ է անհրաժեշտ, ոչ թե ուրիշներին»․ Փաշինյանը՝ ՀՀ Սահմանադրության փոփոխության մասին
- «Առաջին առևտրատնտեսական գործարքն անկախությունից ի վեր»․ ադրբեջանական բենզինը հասավ ՀՀ
- Կախվածությո՞ւն, թե՞ դիվերսիֆիկացիա․ ՀՀ-ի և Ադրբեջանի էներգետիկ համակարգերի հնարավոր միացումը
Ապրիլի 10-12-ը Հայաստանի քաղհասարակության 19 ներկայացուցիչներ Ադրբեջանի Գաբալա քաղաքում էին։ Ադրբեջանցի 20 փորձագետների հետ մասնակցում էին «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակներում կազմակերպված կլոր սեղան-քննարկմանը։
Սա երկու երկրների քաղհասարակության ներկայացուցիչների թվով չորրորդ հանդիպումն էր։ Հայ փորձագետներն Ադրբեջան էին մեկնել երկրորդ անգամ։ Առաջին այցելությանը մասնակցել են նախաձեռնության 5 հիմնադիր անդամները, երկորդ հանդիպմանը մեկնել են արդեն ընդլայնված կազմով։ Ի տարբերություն 2025 թ․-ի նոյեմբերին կազմակերպված այցի՝ այս անգամ նրանք հարևան երկիր էին հասել ոչ թե օդային, այլ ցամաքային ճանապարհով, մասնավորապես՝ Տավուշ-Ղազախ սահմանազատված և սահմանագծված հատվածով և անցնելով սահմանային ու անձնագրային վերահսկողության բոլոր ընթացակարգերը։
«Հայկական խորհրդի» փոխանցմամբ՝ հանդիպումն անցել է «կառուցողական երկխոսության և անկեղծ քննարկումների մթնոլորտում»։ Նշվում է, որ մասնակիցներն անդրադարձել են Հարավային Կովկասում և դրա շուրջ տեղի ունեցող աշխարհաքաղաքական զարգացումներին և խաղաղության գործընթացի վրա դրանց ազդեցությանը։
Նախաձեռնության անդամները հանդիպել են Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերի բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևի հետ։ Քննարկման առանցքում են եղել տարածաշրջանային անվտանգությանը, խաղաղության գործընթացի ընթացքին և հարաբերությունների կարգավորման գործում քաղհասարակության ներդրմանը վերաբերող հարցեր։
«Կան թեմաներ, որոնք դեռ ի վիճակի չենք քննարկել»
«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության անդամների փոխանցմամբ՝ Գաբալայում քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին առնչվող ամենատարբեր հարցեր՝ խաղաղության պայմանագրից ու TRIPP-ից մինչև առանձին ոլորտներում հնարավոր համագործակցություն։
Վստահեցրել են՝ չկան տաբու թեմաներ, պարզապես կան թեմաներ, որոնք այս պահին երկու կողմներն էլ ի վիճակի չեն ավելի խորությամբ քննարկել․
«Երկու կողմերն էլ դեռ անցյալը քննարկելու ունակ չեն, պատրաստված չեն, չեն ամոքել իրենց ցավերը, չեն վերականգնվել։ Այս նախաձեռնությունն այն մասին է, որ կգա մի օր, որ մենք կկարողանանք նաև այդ շատ ցավոտ հարցերը միասին քննարկել»,- ընդգծել է «Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ»-ի տնօրեն Նաիրա Սուլթանյանը։
Արեգ Քոչինյանի փոխանցմամբ՝ քննարկման առարկա է, մասնավորապես՝ ածխաջրածնային էներգետիկայի և էլելկտրաէներգիայի հետ կապված գործակցությունը։
Բացի այդ, ներգրավված փորձագետները քննարկում են գաղափարներ և նախաձեռնություններ, որոնք կամրապնդեն խաղաղության գործընթացը։ Դրանցից մեկն, օրինակ՝ Երևանի և Բաքվի մամուլի ակումբների համատեղ հաղորդաշարն է, որն արդեն կյանքի է կոչվել։
Երևանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ Բորիս Նավասարդյանի խոսքով՝ նախաձեռնության հանդեպ մեծ հետաքրքրություն են դրսևորել թե՛ ադրբեջանցի գործընկերները, թե՛ տեղական ԶԼՄ-ները։ Տիրող մթնոլորտն ու շփումների ինտենսիվությունը, ըստ Նավասարդյանի, լավատեսության համար հիմքեր են տալիս։
«Երբ հայ-ադրբեջանական պաշտոնական ֆորմատը ավելի ակտիվ կշարունակվի, արդյունքում կլինեն նաև շատ կոնկրետ նախաձեռնություններ, որտեղ ներգրավված կլինեն 20+20 ձևաչափում ներգրավված կոնկրետ կազմակերպություններ ու անձինք, շատ կոնկրետ թեմատիկ ուղղություններով կտեսնենք առաջընթաց»,- ընդգծել է նա։
Նախաձեռնության անդամները չեն բացառում, որ կարող են ստեղծվել նոր ձևաչափեր, օրինակ՝ աշխատանք առանձին կլաստերներով՝ տնտեսագետների, գործարարների, բնապահպանների և այլ ոլորտների մասնագետների միջև։
«Չպետք է քաղաքականացվեն»․ հումանիտար հարցերի մասին
Նախաձեռնության անդամներից Նաիրա Սուլթանյանի խոսքով՝ քննարկումների օրակարգը ձևավորում են ադրբեջանցի գործընկերների հետ և առանց երկու երկրների կառավարությունների միջամտության։
«Քննարկում ենք հիմնականում 3 բան՝ մեզ մտահոգող հարցերը, խաղաղության գործընթացի ճանապարհին առկա խոչընդոտները, ինչպես նաև հնարավորությունները, որ չենք ուզում բաց թողնել»,- պատմել է նա։
Ընդգծել է՝ բարձրացրել են գերիների և պահվող անձանց, ինչպես նաև անհետ կորածների վերաբերյալ հարցեր, ունեցել «անկաշկանդ զրույց»․
«Հերթական անգամ շեշտել ենք, որ այս հարցը [գերիների] չի տեղավորվում խաղաղության գործընթացի տրամաբանության մեջ, որ գործընթացը շատ ավելի առաջ է անցել, և այս հարցերը պիտի լուծվեն, որպեսզի ավելի երաշխավորված լինի [խաղաղության] գործընթացի առաջընթացը»։
Նկատել է՝ նախաձեռնության անդամները փորձում են հասկանալ՝ ինչպես կարող են նպաստել կողմերի միջև վստահության ամրապնդմանը, որը կստեղծի միջավայր, որտեղ հումանիտար հարցերը կլինեն «ավելի քիչ տոքսիկ, չեն քաղաքականացվի և չեն կիրառվի որպես ճնշման գործիք»։
«Հայաստանն ու Ադրբեջանն ունեն ընդհանուր մարտահրավերներ»
Ի թիվս այլ հարցերի՝ Հայաստանի և Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչները քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը։ Նախաձեռնության անդամներից քաղաքագետ Նարեկ Մինասյանի փոխանցմամբ՝ կողմերը միակարծիք են, որ մի կողմից ուկրաինական պատերազմը, մյուս կողմից Իրանի շուրջ զարգացումները լուրջ մարտահրավերներ են ստեղծում Հարավային Կովկասի համար, որը «փաստացի այս պահին դարձել է կայունության և խաղաղության կղզյակ»։
Ասում է՝ արձանագրել են, որ Երևանի և Բաքվի շահերից է բխում, որ հակամարտությունները չընդլայնվեն և իրավիճակը հնարավորինս շուտ կարգավորվի․
«Ադրբեջանական կողմը բավական հստակ ուղերձ հղեց, որ իրենց ընկալմամբ՝ Հայաստանն ու Ադրբեջանն անվտանգային առումով մեկ նավակի մեջ են գտնվում և տարածաշրջանային մարտահրավերներն ընդհանուր են։ Հետևաբար, պետք է գնահատել ներկայիս իրավիճակն ու փորձել այն ամրապնդել»։
Մինասյանի փոխանցմամբ՝ քննարկումների ընթացքում հնչել են նաև կարծիքներ, որ երկու երկրների հարաբերությունների ներկայիս մակարդակն ու կարգավորման գործընթացում առկա ձեռքբերումները որոշակի «անվտանգային իմունիտետ» են ստեղծել, որի բացակայության դեպքում մեծ կլիներ ռիսկը, որ երրորդ երկրները կարող են միջամտել, իսկ տարածաշրջանային պատերազմը՝ ընդլայնել իր աշխարհագրությունը։
«TRIPP-ի իրագործման հետ կապված մտավախություններ կան»
Փորձագետներն անդրադարձել են նաև այն հարցին, թե տարածաշրջանային զարգացումներն ինչպես կարող են ազդել TRIPP («Թրամփի ուղու») նախագծի կյանքի կոչման վրա։
«Փորձում ենք հասկանալ՝ ինչ լուծումներ են հնարավոր, եթե զարգացումները երկար լինեն՝ պատերազմը շարունակվի կամ ապագայում TRIPP-ը դիտարկվի որպես այնպիսի ենթակառուցվածք, որը կարող է խոցվել հակամարտության շրջանում»,- ընդգծել է քաղաքագետ Սամվել Մելիքսեթյանը։
Նրա խոսքով՝ մտավախություններ ունի ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական կողմը։ Շեշտում է՝ Բաքվի համար Նախիջևանի հետ կապը մնում է առանցքային թեմա և հավելում՝ նաև հայկական կողմի աշխատանքից է կախված ապաշրջափակման գործընթացի զարգացումը․
«Մենք սովորել ենք փակ սահմանների, տարանցիկ երկիր չենք դարձել։ Իսկ երբ տարանցիկ երկիր չես, չես մտածում ճանապարհների որակի մասին, որ ունենաս մրցունակություն այս դաշտում»։
Ըստ Մելիքսեթյանի՝ ՀՀ-ն պետք է ունենա լավ հաղորդակցություններ, տեխնիկական լուծումներ, որպեսզի դառնա մրցունակ։ Օրինակ է բերում Գաբալա կատարած այցն ու նկատում՝ Գյանջա-Գաբալա գնացքը, որով տեղ են հասել հայ փորձագետները, առաջ էր ընթանում 100 կմ/ժ արագությամբ։
«Խոսք չի գնում անցյալը մոռանալու կամ ուրանալու մասին»
«Հայկական խորհրդի» նախագահ, քաղաքագետ Արեգ Քոչինյանի փոխանցմամբ՝ հայ և ադրբեջանցի փորձագետների հետ հանդիպումների ժամանակ ՀՀ ու Ադրբեջանի պետական պաշտոնյաները վստահեցնում են՝ երկու երկրների միջև արդեն իսկ հաստատվել է խաղաղություն, որն այժմ ընդլայնման ու խորացման փուլում է։
Քաղաքագետը հերքել է տեղի ունեցած ողբերգությունները մոռացության տալու մասին մեղադրանքները․
«Նախաձեռնությունն անցյալը մոռանալու, ուրանալու, փոխելու, սրբագրելու, խմբագրելու մասին չէ։ Այն առկա նարատիվների, պատմության, իրականության կողքին նոր նարատիվներ, նոր հնարավորություններ ձևավորելու մասին է»։
Կարծում է՝ որևէ մեկը չի կարող տալ նախաձեռնության կամ առհասարակ խաղաղության գործընթացի հաջողելու երաշխիքներ, սակայն «խաղաղություն երբեք չի լինի», եթե այդ ուղղությամբ աշխատանքներ չտարվեն։
«Իմ ընկալմամբ՝ խաղաղության համաձայնագրի ստորագրումն անգամ խաղաղության վերջնակետը չէ, մեկնակետն է։ Այդ պահից սկսվելու է իրական խաղաղաշինական գործընթացը հասարակությունների միջև և իրական խաղաղության ձևավորումը»,- հայտարարել է Արեգ Քոչինյանը։
«Հայացք ներսից»
Գաբալայում հանդիպմանը մասնակցել է նաև JAMnews-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Նաիրա Մարտիկյանը, ով խմբագրակազմի հետ կիսել է իր տպավորությունները․
«Տպավորություններս դրական են և հուսադրող։ Ես վերադարձա ավելի մեծ վստահությամբ, որ խաղաղությունը հաստատված է։
Նիստերի և գործընկերների հետ ոչ պաշտոնական քննարկումների ընթացքում համոզվեցի, որ Ադրբեջանում կա խաղաղության իրական տրամադրվածություն։ Կարևոր է, որ Ադրբեջանի նախագահի օգնական և արտաքին քաղաքականության հարցերի բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը նույնպես մեզ վստահեցրեց, որ դա այդպես է։
«Խաղաղությունը հաստատված է։ Ադրբեջանը լիովին հանձնառու է խաղաղության օրակարգին»,- ասաց նա։
Ավելին, խնդրեց մեր հասարակությունների փոխանցել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը լուծված է։
Ստեղծվել է աննախադեպ իրավիճակ. մեր կողքին՝ Իրանում, պատերազմ է ընթանում, մինչդեռ երկու հարևան երկրներ, որոնք հակամարտության երկար պատմություն ունեն, քննարկում են, թե ինչպես հաստատել համագործակցություն, ընդ որում՝ ամենատարբեր ոլորտներում։
Ադրբեջանցի գործընկերների հետ հանդիպումների տպավորությամբ կարող եմ ասել, որ այս ուղիղ և բաց երկխոսությունը օգտակար է երկու կողմերի համար։
Հայաստանի և Ադրբեջանի փորձագետները հանդես են գալիս հետաքրքիր, նույնիսկ անսպասելի առաջարկներով, որոնք կարող են իրապես փոխել կյանքը երկու երկրներում և ողջ տարածաշրջանում։ Մի խոսքով՝ սկսվել է շատ դրական գործընթաց։ Այժմ կարևոր է, որ այն շարունակվի և հասնի նախագծերի իրականացման փուլին»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Հայ և ադրբեջանցի փորձագետների հանդիպում Ադրբեջանում