Հայաստանի հավաքականն, այնուամենայնիվ, որոշեց չմասնակցել Բաքվում անցկացվող աշխարհի առաջնությանը: Կողմերն այդպես էլ չկարողացան պայմանավորվածության գալ հայ մարզիկների անվտանգության շուրջ:
Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի շուրջ երկարամյա հակամարտությունն անհնարին է դարձրել երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունները: Երկու երկրների հասարակությունները մեծ մասամբ թշնամաբար են տրամադրված միմյանց հանդեպ:
Յուրաքանչյուր անգամ, երբ հայերն Ադրբեջան են գալիս, կլինեն մարզիկներ, թե մշակույթի գործիչներ, շատերը նանց սվիններով են դիմավորում: Ձյուդոյիստների պարագայում հարցը նույնիսկ ոչ թե Ադրբեջանի և Հայաստանի միջև էր լուծվում, այլ Ադրբեջանի և Ձուդոյի եվրոպական ֆեդերացիայի միջև: Մասնավորապես, խոսքը գնում էր հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Նազարյանի և ամենաուժեղ ձյուդոյիստ Ֆերդինանդ Կարապետյանի անվտանգության ապահովման մասին:
«Դա հայկական կողմի հերթական սուտն է: Ադրբեջանը միշտ պետական մակարդակով անվտանգության երաշխիքներ է տալիս: Այդպես էր նաև առաջին Եվրոպական խաղերի և միջազգային այլ միջոցառումների ժամանակ: Ավելին, մենք տրամադրել ենք սպորտի նախարարության պաշտոնական նամակը, որում նույնպես հաստատվում է, որ Ադրբեջանը պետական մակարդակով երաշխավորում է բոլոր մասնակիցների անվտանգությունը», — 1news.az գործակալությանը հայտնել են Ադրբեջանի ձյուդոյի ֆեդերացիայից:
Տեղեկատվություն Երևանից
Ձյուդոյի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Նազարյանը JAMnews-ի հետ զրուցում ասաց, որ Ադրբեջանն այդպես էլ անձնական անվտանգության երաշխիքներ չտրամադրեց:
«Նրանք պնդում էին, որ մեզ համար բավարար կլինեն անվտանգության այն երաշխիքները, որոնցով ապահովվում են բոլոր մարզիկները: Եվ անհրաժեշտություն չկա առանձին, անհատական միջոցներ ձեռնարկելու: Ինչն էլ հենց կասկածի տեղիք է տալիս: Այդպիսով, ադրբեջանական կողմն, անվտանգության երաշխիքներ չտրամադրելով, օգտվեց առաջնությանը Ֆերդինանդ Կարապետյանին մասնակցությունից զրկելու հնարավորությունից, որն իրապես կարող էր մեդալի հավակնել: 2018թ-ին նա Եվրոպայի չեմպիոն դարձավ՝ եզրափակչում հաղթելով հենց ադրբեջանցու»:
Հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Նազարյանն ու Ֆերդինանդ Կարապետյանը, մինչ Ադրբեջանի և Ձյուդոյի եվրոպական ֆեդերացիայի միջև բանակցություններ էին ընթանում, Վրաստանում էին գտնվում: Նրանք անվտանգության երաշխիքներին էին սպասում Բաքու մեկնելու համար: Սակայն այժմ նրանք արդեն Երևան են վերադառնում:
Մինչ այս հայ մարզիկները մասնակցել են Ադրբեջանում անցկացված մի քանի մարզական միջոցառումների: Հաճախ դա զուգակցվել է միջադեպերով: Օրինակ, հայ բռնցքամարտիկի ելույթի ժամանակ դահլիճում սուլոցներ էին հնչում: Իսկ 2011թ-ի բռնցքամարտի աշխարհի առաջնությանը դահլիճից քարեր էին նետում “Ղարաբաղի ազատագրման կազմակերպության” ակտիվիստները, բայց լուրջ վնասվածքներ ոչ ոք չի ստացել:
Առաջնությունը կտևի մինչև սեպտեմբերի 27-ը: Դրան մասնակցում են ռեկորդային թվով մարզիկներ՝ 831 ձյուդոյիստ 133 երկրից: