ՀԱ-ՀԱ. քաղաքացիական բողոքի նոր ձև՝ Ֆեյսբուքի վրացական հատվածում
Թբիլիսիում՝ վարչապետի գրասենյակի մոտ անսովոր ակցիա է անցկացվել:
Մարդիկ ռետինե ճտքավոր կոշիկներ (բոտեր) էին բերել և այդ կերպ իրենց վերաբերմունքն արտահայտել այն կապակցությամբ, որ վարչապետի գրառումը Ֆեյսբուքի նրա պաշտոնական էջում հարյուրավոր «լայքեր» է ստացել Վրաստանի հետ ոչ մի կապ չունեցող երկրներից: Վարչապետին մեղադրեցին, որ նրա վարչակազմը պարզապես գնել է այդ «լայքերը»:
Վարչապետի հայտարարությունը, հա-հա-ն և Անուշ Կումարը
Ամեն ինչ սկսվեց հունիսի 5-ին, երբ Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում ուղերձ հղեց հասարակական կազմակերպություններին՝ արդարադատության նախարարի հրաժարականի վերաբերյալ նրանց պահանջն անընդունելի անվանելով:
Արդարադատության նախարար Թեա Ցուլուկիանիի հրաժարականի կողմնակիցներն այդ գրառումը մեկնաբանեցին՝ «հա-հա» խորհրդանիշն օգտագործելով, ինչը ֆլեշմոբի բնույթ սկսեց կրել. շատ արագ ավելի քան 7 հազար ֆեյսբուքյան օգտատեր «քմծիծաղ տվեց»:
Միաժամանակ աճում էր այն անձանց թիվը, որոնք «լայքում» էին վարչապետի գրառումը: Սակայն Ֆեյսբուքի օգտատերերը շուտով բացահայտեցին, որ վարչապետի գրառումը հավանածների թվում շատ են այսպես կոչված «բոտերը»: Վարչապետի գրառումը զանգվածաբար հավանում էին ֆեյսբուքյան օգտատերեր Պակիստանից, Հնդկաստանից, Չինաստանից և արաբական երկրներից:
Վրաստանի վարչապետի քաղաքական ուղղվածության վերաբերյալ հնդիկների «հիացմունքը» Ֆեյսբուքի վրացական սեգմենտին զվարճացրեց: Թեև նաև հարց առաջացավ. վարչապետի աշխատակազմը «լայքեր» է գնում՝ մսխելով բյուջետային միջոցնե՞րը:
Սկանդալին նախագահի վարչակազմն արձագանքեց երկրորդ օրը: Նրա հայտարարության համաձայն՝ «լայքեր» ոչ ոք չի գնել, իսկ վարչապետի էջը Ֆեյսբուքում կիբերհարձակման է ենթարկվել:
«Հա-հա» ուղարկիր աբխազ նախարարին
Սա Ֆեյսբուքի վրացի օգտատերերի կողմից «հա-հա» խորհրդանիշը որպես բողոքի միջոց օգտագործելու երկրորդ դեպքն է: Առաջին անգամ նրանց «հա-հա»-ն իր կաշվի վրա զգաց Աբխազիայի դե ֆակտո արտգործնախարար Դաուր Կովեն:
Մի քան օր առաջ, երբ Սիրիան հայտարարեց Աբխազիայի և Հարավային Օսիայի ինքնիշխանությունը ճանաչելու մասին, Կովեն ֆեյսբուքյան իր էջում շնորհավորեց աբխազ ժողովրդին այդ նշանակալից իրադարձության կապակցությամբ:
Ֆեյսբուքի վրացի օգտատերերը կոչ արեցին միմյանց Դաուր Կովեի գրառմանը «հա-հա» նշանը դնել: Շուտով Դաուր Կովեի ուղերձի տակ հազարավոր «հա-հա»-ներ հայտնվեցին: Դե ֆակտո նախարարը ստիպված եղավ իր հանրային գրառմանը «մասնավորի» կարգավիճակ տալ: