Կորոնավիրուսի չորրորդ դեպքը Վրաստանում․ վարակվածն Իտալիայից է վերադարձել
Կիսվել
Կիսվել
Կորոնավիրուսի չորրորդ դեպքն է գրանցվել Վրաստանում։ Հիվանդությունների վերահսկման կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեի խոսքով՝ վարակվածը Վրաստանի քաղաքացի է, որն Իտալիայից է վերադարձել կիրակի օրը։
Կորոնավիրուսով վարակման չորրորդ դեպքը երեկ երեկոյան հաստատել է Լուգարայի լաբորատորիան։
«Նա ախտանշաններ չի ունեցել, սակայն հետո ջերմությունը բարձրացել է, և նա դիմել է ինֆեկցիոն հիվանդանոց», — ասել է Գամկրելիձեն։
Գամկրելիձեի խոսքով՝ նախորդ երեք դեպքերի համեմատ, որոնք թեթև են, նոր՝ չորրորդ դեպքը, «կլինիկապես ավելի լուրջ է»։ Երեկ մասնագետները սկսել են ուսումնասիրել նոր վարակվածի համաճարակային պատմությունը՝ հասկանալու համար, թե ում հետ է նա շփվել Վրաստան վերադառնալուց հետո։
Ինչպես մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Գամկրելիձեն, բացահայտվել է 20 կոնտոկտ․ հիմնականում դրանք այն մարդիկ են, որոնք հիվանդի հետ են եղել ինքնաթիռում։ Վրաստան ժամանելուց հետո տղամարդն ինքնամեկուսացման մասին ինքնուրույն որոշում է կայացրել։
«Վերադառնալուց անմիջապես հետո նա տանն է մնացել մեկուսացման մեջ։ Մենք շնորհակալ ենք նրան նման գիտակից պահվածքի համար», — ասել է Հիվանդությունների վերահսկման կենտրոնի փոխտնօրեն Պաատա Իմնաձեն։
Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել էր փետրվարի 26–ին։ Այնուհետև հայտնաբերվել էր ևս երկու հիվանդ։ Բոլոր երեքն էլ վարակվել են ճամփորդության ժամանակ․ երկուսը վերադարձել էին Իրանից, մեկն՝ Իտալիայից։
Բոլոր երեք հիվանդների վիճակը բավարար է։ Այնուամենայնիվ, նրանք շարունակում են վարակակիր լինել, նրանցից երկուսին երեկ կրկին ստուգել են Լուգարայի լաբորատորիայում, նրանց անալիզները մինչև հիմա դրական են։ Մարտի 5–ի ժամը 11:00–ի դրությամբ՝ Վրաստանում կարանտինի մեջ է 162 մարդ, 31–ը բուժում է ստանում հիվանդանոցներում, շուրջ 300 մարդ ինքնամեկուսացման մեջ է։