Կրկին չի կարելի տնից դուրս գալ երեկոյան 10-ից հետո․ կարանտինը Վրաստանի խոշոր քաղաքներում
Վրաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի կտրուկ աճի պատճառով նոյեմբերի 9-ից տեղաշարժի սահմանափակում է մտցվում ժամը 22.00-ից մինչև առավոտյան հինգը։
Այդ ժամանակահատվածում արգելված է լինելու տեղաշարժը թե ոտքով, թե մեքենայով Թբիլիսիում և Վրաստանի ևս վեց քաղաքներում՝ Քութայիսիում, Բաթումում, Ռուսթավիում, Զուգդիդիում, Գորիում և Փոթիում։
Այս պահանջը խախտելու համար տուգանքը կազմելու է երկու հազար լարի [մոտ $615]։
Նոյեմբերի 7-ին Վրաստանում հերթական հակառեկորդն է սահմանվել՝ կորոնավիրուսով վարակման 2,859 նոր դեպք։ Համավարակի մեկնարկից ի վեր վարակվել է 54 852 մարդ, նրանցից 441-ը մահացել է, 39 773-ն ապաքինվել։
Սահմանափակումը չի վերաբերելու միջազգային ավտոմոբիլային փոխադրումներին և նրանց, ովքեր աշխատանքի բերումով հատուկ թույլտվություն կունենան՝ ռազմավարական օբյեկտների աշխատակիցները, բուժաշխատողներն ու դեղագործական օբյեկտների, մեդիայի և առաքման ծառայության աշխատակիցները։
Այս մասին հաղորդել է Վրաստանի փոխվարչապետ Մայա Ցկիտիշվիլին՝ ընդգծելով, որ տեղաշարժի այս սահմանափակումը «պարետային ժամ չէ»։
• Վրաստանի վարչապետ․ ցույցերը կարագացնեն կորոնավիրուսի տարածումը երկրում
• Վրաստանում փողոցում դիմակ կրելը պարտադիր է դառնում։ Համընդհանուր կարանտին չի լինելու
Այդ քաղաքներում ժամանակավորապես փակվում են նաև բոլոր մանկապարտեզները։
Նաև հատուկ միջոցներ կձեռնարկվեն՝ քաղաքային տրանսպորտում ուղևորների թիվը նվազեցնելու համար։
Վարակի միայն ծանր ընթացքով հիվանդերը կհոսպիտալացվեն
Մայա Ցկիտիշվիլին հաղորդել է նաև, որ որոշվել է հոսպիտալացնել միայն ծանր վիճակում գտնվող հիվանդներին, կորոնավիրուսով վարակման թեթև դեպքերի ժամանակ մարդիկ կմնան տանը։ Այսպիսով, իշխանությունը հույս ունի նվազեցնել հիվանդանոցների ծանրաբեռնվածությունը, որոնք արդեն լիքն են։