Հայաստանում մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 218 նոր դեպք։ Չի հաջողվել փրկել ևս երեք հիվանդի կյանք։
«Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 59 (տղամարդ), 74 (կին), 56 (տղամարդ) տարեկան և ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ», – հաղորդում է առողջապահության նախարարությունը:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից գրանցվել է մահվան 64 դեպք։
Մայիսի 19-իդրությամբ կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 5 041-ի։ Բուժվածների թիվն ավելացել է 145-ով, նրանց ընդհանուր թիվը կազմում է 2 164: Շարունակում են բուժում ստանալ 2 788 մարդ:
Դեռևս մայիսի 4–ից Հայաստանում սկսել են աշխատել արտակարգ դրության ժամանակահատվածում կասեցված գրեթե բոլոր ձեռնարկությունները։ Մայիսի 18-ից սկսել է աշխատել տրանսպորտը, որպեսզի մարդիկ կարողանան առանց խնդիրների աշխատանքի հասնել։
Վարակման ռիսկի նվազեցման համար քաղաքապետարանը խիստ կանոններ է սահմանել․ բոլոր տրանսպորտային միջոցները պետք է խնամքով ախտահանվեն, իսկ բոլոր ուղևորները՝ լինեն դիմակներով։
Աշխատանքի վերադարձածներին օգնելու համար մայիսի 20–ից կսկսեն աշխատել նաև մանկապարտեզները։
Այժմ Հայաստանի կառավարությունը գնում է սահմանափակումները նվազագույնի հասցնելու և նոր վարքականոններ սահմանելու ճանապարհով։ Մասնավորապես, խոսքը գնում է մայիսի 18–ից բոլոր փակ տարածքներում դիմակներ կրելու մասին։
Դեղամիջոց կորոնավիրուսի բուժման համար
Եվրամիության դեղորայքի վերահսկողության գործակալության ղեկավար Գիդո Ռասին ասել է, որ ամերիկյան «Գիլիըդս» ընկերությունը ստացել է «Ռեմդեսիվիր» դեղը որպես COVID-19 բուժող միջոց կիրառելու նախնական արտոնագիր:
«Ամերիկայի ձայն»-ը հաղորդում է, որ Եվրոպական դեղամիջոցների գործակալությունը (EMA) արդեն իսկ խորհուրդ է տալիս օգտագործել «Ռեմդեսիվիր»-ը կորոնավիրուսի բուժման համար նախքան դրա արդյունավետության և կողմնային ազդեցությունների վերաբերյալ անհրաժեշտ բոլոր տվյալների հրապարակումը:
«Ռեմդեսիվիր»-ի միջոցի նկատմամբ մեծ հետաքրքրություն էր առաջացել աշխարհում, քանի որ դեռևս չկան COVID-19- ի բուժման համար այլ հաստատված միջոցներ: