Հայաստանում «շտապ օգնության» 12 աշխատակից վարակվել է կորոնավիրուսով
Հայաստանում «Շտապ բժշկական օգնության» 12 աշխատակից է վարակվել կորոնավիրուսով։ Մայիսի 7–ին այս մասին հաղորդել է Երևանի ծառայության տնօրեն Թագուհի Ստեփանյանը։
Ավելի վաղ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ասել էր, որ երկրում ընդհանուր 320 վարակված բուժաշխատող կա, ինչը կազմում է հիվանդների ընդհանուր քանակի մոտ 13%–ը։
Հայաստանում կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի համար մարտի 16–ից մինչև մայիսի 14–ն արտակարգ դրություն է գործում։ Սակայն դեռևս նախքան այդ ժամկետի ավարտը մայիսի 4–ից երկրում աշխատանքն է վերսկսել ծառայությունների, առևտրի ոլորտն, արդյունաբերական ձեռնարկությունների մեծ մասն, ինչպես նաև փողոցային սրճարաններն ու ռեստորանները։
Մայիսի 7–ի դրությամբ Հայաստանում գրանցվել է վարակման 2884 դեպք, ապաքինվել է 1185 մարդ, չի հաջողվել փրկել 42 հոգու կյանք։
- Առանց ընտրության իրավունքի․ պատմություն, որը սկսվեց մեկ նամակից
- Երբ կորոնավիրուսը «թակում է դուռը»․ Պատմում են նրանք, ովքեր վարակվել և ապաքինվել են
Մանրամասներ՝ վարակված բուժաշխատողների մասին
Ծառայության տնօրենը հաղորդել է, որ վարակված աշխատակիցները ոչ մի կլինիկական ախտանիշ չունեն և մեկուսացված են։
«Շտապ բժշկական օգնության» որոշ աշխատակիցներ հրաժարվել են աշխատել կորոնավիրուսով վարակվածների հետ։ Հիմնականում դա 55-ից բարձր տարիքի աշխատակիցներ են, նրանք պարզապես արձակուրդ են ձևակերպել։
Ըստ Թագուհի Ստեփանյանի, կանչերի քանակն արտակարգ դրության ժամանակահատվածում սովորականից ավելի չի եղել։ Մարտին և ապրիլին ծառայությունն օրական 650 զանգ է ստացել, հունվարին և փետրվարին՝ մինչև 950։ Համեմատության համար՝ անցյալ տարվա նույն ժամանակահատվածում օրական 850 կանչ է եղել։ Այդ ոչ մեծ տարբերությունը ծառայության տնօրենը կապում է սեզոնային շնչառական հիվանդությունների հետ, որոնք կորոնավիրուսի հետ կապ չունեն։
Նա հաղորդել է նաև, որ մարտից մինչև մայիսի 6–ը շտապ օգնության ծառայությունը կորոնավիրուսի կասկածով հիվանդանոց է տեղափոխել 2333 մարդու։ Այս պացիենտների մոտ նկատվել են սուր շնչառական հիվանդություններին և թոքաբորբին բնորոշ խնդիրներ։
Ըստ Թագուհի Ստեփանյանի՝ ապրիլին անհետաձգելի բուժօգնության ծառայության բժիշկները, բուժքույրերն ու վարորդները պարգևավճարներ են ստացել։ Երևանի քաղաքապետի որոշմամբ՝ բժիշկները ստացել են 95 000 դրամ, իսկ բուժքույրերն ու վարորդները՝ 70 000 դրամ։