Վրաստանը խստացնում է կարգավորումները կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով
Կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով Վրաստանը խստացնում է որոշակի կարգավորումներ։
Մասնավորապես, կառավարության որոշման համաձայն․
- խստացվում է բաց և փակ տարածքներում անցկացվող միջոցառումների վերահսկողությունը;
- Բաթումում և Քոբուլեթիում դասերը կվերսկսվեն սեպտեմբերի 15–ին հեռավար ռեժիմով;
- Վրաստան այցելել ցանկացող արտասահմանցիները պետք է ներկայացնեն PCR–թեստի արդյունքները, որն արվել է վերջին 72 ժամվա ընթացքում;
- կարանտինի տևողությունը 12–ից կրճատվել է մինչև 8 օր։
Բաթումում և Քոբուլեթիում դասերը կվերսկսվեն սեպտեմբերի 15–ին հեռավար ռեժիմով
Ըստ Համակարգող խորհրդի որոշման՝ Բաթումում և Քոբուլեթիում, որտեղ վերջին մի քանի օրերի ընթացքում աճում է կորոնավիրուսով վարակվածների թիվը, դպրոցների աշակերտներն ու բուհերի ուսանողները սեպտեմբերի 15–ից մինչև հոկտեմբերի 1–ը հեռավար են սովորելու։
Բաթումի և Քոբուլեթիի լսարաններում ուսումնական պրոցեսը կվերսկսվի հոկտեմբերի 1–ից։
Վրաստանի մնացած բոլոր շրջաններում և քաղաքներում դասերը բուհերում կվերսկսվեն սեպտեմբերի 15–ից, ինչպես և պլանավորվում էր։
Խստացվում է փակ տարածքներում անցկացվող միջոցառումների վերահսկողությունը
Ինչպես հայտարարել է վարչապետ Գիորգի Գախարիան, անվտանգության միջոցառումների խստացումն անհրաժեշտ է դարձել այն բանից հետո, երբ սոցիալական միջոցառումների ժամանակ (հարսանիքներ, թաղումներ, հոբելյաններ) վարակի տարածման մի քանի դեպք է հայտնաբերվել։
«Սոցիալական և ծիսական միջոցառումների ավելի մեծ վերահսկողություն է անհրաժեշտ, հատկապես՝ փակ տարածքներում։ Դրա վառ օրինակն էր Աջարիան, որտեղ վերջին ամիսներին շատ մեծ հարսանիքներ են արվել։ Դեպքեր են եղել, երբ սոցիալական միջոցառումները վարակի տարածման աղբյուր են դարձել։ Այդ պատճառով էլ փակ տարածքներում միջոցառումների անցկացման վերահսկողությունը ծայրահեղ խստացվելու է», — ասել է Գախարիան։
Լրացուցիչ կարգավորումներ պետք է իրականացնեն նաև բաց տարածքներում միջոցառումների կազմակերպիչները։
Կխստացվեն վերահսկողության մեխանիզմները, և աշխատանքի տեսչության հետ միասին գործընթացին կմիանա ՆԳՆ–ն։ Նրանք համատեղ կստուգեն յուրաքանչյուր օբյեկտ։
Փակ տարածքներում թույլատրվում է միայն 10 հոգու ներկայություն, հյուրերի ավելի մեծ թվի դեպքում միջոցառումը պետք է անցկացվի բացօթյա տարածքում։
Այս կանոնների խախտման համար իրավաբանական անձը կտուգանվի 10 հազար լարիով, ֆիզիկական անձը՝ 2 000 լարիով։ Կրկնակի խախտման դեպքում քրեական պատասխանատվություն կսահմանվի։
Վրաստան գալ ցանկացողները սեպտեմբերի 15–ից պետք է PCR-թեստի արդյունքներ ներկայացնեն
Այս որոշումը վերաբերում է նաև այն հինգ երկրների քաղաքացիներին (Գերմանիա, Ֆրանսիա, Էստոնիա, Լատվիա և Լիտվա), որոնց համար Վրաստանը մինչ այս սահմանները բացել էր առանց որևէ պայմանի, և որոնք մինչ այս Վրաստան այցելելու որևէ սահմանափակում չունեին։
Պարտադիր կարանտինի ժամկետը կրճատվել է 12–ից մինչև 8 օր
Մարդը լքում է կարանտինային տարածքը կամ ինքնամեկուսացումն իններորդ օրն այն դեպքում, եթե PCR-թեստի արդյունքը բացասական է, և այն պայմանով, որ 72 ժամ անց նա ևս մեկ PCR-թեստ կհանձնի։
Անձը, որի երկրորդ PCR-թեստը 12–րդ օրը դրական կլինի, կտեղափոխվի հիվանդանոց։
Առողջապահության նախարար Եկատերինա Թիկարաձեի խոսքով՝ եթե ստացիոնարում բուժման անհրաժեշտություն չլինի, հիվանդը բուժումը կշարունակի բժշկի վերահսկողության տակ կարանտինի մեջ։
Խորհրդարանական ընտրությունների օրը չի փոխվի
Ըստ վարչապետի՝ համաճարակային իրավիճակը սպառնալիք չի ստեղծի քաղաքական գործընթացի համար, և հոկտեմբերի 31–ին պլանավորված խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն նախատեսված օրը։
Սեպտեմբերի 7–ի դրությամբ վերջին 24 ժամում Վրաստանում կորոնավիրուսի 34 նոր դեպք է հաստատվել։
Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1684 դեպք, 1315 մարդ ապաքինվել է, 19–ը՝ մահացել։