Կողոպուտ Երևանի բանկում. անհայտ անձը հափշտակել է 200 հազար դոլլար
Կիսվել
Կիսվել
Տարբեր արժույթներով հափշտակվել է շուրջ 200 հազար դոլարին համարժեք գումար Երևանի կենտրոնում գտնվող «Կոնվերս բանկ»-ի մասնաճյուղից: Աշխատակիցները ենթարկվել են հափշտակողին, որովհետև նա սպառնացել է պայթեցնել ինքն իրեն, եթե չստանա գումարը:
Հայաստանի Քննչական կոմիտեի խորհրդական Սոնա Տռուզյանը լրագրողներին փոխանցել է, որ կողոպուտը տեղի է ունեցել հոկտեմբերի 9-ին առավոտյան ժամը 11-ին: Հափշտակողը մոտեցել է մասնաճյուղի կառավարիչին պահանջել է այդ պահին կառավարչի մոտ՝ պահոցում եղած ողջ գումարը:
«Տղամարդը չի եղել դիմակով, նրան հայտնաբերելու ուղղությամբ կատարվում են անհրաժեշտ գործողություններ: Այլ մանրամասներ, քննության շահերից ելնելով, այս պահին չեմ կարող հրապարակել»,- նշել է Սոնա Տռուզյանը:
Միջադեպից հետո բանկի մասնաճյուղը փակ է եղել, բայց այսօր վերաբացվել է:
«Կոնվերս բանկ»-ը նախկինում ևս ենթարկվել էր ավազակային հարձակման: 7 տարի առաջ մասնաճյուղերից մեկում ծառայություն իրականացնող ոստիկանը զենքի գործադրմամբ կանխել էր գումարի հափշտակումը՝ կրակոցներով վիրավորելով հարձակում գործած անձին, ով, ի դեպ, ևս ոստիկանության աշխատակից էր: