«Ֆեյք», «նկարչություն». Վրաստանի կառավարությունը` Եվրախորհրդարանի բանաձևի մասին
Եվրախորհրդարանի բանաձևի մասին
«Այս բանաձևը խոտի գին ունի», «Եվրախորհրդարանը դարձել է ֆեյքերի զոհ», «Եվրոպացի խորհրդարանականները ցանկանում են երկրորդ ճակատ բացել Վրաստանում». նման հայտարարություններ են անում վրացական իշխանությունները՝ ի պատասխան Եվրախորհրդարանի ընդունած բանաձևի:
Վրաստանում ԶԼՄ-ների ազատության և լրագրողների անվտանգության ոտնահարման վերաբերյալ բանաձևը Եվրախորհրդարանը ընդունել է հունիսի 9-ին։ Այս փաստաթղթով Եվրախորհրդարանը կոչ է արել ԵՄ կառույցներին աշխատել Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակ տրամադրելու ուղղությամբ, սակայն պայմանով, որ Վրաստանի կառավարությունը համապատասխանի բոլոր չափանիշներին և ականջալուր լինի առաջարկություններին։
Եվրախորհրդարանը նաև կոչ է արել դիտարկել Բիձինա Իվանիշվիլիի դեմ անձնական պատժամիջոցներ սահմանելու հարցը։ Իվանիշվիլիին Եվրախորհրդարանն անվանում է օլիգարխ և Վրաստանի ոչ պաշտոնական կառավարիչ։
Եվրախորհրդարանի բանաձևին հաջորդեցին Վրաստանի կառավարության անդամների ակնթարթային՝ կտրուկ ու բացասական հայտարարությունները։
JAMnews-ը ներկայացնում է Եվրախորհրդարանի բանաձևի վերաբերյալ իշխող «Վրացական երազանք» կուսակցության անդամների հայտարարությունները։
Իրակլի Կոբախիձե, իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ․
«Չափազանց անհանգստացնող է, երբ ժամանակակից աշխարհի կարևորագույն իշխող օղակներից մեկը՝ Եվրամիության նման բարձրաստիճան կառույցը դառնում է «ֆեյքերի» զոհ…
Բանաձևը կոչ է անում ազատ արձակել վրացական ժողովրդավարության և լրատվամիջոցների ազատության թշնամիներին՝ Սաակաշվիլիին և Գվարամիային։ Սա ոչ մի կապ չունի եվրոպական արժեքների հետ, իսկ նման բանաձևն, անկեղծ ասած, խոտի գին ունի»։
Կոբախիձեն առաջինն արձագանքեց բանաձևին։ Նրա ելույթը հունիսի 9-ին՝ ժամը 15:00-ին, հատուկ նշանակված ճեպազրույցի ժամանակ էր։
Արչիլ Թալակվաձե, Վրաստանի խորհրդարանի փոխնախագահ․
«Եվրախորհրդարանի բանաձևն ընդունվել է որոշ քաղաքական խմբերի կողմից և չի պաշտպանվել ավելի քան 200 եվրապատգամավորների կողմից. մենք նաև կարծում ենք, որ Եվրախորհրդարանի բանաձևը լիովին կտրված է իրականությունից, զուրկ է արդարությունից և պարունակում է խեղաթյուրված փաստեր։
Վրացական հասարակությունը և Եվրոպայում շատերը քաջ գիտակցում են, որ Նիկա Գվարամիան ազատ մամուլի հիմնադիրը չէ, իսկ Միխայիլ Սաակաշվիլին Վրաստանում ժողովրդավարության երաշխավորն ու խորհրդանիշը չէ»։
Մամուկա Մդինարաձե, «Վրացական երազանք» խորհրդարանական խմբակցության նախագահ
Խորհրդարանի փոխխոսնակն արձագանքել է բանաձևի ընդունմանը նախորդող օրը՝ հունիսի 8-ին։ Այդ օրը բանաձևը քննարկվում էր Եվրախորհրդարանում, և արդեն հայտնի էր, որ այն կրիտիկական է լինելու.
«Վրաստանից դուրս մարդիկ կան, ովքեր աշխատում են երկրորդ ճակատ բացելու ծրագրի վրա։ «Վրացական երազանքը», ընդհակառակը, ամեն ինչ անում է, որ դա տեղի չունենա»։
Բանաձևի վերաբերյալ մեկնաբանություններ եղան նաև հաջորդ օրը՝ հունիսի 10-ին։
Նիկոլոզ Սամխարաձե, խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ․
«Եթե ապացույցներ չլինեն, որ Բիձինա Իվանիշվիլին ինչ-որ քաղաքական կամ բիզնես կապեր ունի Կրեմլի հետ, ապա դա կդիտվի որպես զրպարտություն, սուտ և հարձակում ինչպես Բիձինա Իվանիշվիլիի, այնպես էլ իր հիմնած կուսակցության վրա»:
Դմիտրի Խունդաձե, խորհրդարանի պատգամավոր, «Վրացական երազանքի» անդամ․
«Վրաստանի անկախության ժամանակաշրջանում մենք երբեք չենք տեսել այսպիսի անարդար Եվրոպա։ Մենք չենք կարող հրաժարվել արժանապատվությունից՝ կարգավիճակ ստանալու համար։
Եթե Վրաստանը ստանա թեկնածուի կարգավիճակ՝ բանաձևում պարունակվող նույն անարդար պարտավորություններով և անարդար մեղադրանքներով, ապա արդարացի կլինի, որ Վրաստանը հրաժարվի դրանից»։
Բանաձևի նախագիծը Եվրախորհրդարանում քննարկվել է հունիսի 8-ին։ «Մենք հիասթափված ենք», «Նիկա Գվարամիա», «Պատժամիջոցներ», «Բիձինա Իվանիշվիլի», «Հուլիսի 5», «Վրաստանը նահանջել է»․ այս խոսքերն էին հիմնականում հնչում քննարկման ժամանակ։ Հունիսի 9-ին Եվրախորհրդարանն ընդունեց հինգ քաղաքական խմբերի նախաձեռնած համատեղ բանաձևը։
Եվրախորհրդարանը ԵՄ անդամակցության ճանապարհին որոշումներ կայացնող մարմին չէ, սակայն նրա աջակցությունը կարևոր քաղաքական ազդակ է։
Այժմ Վրաստանը սպասում է Եվրահանձնաժողովի եզրակացությանը, որը, ըստ JAMnews-ի աղբյուրի, պետք է հրապարակվի հունիսի 17-ին։
Եվրահանձնաժողովը պատրաստում է կարծիք՝ հիմնվելով ԵՄ հարցաշարի վրա: Վրաստանը պատասխանել է Եվրահանձնաժողովի մոտ 2700 հարցի։ Բայց թե ինչ է գրված փաստաթղթում, անհայտ է. լրացված պատասխանները կառավարությունը չի հրապարակել։
Ավելի ուշ՝ հունիսի 24-25-ին կայանալիք գագաթնաժողովում ԵՄ անդամ երկրների ղեկավարները կորոշեն՝ Վրաստանին տրամադրե՞լ ԵՄ թեկնածուի կարգավիճակ, թե՞ ոչ։
Եվրախորհրդարանի բանաձևի մասին