Ծանր գիշեր Բաթումում: Ինչո՞ւ նման բան տեղի ունեցա՞վ
Այրվել են ավտոմեքենաներ, ավերվել խանութներ, կոտրվել ցուցափեղկեր և բնակելի տների պատուհաններ, տասնյակ մարդիկ հիվանդանոցներում են, կոտրվել են լուսաֆորներ, ցանկապատեր, փչացվել է փողոցների ծածկը. մարտի 12-ի գիշերը Բաթումում անհավանական էր:
Միայն առավոտյան 6-ի կողմերն են իրավապահ կառույցները կարողացել հանդարտեցնել վանդալիստական բողոքի ակցիան, որը Բաթումում սկսվել էր նախորդ օրը՝ մարտի 11-ին, 23:00-ի կողմերը:
Առավոտյան իրավապահ մարմինները փուլ առ փուլ սկսեցին զբաղեցնել այն տարածքը, որը մի քանի ժամ վերահսկում էին ցուցարարները:
Անկառավարելի իրավիճակը Բաթումի փողոցներում շարունակվում էր ավելի քան 8 ժամ:
Իշխանությունները հայտարարության համաձայն՝ անկարգությունների արդյունքում տասնյակ անձինք են տուժել: Ցույցի ցրման ժամանակ 40 մարդ է ձերբակալվել:
«Տեղի ունեցած վանդալիզմի բորոր կազմակերպիչներն ու դրա մասնակիցները պատժվելու են օրենքի ողջ խստությամբ», — հայտարարել է ներքին գործերի նախարար Գեորգի Մգեբրիշվիլին:
Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին իր արտակարգ հայտարարությունում անկարգությունների պատասխանատվությունը դրել է «դեստրուկտիվ քաղաքական ուժերի» վրա, որոնք «օգտագործել են կենցաղային դեպքն» անկարգություններ հրահրելու համար: Կվիրիկաշվիլին հայտարարել է, որ բոլոր նրանք, ովքեր հարվածի տակ են դնում Վրաստանի պետականությունը և նրա քաղաքացիների իրավունքները, «կոշտ պատասխան կստանան»:
Իրադարձությունների էպիկենտրոնը Բաթումի ոստիկանական վարչության շենքն ու դրան հարող փողոցներն էին:
Այժմ մունիցիպալ ծառայությունների աշխատակիցներն այնտեղ կարգի են բերում, փողոցներն են մաքրում:
Նման վանդալիստական ակցիա Վրաստանի պատմության մեջ չի եղել, գրում էին սոցցանցերի օգտատերերը, որոնք ողջ գիշեր հետևել են Բաթումում տեղի ունեցող դեպքերին:
Ողջ գիշերվա ընթացքում Վրաստանի բոլոր հեռուստաալիքներն աշխատել են անդադար ուղիղ ռեժիմով: Երկրի բնակչությունը հնարավորություն ուներ ուղիղ եթերում տեսնել, թե ինչպես էին ակցիայի մասնակիցները քարեր նետում, շրջում և այրում մեքենաներ:
Նրանց շրջանում շատ էին երիտասարդները: Մի մասը դեմքը փակել էր թաշկինակներով ու կտորներով: Սակայն շատերը բացահայտ էին գործում:
«Աչարի» հեռուստատեսության հաղորդմամբ՝ ձերբակալվածների թվում են նաև իրենց աշխատակիցները:
Աջարիայի առողջապահության նախարար Զաալ Միքելաձեն ասում է, որ 33 մարդ է դիմել հիվանդանոց, նրանցից 15-ը ոստիկաններ են: Ծանր վիրավորներ չկան:
Վնասվածքների պատճառները հիմնականում քարերն են և արցունքաբեր գազը: Քարերը ցուցարարները նետում էին ոստիկանների վրա, որոնք արցունքաբեր գազ և ռետինե գնդակներ էին օգտագործում:
Դիմակայության պատճառը
Առաջին տեղեկությունը, որ Բաթումում ակցիա է տեղի ունենում, տարածվել է երեկոյան ժամը 18:00-ի կողմերը:
Հուզումներ է առաջացրել պարեկային ոստիկանության և Բաթումի բնակչի միջև միջադեպը, երբ իրավապահ մարմնի ներկայացուցիչը տուգանել է նրան սխալ կայանած մեքենայի համար:
Տուգանված Ջիմի Վարշանիձեի խոսքով՝ նա եղբոր գերեզմանից էր վերադառնում, մեքենայում էր իր հայրը, որը վատ էր զգում իրեն, և դեղի շտապ կարիք կար, այդ պատճառով էլ ստիպված է եղել մեքենակայանել դեղատան մոտ:
Սակայն ոստիկանները հաշվի չեն առել այդ հանգամանքն ու տուգանք են նշանակել:
Վարշանիձեն խոսքով վիրավորանք է հասցրել, ինչը վերաճել է ծեծկռտուքի, և ոստիկանությունը ուժ է կիրառել: Բորբոքվող միջադեպին սկսել են անցորդներ միջամտել, որոնք հոր և որդու կողմն են պահել:
Ոստիկանությունը միջադեպի վայրում 6 հոգու է ձերբակալել, այդ թվում՝ Ջիմի Վարշանիձեին:
Դեպքի վայրում արագ սկսել են մարդիկ հավաքվել: Նրանք պահանջում էին ազատ արձակել ձերբակալվածներին: Միաժամանակ սկսել են Աջարիայի ոստիկանության նորանշանակ ղեկավարի հրաժարականը պահանջել:
Նրանց խոսքով՝ վերջին ժամանակներս ոստիկանությունն անհիմն ու առանձնահատուկ դաժանությամբ տուգանում է մարդկանց՝ հավանաբար նոր ղեկավարի առաջադրանքով:
Այդ գիշեր բոլոր ձերբակալվածներն ազատ են արձակվել, չնայած որ այդ միջոցը իրավիճակը չի հանդարտեցրել. Բաթումի փողոցներ են դուրս եկել բազմաթիվ մարդիկ:
Անկարգությունները շարունակվում էին մի քանի ժամ, ակցիայի մասնակիցները քարեր էին նետում, մետաղական «մահակներ» էին գործի դնում՝ քանդելով պատվարները: Նրանք շրջել և այրել են ոստիկանական ավտոմեքենա:
Նույն գիշեր ենթադրաբար ևս 5 մեքենա է այրվել, ինչպես նաև մի քանի ծառ:
Ակցիայի մասնակիցները շարքից հանել են լուսաֆորը, փչացրել փողոցների և մայթերի ծածկը՝ մեծ քարեր նետելով ոստիկանների ուղղությամբ:
Բաթումում է ներքին գործերի նախարարը, ինչպես նաև նախագահն ու Ազգային անվտանգության խորհրդի ղեկավարը: