Խոջալուի ողբերգության տարելիցն Ադրբեջանում․ բազմահազարանոց երթ և բախում ոստիկանության և ընդդիմության միջև
Կիսվել
Կիսվել
Ադրբեջանում նշում են Հայաստանի և Ադրբեջանի միջև ղարաբաղյան պատերազմի ամենաարյունալի իրադարձություններից մեկի քսանյոթամյա տարելիցը։
1992 թ-ի փետրվարի 25-ից 26-ը զինված հայկական ջոկատները ծանր տեխնիկայի և նախկին խորհրդային բանակի՝ Ղարաբաղում տեղակայված 366-րդ մոտոհրաձգային գնդի զինծառայողների օգնությամբ գրոհեցին և գրավեցին ադրբեջանցիներով բնակեցված Խոջալու քաղաքը։
Ադրբեջանական կողմի պաշտոնական վիճակագրության համաձայն՝ հայկական զինված կազմավորումների գործողությունների հետևանքով քաղաքում գտնվող մի քանի հազար մարդուց 613-ը սպանվել է։ 487 խաղաղ բնակիչ ծանր վիրավորվել է, 1275 մարդ՝ գերեվարվել, 150 մարդ մինչ օրս անհայտ կորած է համարվում։ Ամբողջությամբ ոչնչացվել է ութ ընտանիք։
Յուրաքանչյուր տարի ողբերգության տարելիցի նախօրեին մեկնարկում է «Justice for Khojaly» («Արդարություն՝ Խոջալուի համար») միջազգային արշավը, որի նպատակն աշխարհին ողբերգության մասին պատմելն է և ջարդի մասնակիցներին պատժելը։
Փետրվարի 26-ին Բաքվի կենտրոնական փողոցներում բազմահազարանոց երթ անցկացվեց, լռության րոպե հայտարարվեց։
Ոստիկանությունն, ուժ գործադրելով, «Մուսավաթ» ընդդիմադիր կուսակցության անդամներին թույլ չտվեց մոտենալ Խոջալուի զոհերի հուշարձանին։ Կուսակցության անդամներից մեկը հոսպիտալացվեց։
Բախման մանրամասները
«Մուսավաթ» կուսակցության մեծ պատվիրակությունը մտադիր էր ծաղիկներ դնել Խոջալուի զոհերի հուշարձանին։ Սակայն ոստիկանները չէին ուզում նրանց մոտ թողնել հուշարձանին՝ դա հիմնավորելով նրանով, որ հուշարձանին կարող են մոտենալ միայն զոհերի հարազատները։ Գրեթե կեսժամյա վիճաբանությունից հետո ոստիկանությունը սկսեց հետ հրել ընդդիմադիրներին։
Տուժեց կուսակցության մամուլի ծառայության աշխատակից Մեհման Քյամրանը։ Նրան հիվանդանոց տեղափոխեցին։
«Մուսավաթի» ղեկավարությունը ոստիկանության գործողությունները որակեց որպես «խայտառակություն» և «ծաղրանք»։
Հրապարակման մեջ տեղ գտած տերմինները, տեղանունները, մտքերը և գաղափարները պարտադիր չէ, որ համընկնեն JAMnews-ի կամ նրա առանձին աշխատակիցների կարծիքների և գաղափարների հետ: JAMnews-ն իրավունք է վերապահում հեռացնել հրապարկումների վերաբերյալ արված այն մեկնաբանությունները, որոնք կգնահատվեն որպես վիրավորական, սպառնալիք պարունակող, բռնություն հրահրող կամ այլ պատճառներով էթիկապես անընդունելի