Խիղճը փաստաթուղթ չունի
Չնայած որ առաջին պահից, երբ վիրավորներին տեղափոխեցին Նավթագործների հիվանդանոց, մենք այնտեղ էինք, ոստիկանությունն ու հիվանդանոցի անվտանգությունը թույլ չտվեցին մեզ բժիշկների պաշտոնական հայտարարությունը լսել: Մի փոքր անց տեսա, ինչպես եկան İTV-ի լրագրողն ու օպերատորը: Հիվադանոցի անվտանգությունը պատվավոր կերպով նրանց տարավ բժշկից հարցազրույց վերցնելու: Ես վազեցի նրանց հետևից՝ գոռալով. «Ինչո՞ւ եք խտրականություն դնում լրագրողների միջև»: Ինձ պատասխանեցին. «Աղջիկ ջան, նրանք գլխավոր բժշկի թույտվությունն ունեն»: Ես համառորեն ոտքս մտցրի դռան արանքն ու ասացի, որ նույնպես պետք է անցնեմ և իրավունք ունեմ տեղեկատվություն ստանալու: Մի մարդ ինձ այսպես պատասխանեց. «Դուք նույնիսկ լրագրող չեք»: Ես պատասխանեցի, որ եթե նրանց վկայականն է պետք, այն պայուսակիս մեջ է: Նայեք ու թույլ տվեք ներս մտնել: Ի պատասխան նա շարունակում էր կրկնել, որ ես նույնիսկ լրագրող չեմ: Ես շարունակում էի կանգնած մնալ դռան արանքում: Հիվանդանոցի անվտանգության աշխատակիցը ոստիկանին ասաց, որ նա ոստիկանական ջոկատ ուղարկի: Մի խոսքով, ամեն ինչ խառնվեց: Ես շարունակում էի պնդել, որ լրագրող եմ ու հանկարծ շրջվեմ ու ինչ տեսնեմ. կանգնած է քննիչը, ով ինձնից Meydan TV-ի գործով ցուցմունքներ էր վերցնում Ծանր հանցագործությունների հետաքննության վարչությունում: Ճակատագրի հեգնանք էր: Դիմում եմ նրան. “Պարո՛ն Ալի, կարո՞ղ եք բացատրել այս մարդկանց, որ ես լրագրող եմ: Չէ՞ որ Դուք լավ գիտեք, որ ես լրագրող եմ: Պարոն Ալին խառնվեց, ծիծաղեց, հետո լրջացավ ու ասաց. «Տիկի՛ն, թույլ տվեք ներս մտնեմ»:
P.S. Հնարավոր է, այն ինչ ես այդ օրը ապրեցի, լրագրությունում իմ վերջին փորձն էր: Այսօր ես շատ բաներ վերապրեցի ու տեսա: Պատգարակի վրա պառկած բանվորին հարցրի՝ կա՞ն զոհեր, թե ոչ: «Դա իմ իրավասության մեջ չի մտնում», — ասաց նա: Ընդհանրապես դա ծանր օր էր:
Ես լրագրության ոլորտում ընդամենը 5-6 տարի եմ: Արդյո՞ք ես ինձ պրոֆեսիոնալ լրագրող եմ համարում: Ոչ: Այդքան էլ չէ: Դեռ այնքան բան կա սովորելու: Բայց մի բանում ես վստահ եմ. իմ մասնագիտության համար ես, առանց մի վայրկյան անգամ կասկածելու, պատրաստ եմ կյանքից հրաժարվել: Իմ խիղճը մաքուր է: Եթե ինչ-որ մի պահ հասկանաք, որ ոչինչ չի ստացվում, կարող եք պարզապես հեռանալ լրագրությունից: Գնացեք ուրիշ գործով զբաղվեք: Բայց մի կեղտոտվեք ու ծառայեք չարին: Ինչպես ասում են, հեռացեք, քանի դեռ ուշ չէ: Հեռացեք, որպեսզի ինքնակամ կեղտոտվելուց հետո, ստիպված չլինեք կրկին գրել, կարծես՝ ոչինչ տեղի չի ունեցել. «Մենք բոլորս զբաղվում ենք նորությունների կոկորդին պարանը ձգելով». Ես միայն մի բան գիտեմ: Եթե չկարողանամ լրագրող աշխատել, օրինակ, մաքուր խղճով կարող եմ հագուստի վաճառող դառնալ: Միայն թե խիղճս ինձ չլքի:
Հարգանքով: