Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի մեղադրանքը փոխվել է։ Նրան այս անգամ մեղադրում են փողերի լվացման մեջ:
Ավելի վաղ Սամվել Բաբայանի նկատմամբ առաջադրվելէր ՀՀ Քրեական օրենսգրքի մեկ այլ հոդված՝ մաքսանենգ ճանապարհով զինամթերքի տեղափոխում, որը վերացվել է:
Սամվել Բաբայանը ձերբակալվել էր մարտի 22-ին, ապա կալանավորվել: Նա անազատության մեջ հայտնվեց Վրաստանից Հայաստան ապօրինի կերպով «Իգլա» զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելուն աջակցելու կասկածանքով։ Սամվել Բաբայանին մեղադրանք առաջադրվեց Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածով՝ «ապօրինի կերպով ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, մաքսանենգությունը, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ»:
Ինչպես նախորդ, այնպես էլ այս նոր մեղադրանքը Սամվել Բաբայանը չի ընդունում: Գործի նախաքննությունն ավարտվել է: Պաշտպանական կողմը նախաքննական մարմնից 15 աշխատանքային օր ժամանակ է խնդրել գործի նյութերին ծանոթանալու համար:
Բաբայանի կողմնակիցները հայտարարում են, որ սա քաղաքական հետապնդում է, որը պայմանավորված է Հայաստանի քաղաքական գործընթացներին նրա մասնակցությամբ: Բաբայանը հրապարակայնորեն աջակցություն էր հայտնել «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքին, որը կազմված էր նախկին երեք նախարարներից և իրեն ձերբակալելուց մի քանի օր անց պետք է մասնակցեր ապրիլի 2-ին Հայաստանում տեղի ունենալիք խորհրդարանական ընտրություններին:
Հոդվածում արտահայտած կարծիքները փոխանցում են հեղինակի տերմինաբանությունն ու հայացքները և պարտադիր չէ համընկնեն խմբագրության դիրքորոշման հետ