Այսօր ադրբեջանցի իրավապաշտպաններ Արիֆ և Լեյլա Յունուսներին ի վերջո հաջողվեց արտասահմանում բուժում ստանալու համար դուրս գալ Ադրբեջանից:
Յունուսների փաստաբան Էլչին Սադիգովը ԱՊԱ-ին հաղորդել է, որ ապրիլի 18-ին Գերագույն դատարանը բավարարել է ամբաստանյալների վճռաբեկ բողոքը:
Ինչպես հաղորդում է Ազատություն ռադիոկայանը, այսօր Սհիփհոլի օդանավակայանում նրանց դիմավորել է դուստրը՝ Դինարան: Իրավապաշտպաններին ընդունել են Նիդերլանդների Արտաքին գործերի նախարարությունում: ԱԳՆ ղեկավար Բերտ Կենդերսի հաղորդմամբ, երկրում ամուսինների ներկայության ժամկետները կախված են լինելու նրանց առողջական վիճակից և բուժում ստանալուց հետո նրանք կարող են քաղաքական ապաստան խնդրել:
Իրավապաշտպաններ Արիֆ և Լեյլա Յունուսներին կալանավորել են 2014թ. և դատապարտել 7.5-8 տարվա ազատազրկման խաբեության, ապօրինի ձեռնարկատիրության, հարկերից խուսափելու և 2015թ. օգոստոսի 13-ին փաստաթղթերի կեղծման մեղադրանքով:
2015թ. դեկտեմբերի 9-ին այդ ժամկետները փոխարինվել են պայմանական ազատազրկմամբ, քանի որ իրավապաշտպանների առողջական վիճակը կրիտիկական է եղել:
2016թ. փետրվարի 11-ին Բաքուն թույլ չի տվել Յունուսներին բուժման նպատակով մեկնել երկրից: