Ադրբեջանն իր քաղաքացիների և օտարերկրյա փախստականների համար բացել է Իրանի հետ սահմանը
Իրանից մարդկանց տարհանում են Ադրբեջան
Ադրբեջանի բոլոր ցամաքային սահմանները պաշտոնապես փակ են արդեն ավելի քան հինգ տարի: Իսրայելի կողմից Իրանի դեմ հրթիռային հարվածներից հետո՝ մարդասիրական պատճառաբանությամբ բացառություն է արվել:
Վերջին օրերին Ադրբեջանի հազարավոր քաղաքացիներ և այլ երկրների (ոչ Իրանի) բնակիչներ ցամաքային ճանապարհով Իրանից մուտք են գործել ադրբեջանական տարածք:
2020 թվականի մարտից Ադրբեջանը COVID-19 համավարակի պատճառով փակել է իր բոլոր ցամաքային սահմանները ուղևորափոխադրումների համար։ Ներկա պահի դրությամբ՝ այդ որոշումը երկարաձգվել է մինչև 2025 թվականի հուլիս: Բեռնափոխադրումները շարունակվում են սովորական ռեժիմով: Սահմանների փակումը երկրում առաջացրել է տնտեսական, սոցիալական և քաղաքական բնույթի դժգոհություններ:
Իրանի, Ռուսաստանի և Վրաստանի հետ սահմանամերձ շրջանների բնակիչներն ասում են, որ սահմանամերձ շրջաններում առևտրի անհնարինությունը իրենց տնտեսական մեծ վնասներ է պատճառել: Բացի այդ, արտերկրում, մասնավորապես՝ Ռուսաստանում աշխատող ադրբեջանցի միգրանտները հայտնվել են դժվարին իրավիճակում, քանի որ փակ սահմանների պատճառով չեն կարողանում վերադառնալ հայրենիք:
Այս որոշումը քաղաքական շահարկումների առիթ է տվել: Նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ սա արվում է «մարդկանց առողջության և անվտանգության պահպանման համար»:
Իրանի հետ սահմանը հատելու թույլտվություն
Հունիսի 17-ին արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Այխան Հաջիզադեն հայտնել է, որ Իսրայելի և Իրանի միջև լարվածության հետ կապված՝ Իրանում և Իսրայելում դեսպանությունն ու հյուպատոսությունը «թեժ գծերին» հարյուրավոր դիմումներ են ստանում Ադրբեջանի և այլ երկրների քաղաքացիներից, որոնք երկրի տարածքով տարհանման թույլտվություն են խնդրում։
«Բոլոր դիմումները քննարկվում են օպերատիվ և ամենօրյա ռեժիմով»,- իշխանամետ Report լրատվական գործակալությանն ասել է Հաջիզադեն:
Նրա փոխանցմամբ՝ ներկայումս իշխանությունները քննարկում են 51 երկրի ավելի քան 1200 քաղաքացիների դիմումները, նման խնդրանքով դիմած ավելի քան 60 հոգի արդեն հատել է սահմանը: Տարհանված օտարերկրացիներին սահմանից ավտոբուսներով փոխադրում են ուղիղ Բաքվի օդանավակայան, որտեղից նրանք մեկնում են իրենց երկրներ:
ԱԳՆ ներկայացուցիչը նաև ասել է, որ Ադրբեջանի 41 քաղաքացի, այդ թվում՝ դեսպանության աշխատակիցների ընտանիքի անդամները, Իրանից տուն են վերադարձել ցամաքային սահմանով: Իսրայելից Ադրբեջանի քաղաքացիներն ուղևորվում են հարևան Եգիպտոս և Հորդանան: «Ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ Իսրայելից մեր 34 քաղաքացիների Հորդանան տեղափոխման համար»,- ասել է Հաջիզադեն:

Agence France-Presse (AFP) լրատվական գործակալության տվյալներով՝ հունիսի 13-ից, երբ սկսվեցին Իսրայելի հարվածները Իրանի դեմ, Իրանից հարևան Ադրբեջանի տարածք է անցել 17 երկրի ավելի քան 600 օտարերկրյա քաղաքացի: Այս մասին գործակալությանը հայտնել է Ադրբեջանի կառավարության ներկայացուցիչներից մեկը:
Հասարակությունը համեմատում է Իրանից եկող փախստականների և ադրբեջանցի միգրանտների նկատմամբ իշխանությունների վերաբերմունքը
Ադրբեջանի հասարակությունն ակտիվ և հաճախ վիրավորանքով քննարկում է այն տարբերությունը, որով երկրի իշխանությունները վերաբերվում էին ադրբեջանցի աշխատանքային միգրանտներին, ովքեր փորձում էին երկիր վերադառնալ Ռուսաստանից համավարակի ժամանակ և երբ սկսվեց Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ռազմական ագրեսիան:
2020 թվականին, երբ սկսվեց համավարակը, ցամաքային սահմանների փակումը ծանր փորձություն դարձավ Ռուսաստանում աշխատող Ադրբեջանի քաղաքացիների համար: Այդ ժամանակահատվածում հարյուրավոր մարդիկ ստիպված էին շաբաթներ ու ամիսներ անցկացնել սահմանին, հատկապես «Յարագ-Քազմալյար» սահմանային անցակետում՝ հաճախ չունենալով տարրական կենսապայմաններ։
Սահմանները փակվեցին 2020 թվականի մարտին, իսկ Ադրբեջանի քաղաքացիների առաջին խումբը՝ ընդամենը 240 հոգի, երկիր մուտք գործեց միայն հունիսի 15-ին: Հազարավոր քաղաքացիներ սահմանին զանգվածային բողոքի ցույցեր կազմակերպեցին, որոնք կոպտորեն ճնշվեցին ռուսական ոստիկանության կողմից:
Պաշտոնապես այդ ժամանակ մոտ 50 հոգի վնասվածքներ ստացավ, 93 հոգի ձերբակալվեց: Ոչ պաշտոնական տվյալներով՝ առնվազն երկու հոգի զոհվեց:
Այդ ժամանակահատվածում Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին հայտարարեց. «Ես ձեզ խնդրեցի չգնալ սահման, դուք կարող եք այնտեղ հիվանդանալ (նկատի ուներ COVID-19): Այդ դեպքում մենք չենք կարողանա ձեզ օգնել: Ես հասկանում եմ, որ դժվար է, բայց ստիպված կլինեք սպասել: Այլ ելք չկա»:
2022 թվականին՝ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո իրավիճակը կրկնվեց: Հարյուրավոր ադրբեջանցիներ ստիպված էին օրերով, երբեմն նաև ձյան ու բաց երկնքի տակ մնալ սահմանի ռուսական կողմում․ նրանց թույլ չէին տալիս մուտք գործել Ադրբեջան:
Նրանց մեծ մասը պաշտոնական կարգավիճակ չունեցող աշխատանքային միգրանտներ էին:
Այդ ժամանակահատվածում Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը հայտարարեց, որ չնայած COVID-19-ի պատճառով սահմանված բազմաթիվ սահմանափակումների վերացմանը, սահմանների փակումը բացատրվում է նրանով, որ համավարակը դեռ լիովին ավարտված չէ:
Ասադովը խորհուրդ տվեց սահմանին մնացած մարդկանց օգտվել ավիաչվերթներից: Սակայն այդ պահին երկու երկրների միջև ուղղակի ավիահաղորդակցությունը դադարեցվել էր: Ադրբեջանի ազգային ավիափոխադրող AZAL-ը հղում էր կատարում միջազգային ավիացիոն ապահովագրության հետ կապված դժվարությունների և Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների վրա և նշում, որ այդ հանգամանքներով է պայմանավորված չվերթների չիրականացումը:
Ադրբեջանի սոցցանցերում մեկնաբանում են, որ վերաբերմունքի տարբերությունը մարդկանց նկատմամբ, ովքեր այն ժամանակ և այժմ հայտնվեցին ծանր իրավիճակում, հավանաբար, կապված է փախստականի կարգավիճակի հետ:
Մարդկանց մեծ մասը, որոնց հիմա թույլ են տալիս մտնել Իրանից Ադրբեջան, կամ դիվանագիտական կարգավիճակ ունեն, կամ օտարերկրյա պետությունների քաղաքացիներ են: Իսկ ռուսական սահմանին տուն գալու հնարավորության էին սպասում հիմնականում աշխատանքային միգրանտներ և շարքային քաղաքացիներ:
Սահմանների փակման քաղաքական ասպեկտը
Քաղաքացիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող նախաձեռնող խմբի հիմնադիր Վաֆա Նագիի դիտարկմամբ՝ սահմանները փակ պահելու պաշտոնական՝ «անվտանգության» փաստարկը ժամանակի ընթացքում վերածվել էր քաղաքական դիսկուրսի:
Նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությունը, թե «փակ ցամաքային սահմանները մեզ պաշտպանում են սպառնալիքներից», կանոնավոր կերպով տարածվում էր կառավարական լրատվամիջոցների կողմից: Այդ հռետորաբանությունը հատկապես արդիական դարձավ տարածաշրջանային լարվածության ֆոնին, որը սրվեց Իսրայելի և Իրանի միջև հակամարտության մեկնարկից հետո:
«Ռեժիմը փորձում է պաշտպանել իրեն ժողովրդից, մարդկանց վրա դրված սահմանափակումներն արդարացնելու համար վախեցնում է նրանց: Համավարակը վաղուց ավարտվել է, և հասարակությունը պահանջում է իրավական տեսանկյունից հիմնավորված պատասխան, թե ինչու է քաղաքացիների տեղաշարժվելու ազատության սահմանափակումը շարունակվում արդեն գրեթե հինգ տարի»,- նկատել էր Նագին:
«Մի փակեք սահմանները, մի պահեք ժողովրդին գերության մեջ»

Ցամաքային սահմանները բացելու պահանջով հասարակական բողոքի ամենակնայտ օրինակներից մեկը եղավ այն բողոքի ցույցը, որը 2022 թվականի հուլիսին Բաքվում անցկացրեց հայտնի ընդդիմադիր Թոֆիկ Յաղուբլուն (ներկայումս գտնվում է բանտում, դատապարտվել է ինը տարվա ազատազրկման):
«Մուսավաթ» կուսակցության և Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի անդամ Յաղուբլուն պահանջում էր ցամաքային սահմանների բացում՝ «Մի փակեք սահմանները, մի պահեք ժողովրդին գերության մեջ» կարգախոսով:
Ակցիայի մասնակիցները հայտարարում էին, որ սահմանափակումները հանգեցրել են ավիատոմսերի կտրուկ թանկացման, սահմանափակում են զբոսաշրջությունն ու առևտուրը, զգալիորեն խանգարում են սովորական քաղաքացիների ազատ տեղաշարժին, այդ թվում՝ շփմանը իրենց՝ սահմանակից երկրներում ապրող ընտանիքների հետ:
Բողոքի ցույցը նախատեսված էր նախարարների կաբինետի շենքի առջև, սակայն ի սկզբանե ճնշվեց ոստիկանության կողմից, ակցիայի բազմաթիվ մասնակիցներ ձերբակալվեցին:
Ձերբակալվեց 28 մարդ, այդ թվում՝ Յաղուբլուն և ակտիվիստներ, որոնց շարքում էին նաև Ադրբեջանի սոցիալիստական կուսակցության և ՆԻԴԱ շարժման անդամներ: Թոֆիկ Յաղուբլուն ձերբակալության ժամանակ ոստիկանական բռնության ենթարկվեց։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Իրանից մարդկանց տարհանում են Ադրբեջան