Ինչպես են ապրում ՄԻԱՎ-վարակակիրները Վրաստանում
Այսօր ամբողջ աշխարհում նշվում է ՄԻԱՎ-ի դեմ պայքայի օրը: Վրաստանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով վարակվելու առաջին դեպքը գրանցվել է 1989թ.: Դրանից հետո շատ բան է փոխվել: Ի հայտ են եկել բուժման նոր մեթոդներ և դեղամիոցներ, որոնց միջոցով ՄԻԱՎ-ը վերածվել է խրոնիկ, կառավարվող հիվանդության: Սակայն հասարակության մեջ ՄԻԱՎ-վարակակիրների նկատմամբ վերաբերմունքում շատ բան չի փոխվել: Խարանը և խտրականությունը նրանց նկատմամբ շարունակում է մնալ անհաղթահարելի խնդիր:
ՄԻԱՎ-ը նախկինի պես շարունակվում է ասոցացվել մահվան հետ, շատերը մինչ օրս չգիտեն՝ ինչպես է փոխանցվում վարակը և խուսափում են վարակակիրների հետ շփումից: JAMnews-ը խոսել է մարդկանց հետ, ովքեր արդեն տարիներ շարունակ ապրում են ՄԻԱՎ ախտորոշմամբ, ինչպես նաև նրանց հետ, ովքեր անմիջականորեն շփվում են վարակակիրների հետ:
Թամունա, 34 տարեկան
Թամունան, որն այսօր օգնում է այլ վարակակիրների, ինքը վարակվել է 9 տարի առաջ՝ բանտում: Մինչ օրս չգիտի՝ ինչ հանգամանքներում. ենթադրում է, որ կամ կույրաղիքի վիրահատության ժամանակ, կամ ատամնաբույժի մոտ: Դրանից հետո նրա կյանքը փոխվել է:
«Այն բանից հետո, երբ ես բացահայտ ասացի, որ ՄԻԱՎ-վարակակիր եմ, կանանց բանտի 1800 դատապարտյալներից ինձ հետ սկսեցին շփվել եզակի մարդիկ: Ես տեսա՝ ինչպես են ինձնից հեռանում մոտ ընկերներս, ինչպես էի նրանց համար դառնում օտար: Ես ինձ ավելորդ էի զգում, քանի որ տեսնում էին, որ մարդիկ խուսափում են ինձ հետ հարաբերություններից»,- պատմում է Թամունան:
Նա ասում է, որ իր ախտորոշումն անգամ մերձավորները դժվարությամբ են կարողացել ընդունել. «Դուք գիտեք՝ Վրաստանում կարծրատիպ կա, որ ՁԻԱՀ-ով մարդը կամ թմրամոլ է, կամ սեքս-ինդուստրիայի աշխատակից»:
Թամունան ասում է, որ խտրականության է բախվել ոչ միայն դատապարտյալների կողմից, այլև՝ բժիշկների: Ազատ արձակվելուց հետո նա չի կարողացել աշխատանք գտնել: Ասում է՝ քանի որ առողջության մասին ոչինչ չէր թաքցնում, իր առջև փակվում էին աշխատանքի բոլոր դռները:
Դժվարությունները հաղթահարելու հարցում Թամունային օգնում է արթ-թերապիայի կուրսը. «Ես կարում եմ, նկարում, դեկորատիվ բարձեր եմ պատրաստում, և դա ինձ շատ է օգնում: Ես բուժվում եմ, դեղամիջոցներ եմ ընդունում և գիտեմ, որ դրանք պետք է ընդունեմ մինչև կյանքիս վերջ: Իմ արյան մեջ այժմ վարակ չկա, ես ապրում եմ այնպես, ինչպես մնացածները: Պարզապես մշտապես վերահսկում եմ իմ առողջությունը և հաճախ անալիզներ հանձնում»:
«Ես չեմ թաքցնում իմ կարգավիճակը: Ցանկանում եմ բոլորի համար օրինակ լինել և ասել բոլոր ՄԻԱՎ-վարակակիր կանանց, որ նրանք կարող են ունենալ առողջ երեխաներ և չպետք է հրաժարվեն այդ երջանկությունից: Ես երեք երեխա ունեմ, նրանցից երկուսը ծնվել են իմ վարկվելուց հետո: Եվ երկուսն էլ առողջ են: Ես ՄԻԱՎ-վարակակիր եմ, բայց ես վտանգավոր չեմ հանրության համար»,- ասում է Թամունան:
Արթ-թերապիան օգնում է Թամունային և մյուս վարակակիրներին հաղթահարել մշտական սթրեսը, լուսանկարը՝ Նինո Մեմանիշվիլիի, JAMnews
Տարիել, 39 տարեկան
Այն մասին, որ վարակված եմ, իմացել եմ 2015թ. վերջին: Դրանից առաջ արդեն մի քանի ամիս հիվանդ էի, իսկ նոր տարուց մեկ օր առաջ իմացա ՄԻԱՎ-ի անալիզի արդյունքները: Դժվար է նկարագրել՝ ինչ կատարվեց ինձ հետ: Ես շատ վախեցա, անգամ լաց եղա: Ես իսկական դժոխքի միջով եմ անցել: Ինձնից երկու ամիս պահանջվեց, որպեսզի հաշտվեմ այդ ախտորոշման հետ: Կողքս չկար մեկը, ով խորհուրդ կտար կամ կկիսվեր տեղեկատվությամբ: Ի վերջո համացանցում գտա ռուսալեզու մի խումբ, որտեղ հավաքված էին ՄԻԱՎ-վարակակիրներ: Նրանք կիսվեցին իրենց փորձով, խորհուրդներ տվեցին, հանգստացրին: Այժմ ես բուժվում եմ, դեղամիջոցները պետք է ընդունեմ մինչև կյանքիս վերջը: Իհարկե, ստիպված եմ եղել փոխել կենսակերպս: Ես լավ թամադա էի և սիրում էի խմել: Այժմ ես չեմ խմում: Մնացած առումով ապրում եմ մյուսների պես, ինձ ոչ մի բանում չեմ սահմանափակում: Ես չեմ թաքցնում, որ վարակակիր եմ: Միակ մարդը, որ չգիտի դրա մասին, մայրս է: Նա առանց այն էլ հիվանդ, և ես չեմ ուզում, որպեսզի նա անհանգստանա: Այժմ ես բոլորին զգուշացնում եմ, որ հոգ տանեն իրենց առողջության մասին: Ես վարակվել եմ չպաշտպանված սեքսի հետևանքով և ցանկանում եմ, որպեսզի մյուսները հաշվի առնեն իմ այդ սխալը: Բոլոր նրանց, ովքեր հենց նոր իմացել են, որ ՄԻԱՎ-վարակակիր են և չեն կարողանում դուրս գալ շոկից, ուզում եմ ասել՝ մի՛ վախեցեք, ՄԻԱՎ-ը մահվան դատավճիռ չէ:
Զազա, 32 տարեկան
Ինձ մոտ ՄԻԱՎ հայտնաբերվել է 7 տարի առաջ: Չգիտեմ՝ ինչպես եմ վարակվել, բացի նրանից, որ ունեցել եմ չպաշտպանված սեռական կապեր, նաև օգտվել եմ ատամնաբույժի ծառայություններից: Ես դարձել եմ խտրականության զոհ անգամ ընտանիքի անդամների կողմից. նրանք սկսել էին խուսափել ինձ հետ ֆիզիկական շփումներից և ինձ համար առանձնացրել էին առանձին բաժակ և ափսե: Ես երկար ժամանակ չէի կարողանում նրանց համոզել, որ գրկախառնության և համբույրի ճանապարհով ՄԻԱՎ-ը չի փոխանցվում: Ես ընկերուհի ունեի և անհրաժեշտ համարեցի նրան տեղյակ պահել իմ ախտորոշման մասին: Դրանից հետո նա խզեց ինձ հետ հարաբերությունները: Ես բուժվում եմ և ինձ լավ եմ զգում, բայց իմ ախտորոշման մասին բացահայտ չեմ խոսում: Քանի դեռ հասարակության գիտակցության աստիճանն այսքան ցածր է, թերևս, այդ մասին չեմ էլ խոսի:
Վարակաբան Մայա Բուցաշվիլի
Նա առաջին բժիշկներից մեկն է, որը բուժել է ՄԻԱՎ-վարակակիրներին Վրաստանում: Մայան ասում է, որ վարակակիրները մինչ այժմ խտրականության են ենթարկվում:
«Ես հիշում եմ, որ 1966թ. մահացել էր ՄԻԱՎ-վարակակիր, և նրա հուղարկավորությանը ոչ մեկ չգնաց: Դեպք է եղել, երբ այրել են հիվանդի տունը: Բժիշկները չէին համաձայնում նրանց բուժել: 15 տարի առաջ Թբիլիսիում միայն մեկ գինեկոլոգ կար, որն ընդունում էր ՄԻԱՎ-վարակակիր կանանց: Չեմ կարող ասել, որ ՄԻԱՎ-վարակակիրների նկատմամբ խարանը կտրուկ քչացել է: Չնայած որ նրանց առանձնապես չեն հետապնդում կամ նեղում, հասարակությունը, այնուամենայնիվ, անհանդուրժողական է ՄԻԱՎ-վարակակիրների նկատմամբ»:
Վիճակագրություն. 606 նոր դեպք 2018թ.
Վրաստանում ՄԻԱՎ-վարակակիրների ենթադրյալ թիվը մոտ 7000 է: Համաշխարհային վիճակագրության համաձայն՝ Վրաստանը պատկանում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի տարածման ցածր մակարդակ ունեցող երկրների շարքին՝ զբաղեցնելով վերջին տեղը: Սակայն 7000-ը այսպիսի փոքր երկրի համար լուրջ թիվ է:
Վերջին վիճակագրությունն այսպիսին է.
2018թ. նոյեմբերի 9-ի տվյալներով՝ Վրաստանի վարակաբանական պաթոլոգիայի, ՁԻԱՀ-ի և կլինիկական իմունոլոգիայի բաժնում գրանցված է ՄԻԱՎ վարակի 7368 դեպք: Վարակակիրներից 5517-ը տղամարդ է,1851-ը՝ կին: Հիվանդների մեծ մասը 29-40 տարեկան է:
1989թ-ից մինչ օրս Վրաստանում ՁԻԱՀ-ով վարակվել է 3816 մարդ, նրանցից 1500-ը մահացել է: 2018թ. գրանցվել է 606 նոր դեպք: Անտիռետրովիրուսային բուժում անցնում է 4524 մարդ (նրանցից 526-ը՝ Աբխազիայում):
ՁԻԱՀ կենտրոնի տվյաներով՝ վարակվածների 40.1 տոկոսը ներարկվող թմրանյութեր օգտագործողներ են, 46.2 տոկոսը վարակվել են հետերոսեքսուալ կապի հետևանքով, շուրջ 11 տոկոսը՝ հոմո- կամ բիսեքսուալ կապերի, մոտ 1,5 տոկոսը «ուղղահայց ճանապարհով», այսինքն կան երեխաներ, որոնք վարակվել են մորից՝ հղիության ընթացքում: Վրաստանում կա 103 ՄԻԱՎ-վարակակիր երեխա: Արյան փոխներարկման հետևանքով ՄԻԱՎ-ով վարակվածները կազմում են 0.5 տոկոս:
Ի՞նչ է ՄԻԱՎ-ը
Մարդկանց մեծ մասը մինչ օրս Մարդու իմունային անբավարարության վիրուսը (ՄԻԱՎ) ասոցացնում է մահվան հետ, իսկ վարակվածներին՝ թմրամոլների, միասեռականների կամ մարմնավաճառների հետ: Մարդկանց դեռ դժվար է հավատալ, որ այդ հիվանդությամբ կարող են տառապել այլ կատեգորիայի մարդիկ: Շատերը մինչ օրս չգիտեն՝ ինչ ճանապարհներով է փոխանցվում ՄԻԱՎ-ը և խուսափում են վարակակիրների հետ տարրական կենցաղային շփումներից:
Մարդու իմունային անբավարարության վիրուսը հայտնաբերվել է նախորդ դարի վերջին: Դրա համաճարակը սկսվել էԱՄՆ-ում 1981թ., ավելի ուշ տարածվել է աշխարհում: Ենթադրվում է, որ վիրուսն ԱՄՆ է ներթափանցել Աֆրիկայից:
Վարակի ներթափանցման դեպքում օրգանիզմի իմունիտետն ընկնում է: Մի քանի տարի գործընթացն անցնում է աննկատ և զարգանում է ՁԻԱՀ-ը՝ Ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշը: ՄԻԱՎ-ով վարակվելը չի նշանակում, որ մարդը ՁԻԱՀ-ով է տառապում: Վարակվածը հիվանդանում է ՁԻԱՀ-ով միայն այն դեպքում, երբ չի կարողանում հաղթահարել ոչ մի հիվանդություն:
Այսօր ՄԻԱՎ-ն այլևս մահվան դատավճիռ չէ: Առայժմ այդ վարակից լիարժեք ազատվելու միջոց չկա, բայց դրա զարգացումը և իմունիտետի թուլացումը կանգնեցնել միանգամայն հնարավոր է:
Շնորհիվ բուժման ժամանակակից մեթոդների՝ ՄԻԱՎ-ը դարձել է խրոնիկ հիվանդություն: Վիրուսը մնում է օրգանիզմում, բայց վնաս չի հասցնում: Բուժման արդյունքում հիվանդն ապրում է լիարժեք կյանքով:
Որքան վիրուսը շուտ է հայտնաբերվում, այնքան բուժումն ավելի արդյունավետ է: Վարակակիրներն ընդունում են օրական մեկ կամ մի քանի դեղ, դեղամիջոցները կողմնակի հետևանքներ գրեթե չունեն: Կարևորն այն է, որ բուժման կուրս անցնող հիվանդն այլևս վիրուսի տարածող չէ:
Վիրուսի հայտնաբերումը վաղ փուլում կարևոր է հղիների համար. եթե վարակված մայրը հղիության առաջին երեք ամիսներին ընդունի անհրաժեշտ դեղամիջոցները, երեխան չի վարակվի:
Ժամանակակից բուժումը կարևոր է նաև նրանով, որ նպաստում է ՄԻԱՎ-ի տարածման կանխարգելմանը. արդյունքում օրգանիզմում վիրուսի առկայությունը հասցվում է նվազագույնի, և պացիենտը դադարում է լինել վարակի տարածման աղբյուր:
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ախտորոշումն ու բուժումը Վրաստանում անվճար է: Ծրագիրը ֆինանսավորվում է Վրաստանի կառավարության և Համաշխարհային ֆոնդի կողմից համատեղ:
Ֆոնդը ֆինանսավորում է նաև վնասի նվազեցման ծրագրեր: «Վնասի նվազեցման ցանցեր»-ի շրջանակում Վրաստանի 11 քաղաքներում գործում է 14 կենտրոն, որոնք տարբեր ծառայություններ են առաջարկում ներարկվող թմրանյութեր օգտագործողներին՝ նրանց ապահովում են միանգամյա օգտագործման ներարկիչներով, առաջարկում են տարբեր բժշկական օգնություն: Կենտրոններից մեկը «ՆԵՌԱ+»-ն է: Նրա ղեկավարը՝ պրոֆեսոր Մանանա Սոլոգաշվիլին, պատմում է այն խնդիրների մասին, որոնց բախվում են կենտրոնի հաճախորդները, ՄԻԱՎ-վարակակիրները՝ իրենց ախտորոշման պատճառով:
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի փոխանցման 3 միջոց
- Չպաշտպանված սեքս,
- Արյան միջոցով (ոչ ստերիլ բժշկական սարքեր, ներարկիչներ, վարակված արյան փոխպատվաստում),
3.Ուղղահայց՝ մորից երեխային:
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը չի փոխանցվում օդակաթիլային ճանապարհով, ձեռքսեղման, համբույրի, գրկախառնության, բաղնիքի ընդհանուր պարագաների օգտագործման և պաշտպանված սեքսի միջոցով:
Վրաստանում հայտնաբերված վերջին միտումները
- Վերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ թմրանյութերի ներարկման ճանապարհով ՄԻԱՎ-ի տարածումը չի աճում: Ինչպես ասում է «Վնասի նվազեցման ցանցեր» ծրագրի մենեջեր Մակա Գոգիան, դա արդյունք է անվճար ներարկիչներ բաժանելու:
- Ավելացել է ՄԻԱՎ-ի փոխանցումը տղամարդուց կնոջը՝ հետերոսեքսուալ կապի միջոցով:
- 3. Ավելացել է վարակակիրների թիվն այնպիսի դժվար հասանելի խմբերում, ինչպիսիք են տղամարդկանց հետ սեռական կապեր ունեցող տղամարդիկ:
Գլխավոր մարտահրավերները
- Ուշ ախտորոշում: «Բաց հասարակություն-Վրաստան» առողջապահական ֆոնդի ծրագրի համակարգող Մարի Չոխելին ասում է, որ «այդ 103 երեխաները չէին ծնվի, եթե նրանց մայրերը ժամանակին հետազոտություն անցնեին»:
- Բնակչության ցածր իրազեկվածությունը, ինչը, մի կողմից, նպաստում է վիրուսի տարածմանը, մյուս կողմից՝ վարակակիրների խարանավորմանը և նրանց նկատմամբ խտրականության:
- Համաշխարհային ֆոնդը, որը Վրաստանում ֆինանսավորում է ՁԻԱՀ-ի, թոքախտի և մալարիայի բուժումը, փուլ առ փուլ (մինչև 2020թ.) իր գործունեությունն է ծավալում երկրում: Այդ ծրագրերի ֆինանսավորումն ամբողջությամբ իր վրա պետք է վերցնի պետությունը: Այժմ պետությունը մասամբ իր վրա է վերցնում դեղամիջոցներ գնելը, սակայն առայժմ հայտնի չէ՝ արդյոք նա կֆինանսավորի վնասի նվազեցման ծրագրերը:
- Վրաստանում թմրանյութերի քաղաքականությունը, որով քրեական պատասխանատվություն է սահմանվում թմրամոլների համար: Մասնագետներն ասում են, որ պետության համար դժվար կլինի ֆինանսավորել վնասի նվազեցման ծրագիրը, քանի որ շահառուները չեն վստահում պետությանը: «Այժմ Համաշխարհային ֆոնդը ներարկիչները բաժանում է անանուն, բայց կարո՞ղ է պետությունը գումար ծախսել անանուն շահառուների վրա: Իսկ եթե ծրագիրն անանուն չլինի, թմրանյութերից կախվածություն ունեցողները ներարկիչների ետևից չեն գա»,- ասում է Մակա Գոգիան: