Վրաստանը շրջադարձի մեջ. ինչպե՞ս հետխորհրդային ժողովրդավարացման առաջամարտիկը վերածվեց ռուսամետ երկրի
Ինչո՞ւ Վրաստանը երես թեքեց Արևմուտքից

Վերջին երեք տարիների ընթացքում Վրաստանն անցել է այնպիսի ճանապարհով, որը քչերը կարող էին կանխատեսել։ Երկիրը, որը 2023 թվականի դեկտեմբերին ստացավ ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ, այժմ փաստացի սառեցրել է եվրաինտեգրման գործընթացը։ Հետխորհրդային տարածքում ժողովրդավարական բարեփոխումների մոդել համարվող պետությունն այժմ ընդունում է Ռուսաստանի օրինակով օրենքներ և բանտարկում մարդկանց խաղաղ բողոքի ցույցերի ժամանակ մայթեզրին կանգնելու համար։ Իսկ կառավարությունը, որը մինչ այս հռչակել էր եվրոպական արժեքներ, այժմ անցանկալի է Բրյուսելի և Վաշինգտոնի համար։
Ինչպե՞ս է սա տեղի ունեցել։ Եվ ամենակարևորը՝ հնարավո՞ր է արդյոք այս ընթացքը կանգնեցնել։
Ավելի քան 400 օր է, ինչ Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում, ամեն երեկո ծածանվում են Վրաստանի, Եվրամիության և Ուկրաինայի դրոշները, ինչպես նաև արդեն հայտնի դարձած պաստառներ, որոնցով մարդիկ պահանջում են քաղբանտարկյալների ազատ արձակում, արդար ընտրությունների անցկացում և հակաժողովրդավարական օրենքների չեղարկում։
Մարդիկ կրկին ու կրկին հավաքվում են խորհրդարանի շենքի մոտ։ Ոմանք գալիս են աշխատանքից հետո, ոմանք՝ երեխաների կամ ընտանի կենդանիների հետ, իսկ ոմանք՝ բողոքի ակցիաներին մասնակցելու համար ոստիկանության կողմից հարցաքննվելուց հետո։
Բազմությունը մեծանում է, ապա նվազում։ Երբեմն դա տասնյակ հազարավոր մարդկանց երթ է, երբեմն՝ մայթեզրերին կանգնած ընդամենը մի քանի հարյուր համառ ակտիվիստների:
Սակայն բողոքի ցույցերը չեն դադարում։ Դրանք անընդհատ շարունակվում են այն բանից հետո, երբ իշխանությունները 2024 թվականի նոյեմբերի 28-ին հայտարարեցին, որ կասեցնում են ԵՄ անդամակցության բանակցությունները։
Այս հայտարարությանը հաջորդեցին կոնկրետ քայլեր. օտարերկրյա գործակալների մասին օրենքից բացի, որը Ռուսաստանի օրենսդրության պատճենն է, և պահանջում է, որ արտասահմանից ֆինանսավորվող ՀԿ-ները գրանցվեն որպես «օտարերկրյա տերության շահերը սպասարկող կազմակերպություններ», Վրաստանը վերջին երկու տարիների ընթացքում ընդունել է ևս մեկ տասնյակ հակաժողովրդավարական օրենքներ։ Դրանք նման են Ռուսաստանի Դումայի կողմից ընդունված օրենքներին և միտված են երկրում ժողովրդավարական գործընթացները լիովին խեղդելուն։
Իսկ վերջերս Վրաստանի պատմության մեջ առաջին անգամ դատապարտվել և մի քանի օրով բանտարկվել են մարդիկ, որոնք ընդամենը խաղաղ բողոքի ակցիայի ժամանակ մայթին են կանգնած եղել։
«Իմ երկիրն անճանաչելիորեն փոխվել է»,- ասում է Թբիլիսիի քաղաքային դատարանի շենքի դիմաց ընթացող բողոքի ակցիայի 35-ամյա մասնակից Խաթունա Նանուաշվիլին։ Նա սպասում է բողոքի ակցիայի ժամանակ մայթին կանգնած իր ընկերոջ դատավարության արդյունքներին։ «Ես զգում եմ, որ գտնվում եմ մղձավանջի մեջ, որը չի ավարտվում»։
Այս արտահայտությունը այսօր Վրաստանում շատերից կարելի է լսել։
«Հաջողության պատմությունից» մինչև արևմտամետ կուրսի տապալում
2000-ականների վերջին և 2010-ականներին Վրաստանը օրինակելի էր՝ արագացված բարեփոխումներ, կոռուպցիայի դեմ ցուցադրական պայքար, «մենք Եվրոպան ենք» հռետորաբանություն և ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին միանալու ռազմավարական նպատակ։
Եվրոպացի պաշտոնյաները երկիրն անվանում էին «ժողովրդավարության ֆորպոստ Հարավային Կովկասում», իսկ ԵՄ թեկնածուի կարգավիճակը դիտարկվում էր որպես տրամաբանական հաջորդ քայլ։
Պարադոքսն այն է, որ Վրաստանը կտրուկ հեռացավ Արևմուտքից հենց այն ժամանակ, երբ ամենամոտն էր դրան՝ դարձել էր անդամակցության թեկնածու։
Վրաստանում տեղի ունեցողն աննախադեպ է ԵՄ ընդլայնման պատմության մեջ։ Այդ կարծիքին է վրացի քաղաքագետ և Վրաստանի քաղաքականության ինստիտուտի (GIP) տնօրեն Կոռնելի Կակաչիան։
«Թեկնածուները երբեմն հետ են քաշվել, բայց Վրաստանում տեղի ունեցողը այլ է։ Ժողովրդավարական հետընթացը մի բան է, բայց Վրաստանը ուղղակիորեն շարժվում է դեպի ավտորիտարիզմ։ Ավելին, առաջին անգամ մենք տեսնում ենք «ռեվերսային պայմանականություն», երբ թեկնածու երկիրն ինքն է սահմանում պայմանները։ Այլ կերպ ասած, ոչ թե ԵՄ-ն է պահանջում բարեփոխումներ, այլ Վրաստանն է պահանջում ԵՄ փոփոխություն»։
Իրավիճակն իսկապես պարադոքսալ է։ Վրաստանը պաշտոնապես ԵՄ թեկնածուի կարգավիճակ է ստացել 2023 թվականի դեկտեմբերի 14-ին։ Սակայն ընդամենը վեց ամիս անց գործընթացը սառեցվեց։ 2024 թվականի հոկտեմբերին Եվրոպական հանձնաժողովը պաշտոնապես հաստատեց, որ Վրաստանի անդամակցության գործընթացը փաստացի դադարեցվել է վրացական կառավարության գործողությունների պատճառով։
2024 թվականի հոկտեմբերի 26-ի վիճահարույց ընտրությունները, որոնցում «Վրացական երազանքը» հաղթանակ տարավ ձայների 54%-ով, միայն վատթարացրին իրավիճակը։
Միջազգային դիտորդներն արձանագրեցին լայնածավալ խախտումներ, այդ թվում՝ ընտրողների ահաբեկում, քվեարկության մանիպուլյացիաներ և դիտորդների աշխատանքին միջամտություն։ 2025 թվականի փետրվարի 13-ին Եվրոպական խորհրդարանն ընդունեց բանաձև, որով ընտրությունների արդյունքներն օրինական չճանաչեց և պահանջեց միջազգային հսկողության ներքո նոր ընտրություններ անցկացնել։
Շրջադարձի պատճառները. ներքին տրամաբանությունն ընդդեմ եվրոպական ամբիցիաների
Ո՞րն էր այս դրամատիկ շրջադարձի հիմնական պատճառը՝ ներքաղաքակա՞ն, թե՞ աշխարհաքաղաքական հաշվարկները։
«Սկզբունքորեն, երկու գործոններն էլ առկա են, բայց գլխավորը սկսվում է ներքինից»,— պնդում է Կոռնելի Կակաչիան։
Նա շրջադարձի սկիզբը թվագրում է «ռուսական օրենքից» և զանգվածային բողոքի ցույցերից շատ առաջ.
«Այն, որ Վրաստանը հեռացել էր արևմտյան ուղուց, արդեն պարզ էր 2018 թվականին։ Աստիճանաբար տեսանելի դարձավ, որ վրացական իշխանությունները դիմադրում են օրենքի գերակայությանը և իրավական բարեփոխումներին։ Այդ պահից սկսած «Վրացական երազանքի» կառավարությունը ավելի ու ավելի էր խոչընդոտում ԵՄ-ի կողմից թեկնածու երկրներին պարտադրվող պայմանների կատարմանը»։

Բրյուսելը պահանջեց, որ Վրաստանը իրականացնի կոնկրետ առաջարկություններ՝ սկզբում 12, ապա՝ 9։ Դրանց թվում էին դատական բարեփոխումները և ընտրական օրենսդրության բարեփոխումները։
Մասնագետները կարծում են, որ Եվրամիության կողմից սահմանված պայմանները դարձան այն ֆիլտրը, որի միջոցով վերջապես բացահայտվեց կառավարության իրական կուրսը։
«Այս գործընթացը ամեն ինչ լիովին պարզ դարձրեց», — ասում է Կակաչիան։ «Մինչ այդ «Վրացական երազանքը» հույս ուներ պաշտոնապես ձևացնել ժողովրդավարացումը։ Սակայն դա արդեն հստակ դարձրեց. «Վրացական երազանքը», կամ առնվազն դրա հետևում կանգնած օլիգարխը, որոշել է, որ ԵՄ-ին միանալը և դրա առաջարկությունների իրականացումը սպառնալիք են ռեժիմի և նրա երկարակեցության համար»,— բացատրում է փորձագետը։
Նրա կարծիքով՝ Ուկրաինայում ընթացող պատերազմը միայն արագացրել է գործընթացը, բայց հիմնական պատճառները ներքին են։
Մասնագետը առաջարկում է մտավարժանք անել. «Եթե վաղը ԵՄ առաջնորդները «Վրացական երազանքին» ասեն, որ ճանաչում են իրենց կառավարությունը այնպիսին, ինչպիսին այն այսօր է, արդյո՞ք հռետորաբանությունը կփոխվի։ Վստահ եմ, որ կփոխվի։ Վաղը քարոզչությունը կսկսի ասել, որ ԵՄ-ն հրաշալի է»։
Հիմքում ռեժիմի ինքնապահպանման բնազդն է։
«Վրացական երազանքը», որը հիմնադրվել է Ռուսաստանում կարողություն կուտակած, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի կողմից, ձգտում է իշխանության չորրորդ ժամկետին։ Կուսակցությունը հիանալի հասկանում է, որ իրական ժողովրդավարության, ազատ ընտրությունների և անկախ դատական համակարգի պայմաններում իշխանությունը պահպանելը չափազանց դժվար կլինի։ ԵՄ-ն հենց դա է պահանջում՝ օրենքի գերակայություն, անկախ ինստիտուտներ և լրատվամիջոցների ազատություն։
«Նրանց նպատակն է, որ ինչպես վրացական հասարակությունը, այնպես էլ միջազգային հանրությունը սովորեն այս իրականությանը», — իշխանությունների տրամաբանությունը բացատրում է Կակաչիան։ «Վրացական իշխանությունները կարծում են, որ եթե Վրաստանը աշխարհաքաղաքական առումով կարևոր է Արևմուտքի համար, ապա ԵՄ-ն և ԱՄՆ-ն պետք է հրաժարվեն իրենց արժեքային սկզբունքներից և ընդունեն Վրաստանն այնպիսին, ինչպիսին այն կա՝ ճիշտ այնպես, ինչպես նրանք հանդուրժում են Օրբանի ռեժիմը Հունգարիայում»։
Սակայն այս ռազմավարությունն ունի էական թերություն։
«Եվրամիությունը չի ընդունի ադրբեջանական ոճի պետություն», — ասում է փորձագետը։ Ադրբեջանն ունի նավթ և գազ, իսկ Վրաստանը միշտ Արևմուտքի կողմից դիտարկվել է որպես տարածաշրջանում եվրոպական և ժողովրդավարական շահերի ֆորպոստ։ Եթե Վրաստանը կորցնի այս կերպարը, այն կդառնա սովորական հետխորհրդային երկիր։
Միջազգային հարաբերությունների փորձագետ, Վրաստանի նախկին փոխարտգործնախարար Սերգի Կապանաձեն մեկնարկային կետը տանում է ավելի հեռու՝ դեպի 2016 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո իրականացված սահմանադրական բարեփոխումներ.
«Ինձ համար թեստ էր նոր Սահմանադրությունը, երբ նրանք վերացրին նախագահական ուղղակի ընտրությունները, սկսեցին խեղդել բոլոր ինստիտուտները և ստեղծեցին միակուսակցական ավտորիտար համակարգ: Այդ ժամանակ պարզ դարձավ, որ ո՛չ ժողովրդավարություն, ո՛չ էլ եվրաինտեգրում այլևս չի լինի: Այդ ամենը գոյություն ուներ միայն հռետորաբանության մակարդակում»:
Այլ կերպ ասած, ինչպես նշում են փորձագետները, փաստացի արևմտամետ կուրսը բավականին երկար ժամանակ ծառայում էր որպես «ֆասադ», որի հետևում զուգահեռ գործընթաց էր ընթանում. համակարգի ներքին ճարտարապետությունը ակտիվորեն վերակառուցվում էր՝ «Վրացական երազանքի» և դրա առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիի երկարատև կառավարումն ապահովելու համար:
Ուկրաինայի պատերազմը՝ որպես արագացուցիչ. երբ ռուսամետ ուղղությունն ակնհայտ դարձավ
Վրացի փորձագետների կողմից մատնանշված երկրորդ կարևոր շրջադարձային կետը 2022 թվականն է և Ռուսաստանի պատերազմը Ուկրաինայի դեմ։
Այստեղ մի քանի միտումներ համընկնում էին.
Հասարակությունը սպասում էր Կիևի հետ հստակ համերաշխությանը, ՌԴ դեմ պատժամիջոցներին միանալուն և ԵՄ թեկնածուի կարգավիճակի համար ակտիվ լոբբինգին։
Այնուամենայնիվ, իշխանությունները ընտրեցին «չեզոքության» լեզուն, հրաժարվեցին պատժամիջոցներից և սկսեցին բացահայտորեն օգտագործել «պատերազմի և խաղաղության» թեման՝ հակառակորդների դեմ ներքին մոբիլիզացիա իրականացնելու համար։
«Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժելուց, պատժամիջոցներին չմիանալուց, հակաուկրաինական և հակաարևմտյան հռետորաբանությունից հետո ամեն ինչ չափազանց պարզ դարձավ նույնիսկ «Վրացական երազանքի» շատ կողմնակիցների համար։ Իսկ նոյեմբերի 28-ը դարձավ գործընթացի վերջին դրվագը»,— ասում է Կակաչիան։
Քաղաքական վերլուծաբան Զուրաբ Փարջիանին, որը հայտնի YouTube ալիքի «Mismine» վերլուծական ծրագրի վարողն է, նույնպես ընդգծում է Ուկրաինայի պատերազմի դերը՝ որպես արևմտյան քաղաքականությունից նահանջի խթան։

«Վրացական երազանքը» գաղափարախոսություն չունի։ Նրանք միշտ գործում են ըստ իրավիճակի և դեպքերի։ Երբ պատերազմը սկսվեց, նրանք հենց հաջորդ օրը խաղադրույք կատարեցին Ռուսաստանի հաղթանակի վրա, որ Ռուսաստանը կխեղդի Ուկրաինան, կկլանի այն և կհաղթի… Կարելի է ասել, որ նրանք խաղադրույք կատարեցին սխալ կողմի վրա»։
Անձնական գործոն՝ Իվանիշվիլիի վախերը
Մասնագետները կարծում են, որ որպես առանձին գործոն կարելի է դիտարկել նաև անձամբ Իվանիշվիլիին և սեփական կապիտալի հետ կապված նրա ունեցած վախերը։

«Ես դա նաև ընկալում եմ որպես մեկ անձի որոշում։ Ինչ-որ պահի այդ մարդը [խոսքը Բիձինա Իվանիշվիլիի մասին է] խրվեց։ Նա մտածեց, թե բոլորը իր դեմ են։ Խոսքը մեկ անձի իռացիոնալ վախերի և պարանոյայի մասին է»,- ասում է Փարջիանին։
Իշխող «Վրացական երազանք» կուսակցության պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին բազմիցս հայտարարել է, որ իրեն շանտաժի են ենթարկում։ Նա այդ «ֆինանսական շանտաժի» մեջ մեղադրում է, այսպես կոչված, «գլոբալ պատերազմի կուսակցությանը» և «խորը պետությանը», այլ ոչ թե ԱՄՆ-ին կամ ԵՄ-ին։
Վերջին տարիներին այս տերմինները դարձել են վրացական քաղաքական բառապաշարի անբաժանելի մասը։ Իշխանությունները մշտապես մեղադրում են արևմտյան երկրներին երկրի ճգնաժամի համար՝ օգտագործելով «գլոբալ պատերազմի կուսակցություն» և «խորը պետություն» տերմինները։
«Ֆունկցիոնալ ռուսամետ» արտաքին քաղաքականություն. արդյունքն ավելի կարևոր է, քան դրդապատճառները
Հարցին, թե արդյոք այսօր Վրաստանը կարելի է համարել ռուսամետ երկիր, փորձագետները պատասխանում են զգուշորեն, բայց նրանց դիրքորոշումները համընկնում են։
Կակաչիա. «Մենք տեղեկություններ չունենք այն մասին, թե արդյոք կառավարությունը ամեն օր հրահանգներ է ստանում Ռուսաստանից։ Հետևաբար, բոլորը, բացի քաղաքական գործիչներից, խուսափում են ուղիղ պատասխանից։ Բայց եթե հարցնեք, թե ով է ամենաշատը օգտվում Վրաստանի ներկայիս արտաքին և ներքին քաղաքականությունից, պատասխանը ակնհայտ է՝ Ռուսաստանը։ Որքան մեկուսացված է դառնում երկիրը, որքան ավելի բռնաճնշող է դառնում նրա քաղաքականությունը, որքան մենք հեռանում ենք ժողովրդավարությունից և օրենքի գերակայությունից, այդքան մոտենում ենք Ռուսաստանին։ Գաղափարախոսական մերձեցումն արդեն տեղի է ունեցել»։
Կապանաձե. «Ես կարծում եմ, որ նրանց արտաքին քաղաքականությունը ֆունկցիոնալ իմաստով ռուսամետ է»։ «Ֆունկցիոնալ» ասելով՝ նկատի ունեմ, որ նրանց արած ամեն ինչ ծառայում է Ռուսաստանի շահերին, այլ ոչ թե Վրաստանի։ Մեզ համար էական չէ՝ դա մեկ անձի գաղափարախոսությո՞ւն է, Ռուսաստանի հետ կոնկրետ կապերի՞, թե՞ Մոսկվայի ուղղակի վերահսկողության արդյունք։ Մենք դա չենք իմանա, մինչև ինչ-որ մեկը չգտնի հրահանգները։ Սակայն գլխավորն այն է, թե ինչ արդյունքի կհասնենք։ Հռետորաբանության մեջ նրանք կարող են չգովաբանել Պուտինին, բայց, ըստ էության, նրանց կայացրած յուրաքանչյուր որոշում համապատասխանում է Ռուսաստանի շահերին»։
Եվ խոսքը միայն պատժամիջոցների վերացման և տնտեսական կախվածության մեծացման մասին չէ։ Մասնագետները կարծում են, որ համընկնող վեկտորները շատ ավելի լայն են.
– «ավանդական արժեքների» լեզվի նորմալացում և «լիբերալ ՀԿ-ների» դեմ պայքար,
– որպես «հեղափոխությունների աղբյուր»՝ «կոլեկտիվ Արևմուտքի» վրա հարձակումները,
– եվրաինտեգրման բուն իմաստը վերաշարադրելու փորձ՝ արժեքներից մինչև «եվրոպական փող առանց եվրոպական կանոնների»։
Արևմտամետ լինելը՝ ինքնություն․ մի՞ֆ է, թե՞ իրականություն
Առանցքային հարցերից մեկն այն է, թե արդյոք Վրաստանի արևմտամետ դիրքորոշումը իրական հանրային ընտրություն էր, թե՞ էլիտաների կողմից կառուցված քաղաքական ճակատ։
Պատմաբան Բեկա Կոբախիձեն կարծում է, որ այսօր Վրաստանում պայքարը ոչ այնքան արտաքին քաղաքականության կուրսի, որքան հանրային գիտակցության մասին է։

«Եթե բացեք 19-րդ դարի վրացական մամուլը,- ասում է նա,- կգտնեք քննարկումներ Եվրոպայի մասին՝ ինչպես են նրանք ապրում այնտեղ, ինչպիսին են նրանց տեխնոլոգիաները, տնտեսությունը, նորաձևությունը և կրթությունը: Նույն ուղերձը կրկնվում է՝ մենք ուզում ենք այդպես ապրել: Սա Վրաստանի համար զարգացման բնական ուղղություն է, այն դրսից չի պարտադրվել»:
Կոբախիձեի խոսքով՝ նույնիսկ խորհրդային շրջանում եվրոպական վեկտորը մնացել է հանրության՝ ապագայի ընկալման մաս:
«Նույնիսկ խորհրդային համակարգի մարդը՝ Էդուարդ Շևարդնաձեն, ի վերջո ստիպված էր ընտրել եվրոպական ուղին, քանի որ Վրաստանի համար այլ ուղի պարզապես չէր կարող լինել: Դա կամ Եվրոպան էր, կամ ռուսական գաղութ դառնալը»:
Ահա թե ինչու ներկայիս շրջադարձը, ըստ պատմաբանի, շատերի կողմից ընկալվում է որպես երկրի ինքնությունը վերաշարադրելու փորձ՝ աշխարհում իրենց տեղի մասին վրացիների ընկալումը փոխելու համար:
Կոռնելի Կակաչիան հիշեցնում է հասարակական կարծիքի կառուցվածքը. «Վերջին 10-15 տարիների ընթացքում միշտ եղել է 15-20% ռուսամետ հատված։ Բայց երբ կառավարությունն այդ տրամադրություններին հաղորդում է քարոզչական տեսք, ի հայտ են գալիս տատանվողներ։ Բացի այդ, Ռուսաստանն ակտիվորեն օգնում է, մասնավորապես՝ տնտեսության, զբոսաշրջության և մշակույթի միջոցով։ Կարևոր է, որ այդ [ռուսամետ] տրամադրությունները հիմնականում ունեն 50 տարեկանից բարձր մարդիկ։ Երիտասարդները «Էրազմուսի սերունդն» են։ Ահա թե ինչու են նրանք ասում, որ ավագ սերնդի մի մասը փորձում է զրկել երիտասարդներին ապագայից և արգելափակում է եվրաինտեգրումը»։
Կապանաձեն արևմտամետ տրամադրությունների մեջ ավելի խորը շերտ է տեսնում.
«Շատերի համար արևմտամետ տրամադրությունները պարզապես ժողովրդավարության, զարգացման և նորմալ կյանքի մասին են։ Բացի այդ, կա պատմական հիշողություն՝ քրիստոնեական ավանդույթը, Առաջին Հանրապետությունը, 1990-ականների փորձը։ 2000-ականներին՝ «Վարդերի հեղափոխությունից» հետո, էլիտաները մեծ դեր խաղացին այս տրամադրությունների արդիականացման գործում։ Ես չէի հակադրի դրանք. դա և՛ ժողովրդի ընտրությունն էր, և՛ էլիտայի գործողությունների արդյունքը։ Եվրոպական կողմնորոշումը պարզապես նշանակում է ժողովրդավարություն, զարգացում և անվտանգություն։ Առանց այդ արժեքների եվրաինտեգրումն անիմաստ է»։
Հասարակությունը՝ որպես իմունային համակարգ ավտոկրատիայի դեմ
Հարցին, թե արդյոք հասարակությունը պատրաստ է պաշտպանել իր եվրոպական ընտրությունը, երկու փորձագետների պատասխաններն էլ բավականին կոշտ էին. դիմադրություն կա, այն մասշտաբային է, բայց ոչ կառուցվածքային։

Կակաչիա.
«Հասարակությունն իսկապես պայքարում է։ Այն կարող է հոգնած թվալ, բայց փաստն այն է, որ վրացական հասարակությունը չի ընդունում ավտոկրատիան։ Այն նման է վիրուսով վարակված օրգանիզմի՝ օրգանիզմը դիմադրում է։ Իրավիճակը դեռևս վերջնական չի զարգացել։ Չնայած քաղհասարակության ծանր վիճակին և ուժեղ ավտորիտար միտումներին՝ ռեժիմը չի կարողանում լիովին կոնսոլիդացվել։ «Վրացական երազանքը» նստած է վառոդի տակառի վրա. բողոքի ցույցերը շարունակվում են, և նրանք չեն կարողացել դրանց թափը կոտրել»։
Կապանաձե.
«Հասարակությունն ապացուցել է, թե որքանով է պատրաստ դիմադրել այս գործընթացին, և այս պայքարը շարունակվում է։ Ես չեմ կարծում, որ հասարակությունը հրաժարվել է ժողովրդավարությունից, զարգացած տնտեսությունից, անվտանգությունից կամ Եվրոպայից։ Բայց երբ հաստատվում է բռնապետություն, և իշխանությունն օգտագործում է բոլոր մեխանիզմները այն կոնսոլիդացնելու համար, շատ դժվար է հասնել արագ և արդյունավետ դիմադրության։ Վերջին հաշվով, քաղաքական բաղադրիչը դեռևս որոշիչ է։ Անհրաժեշտ է ավելի մեծ քաղաքական կոնսոլիդացիա։ Դիմադրությունը կարևոր է ոչ միայն փողոցներում, այլև քաղաքական ասպարեզում։ Առանց դրա հանրային դիմադրությունը բավարար չի լինի»։
Հիմնական դեֆիցիտը փողոցային բողոքի ցույցերի, քաղհասարակության և արդյունավետ քաղաքական այլընտրանքի միջև կապն է։ Քանի դեռ այն չի ձևավորվել, ռեժիմն ունի մանևրելու տեղ։
Արևմուտքի դիրքորոշումը․ աջակցության և «եվրահոգնածության» միջև
Հարցազրույցը ընդգծում է մեկ այլ պարադոքսալ գիծ՝ Արևմուտքի դերը։
Կակաչիա.
«Բրյուսելը ծանր վիճակում է՝ պատերազմը Ուկրաինայում, Թրամփի գործոնը, ներքին ճգնաժամերը։ Այս ֆոնին Վրաստանը առաջնահերթություն չէ, բայց ԵՄ-ն չի լքում մեզ։ «Վրացական երազանքը» ուրախ կլիներ տեսնել, որ ԵՄ-ն ընդհանրապես հանել է Վրաստանն իր օրակարգից, բայց դա տեղի չի ունենում։ Նրանք հաշվի են առնում հանրային դիմադրությունը։ Իհարկե, ԵՄ-ն կարող էր ավելին անել, բայց դրա կառուցվածքները բարդ են, ներառյալ Հունգարիան և այլ երկրներ։ Նրանք ներկայումս գտնվում են սպասողական վիճակում՝ հույս ունենալով, որ հանրային դիմադրությունը կբարելավի իրավիճակը։ Հակառակ դեպքում կկիրառվեն այնպիսի միջոցներ, ինչպիսիք են առանց վիզայի ռեժիմի վերացումը»։

Կապանաձե.
«Աջակցությունը եղել է և կա, և այն բավարար է։ Բայց ոչ ոք մեր գործը չի անի մեր փոխարեն՝ ո՛չ Բրյուսելը, ո՛չ էլ ԱՄՆ-ն։ Արևմուտքը շատ բան չի կարող անել սեփական կոնսենսուսի բացակայության պատճառով։ Միակ բանը, որ նա կարող է անել, բռնապետությանը ստիպելն է ծանր գին վճարել։ Բայց դա ժամանակ է պահանջում։ Վերջին խոսքը դեռ ներքին գործընթացներինն է։ Արտաքին գործոնը երկրորդական է, և «Վրացական երազանքի» քարոզչությունը, որը ամեն ինչ ներկայացնում է որպես դրսից վերահսկվող, դիտավորյալ խեղաթյուրում է իրականությունը»։
Ըստ էության, Արևմուտքը խրված է Վրաստանը «չկորցնելու» ցանկության և ավտորիտար շրջադարձը օրինականացնելու դժկամության միջև։ Թբիլիսիի համար սա բացում է դուռ ցինիկ խաղի համար, այն է՝ դիմել Թրամփի Ամերիկային, սիրախաղ անել ԵՄ եվրասկեպտիկների հետ, մնալ թեկնածու երկիր և միաժամանակ քանդել ժողովրդավարական ինստիտուտները։
Ի՞նչ սպասել. 3 սցենար և պատասխանատվության զգացում
Վրաստանը երկար ժամանակ ապրում էր այն համոզմամբ, որ «մեզ մոտ նման բան տեղի չի ունենա», «Վրաստանը Բելառուս չէ», ժողովուրդը թույլ չի տա ռուսական սցենարը, լիարժեք բռնապետություն չի լինի, Եվրոպայից շրջադարձ չի լինի և այլն։
Վրացի փորձագետները կարծում են, որ ինստիտուտներն ու հասարակությունն իսկապես ավելի ուժեղ էին, քան Ռուսաստանում կամ Բելառուսում, բայց ոչ այնքան, որ ավտոկրատիան անհնար դարձնեին։
Հեգնականն այն է, որ հենց եվրոպական կարգավիճակն ու արևմտամետ համբավն էին, որ ռեժիմին մանևրելու տեղ տվեցին. Բրյուսելն ու Վաշինգտոնը երկար ժամանակ հույս ունեին, որ «իրավիճակն ինչ-որ կերպ կշտկվի»։
Իսկ Թբիլիսիում հավատում էին, որ «Արևմուտքը թույլ չի տա»։ Երկուսն էլ հույսը դնում էին իներցիայի վրա։ Փորձագետների կարծիքով՝ հենց այս իներցիան էր, որ թույլ տվեց շրջադարձին այդքան հեռուն գնալ։
Երբ փորձագետներին հարցնում են ապագայի մասին, նրանք առանց պատրանքների պատասխանում են՝ ամեն ինչ կարող է ընթանալ ամենավատ սցենարով, և սա տեսություն չէ։
Եթե համատեղենք նրանց դիրքորոշումները, ի հայտ կգան 3 հիմնական սցենարներ՝
– լիովին կոնսոլիդացված բռնապետություն ռուսական ուղեծրի ներսում,
– կառավարվող ավտորիտարիզմ՝ սառեցված եվրոպական ինտեգրացիայով և «թեկնածուի» կարգավիճակով,
– քաղաքական շրջադարձ ներսից՝ ընդդիմության համախմբման, երկարատև բողոքի ցույցերի և Արևմուտքի սինքրոնացված աջակցության միջոցով։
Կակաչիա.
«Այսօր միջազգային իրավիճակն այնպիսին է, որ ոչինչ չի կարելի բացառել։ Երբեմն թվում է, թե ռուս-ուկրաինական պատերազմի ավարտից հետո իշխանությունները ցանկանում են, որ Վրաստանը այլևս չհամարվի թեկնածու երկիր և «Ասոցացված եռյակի» անդամ, այլ վերադառնա «մոխրագույն գոտի»։ Սակայն փաստն այն է, որ հանրությունն ու քաղհասարակությունը դրա հետ համաձայն չեն։ Իրադարձությունների զարգացումը հիմնականում կախված է երկրի ներսում լուծում գտնելուց։ Քաղաքացիներն իրենք պետք է ելք գտնեն։ Միջազգային հանրության աջակցությունը կարևոր կլինի, բայց վճռական արտաքին աջակցությունը քիչ հավանական է»։
Կապանաձեն ռիսկը ձևակերպում է ավելի կոշտ.
«Կարո՞ղ է Վրաստանը հեռանալ Արևմուտքից։ Այո։ Բռնապետությունը երկար ժամանակով կհեռացնի Վրաստանը Արևմուտքից։ Արդյո՞ք Արևմուտքը կզիջի Վրաստանը։ Կարծում եմ՝ Արևմուտքը սկզբունքորեն մերժում է բռնապետությունը։ Որոշ հարաբերություններ կարող են մնալ, բայց լեգիտիմություն չի լինի։ Հիմնական ռիսկն այլ է. եթե բռնապետությունը հաստատվի վերջնականապես, մենք կկորցնենք ոչ միայն մեր արևմտյան կողմնորոշումը, այլև ժողովրդավարությունը։ Եվ դա կհանգեցնի ինքնիշխանության, բարգավաճման և անվտանգության կորստի, քանի որ Վրաստանում բռնապետությունը չի կարող ապահովել անվտանգություն։ Դա կնշանակի, որ երկիրը լիակատար մեկուսացվում է Արևմուտքից և հայտնվում Ռուսաստանի ազդեցության գոտում։ Իսկ Ռուսաստանի ազդեցության գոտում գտնվելն ուղղակի անկախության կորստի բաղադրատոմս է»։
Նյութը պատրաստվել է Լուրերի փոխանակման մեդիացանցի (Медиасеть) աջակցությամբ
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Ինչո՞ւ Վրաստանը երես թեքեց Արևմուտքից