Ապրիլի 12-ին Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը (ՔԶԱԿ) հրապարակել է ռուս նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր՝ Յուլյայի թունավորման իր հետաքննության արդյունքները: Ինչպես ավելի վաղ հայտնել էր JAMnews—ը, նրանք թունավորվել էին մարտի 4-ին անգլիական Սոլսբերի քաղաքում: Սկրիպալը Մեծ Բրիտանիայում էր բնակվում 2010թ-ից, նա այնտեղ համագործակցում էր բրիտանական հետախուզության հետ:
«Նովայա գազետայի» տեղեկատվության համաձայն՝ ՔԶԱԿ-ի հետաքննությունը հաստատել է բրիտանական ոստիկանության հետաքննության արդյունքները, որոնք «վերաբերում են Սոլսբերիում օգտագործված թունաքիմիկատի նույնականացմանը»: Ավելի վաղ Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել էր, որ Սկրիպալն ու նրա դուստրը թունավորվել են «Նորեկ» նյարդապարալիտիկ նյութով, որն արտադրվում էր ԽՍՀՄ-ում: Մեյն ընդգծել էր, որ Ռուսաստանն ուղղակիորեն կամ անուղղակիորեն կապված է Սկրիպալի թունավորման հետ, քանի որ «Նորեկն» արտադրվում էր միայն ԽՍՀՄ-ում: Ավելի ուշ բրիտանական Փորթոն-Դաուն լաբորատորիայի փորձագետները նույն եզրակացությանն էին հանգել:
ՔԶԱԿ եզրակացությունները հիմնված են թունավոր նյութի հետազոտության վրա, որի նմուշները հավաքվել էին հանցագործության վայրում: ՔԶԱԿ հայտարարության համաձայն՝ հետազոտություններն անցացվել են 4 հեղինակավոր լաբորատորիաների կողմից, որոնք լաբորատորիայի մշտական գործընկերներն են:
ՔԶԱԿ հայտարարությունում ասված է նաև. «Նույնականացված թունավոր քիմիական նյութի անվանումն ու կառուցվածքը նշված են քարտուղարության հույժ գաղտնի զեկույցում, որն ուղարկվել է (կազմակերպության — JAMnews) մասնակից պետություններին»: Սեփական հետաքննության որևէ մանրամասներ ՔԶԱԿ-ը չի հաղորդել:
Ապրիլի 14-ին Սկրիպալի գործի վերաբերյալ մեկնաբանությամբ է հանդես եկել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Նա հայտարարել է, որ, ըստ շվեյցարական «Շպից» լաբորատորիայի տվյալների, ռուս նախկին հետախույզը թունավորվել է BZ քիմիկատով, որը Ռուսաստանում չի արտադրվում և ՆԱՏՕ-ի անդամների զինանոցում է առկա:
«Շպիցը»՝ ՔԶԱԿ լիազոր լաբորատորիան, Լավրովին Թվիթերում է պատասխանել. «Միայն ՔԶԱԿ-ը կարող է մեկնաբանել այդ պնդումը, սակայն մենք կարող ենք կրկնել այն, ինչ հայտարարել ենք 10 օր առաջ. մենք չենք կասկածում, որ Փորթոն-Դաունը նույնականացրել է «Նորեկը»»:
BZ-ն՝ նյարդապարալիտիկ թույնը, որի մասին խոսել է Ռուսաստանի արտգործնախարարը, մարդուն շարքից հանում է մինչև չորս օր ժամկետով: Յուլյա Սկրիպալը հիվանդանոցից դուրս է գրվել ապրիլի 10-ին, նրա հայրը նախկինի պես հոսպիտալում է: