«Ադրբեջանի առնչությամբ ընդունված վերջին բանաձևը [ԵԽԽՎ] մեզ համար թղթի կտորի արժեք ունի։ Մենք չենք ընդունում այնտեղ հնչած հորինված մեղադրանքներից ոչ մեկը և չենք կատարելու այդ «պահանջներից» ոչ մեկը», – հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևըփետրվարի 5–ին Թուրքիայիարտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի հետ հանդիպմանը։
Խոսքը հունվարի վերջին ԵԽԽՎ ընդունած բանաձևի մասին է «Ադրբեջանում քաղբանտարկյալների առնչությամբ հաղորդագրությունների մասին գործով»։ Դրանում ասվում է, որ Ադրբեջանում քաղբանտարկյալների խնդիրը «համակարգային բնույթ» է կրում և այն պետք է մեկընդմիշտ լուծել։
Ադրբեջանի պատվիրակությունը կտրականապես հերքել է, որ Ադրբեջանում քաղբանտարկյալներ կան, և դեմ է եղել բանաձևի ընդունմանն, իսկ Թուրքիայի և ևս մի քանի երկրների ներկայացուցիչներ նրան աջակցություն են հայտնել։
«Ադրբեջանը փորձում են միայն սև գույներով ներկայացնել և կրկին, հիմնվելով անհիմն, շինծու տվյալների վրա, զեկույցներ են հրապարակում և բանաձևեր ընդունում։ Թե իբր Ադրբեջանում քաղբանտարկյալներ կան, իբր Ադրբեջանում խոչընդոտում են ժողովրդավարական գործընթացը։ Այդ ամենը սուտ է, Ադրբեջանում քաղբանտարկյալներ չկան, մենք դա լավ գիտենք», – ասել է Իլհամ Ալիևը Չավուշօղլուի հետ հանդիպմանը։
Տվյալ պահին միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները շատ ցածր են գնահատում Ադրբեջանում մարդու իրավունքների և խոսքի ազատության մակարդակը։ Իսկ Ադրբեջանում քաղբանտարկյալների հարցերով ԵԽԽՎ զեկուցող Տորխիլդուր Սուննա Էվարսդոտիրն ամեն անգամ իր զեկույցներում անդրադառնում է այս խնդրին։ Սակայն պաշտոնական Ադրբեջանը նույնքան համառորեն դա հերքում է։
Ըստ ադրբեջանցի իրավապաշտպանների ցուցակների՝ երկրում քաղբանտարկյալների թիվը տվյալ պահին կազմում է 120–136 մարդ։
Չավուշօղլուի հետ հանդիպմանն Ալիևն ասել է նաև, որ Եվրախորհրդում «դեգրադացիայի գործընթաց է գնում»։
«Այդ կազմակերպությունը կորցնում է իր նշանակությունը միջազգային հարթակում։ Այն ի վիճակի չէ որևէ ազդեցություն գործել աշխարհում տեղի ունեցող գործընթացների վրա։ Կազմակերպության հեղինակությունը շատ է ընկել, և դրա գլխավոր պատճառը թերևս դրանում տիրող երկերեսանիությունն է, կրկնակի ստանդարտներն ու անարդարությունը», – Ալիևի խոսքերն է մեջբերումAzertag–ը։
Իլհամ Ալիևն ու Մևլյութ Չավուշօղլուն Բաքվում կայացած հանդիպմանը (Azertag.az)