Թրամփի խորհրդականը շատերին է Ադրբեջանում հիասթափեցրել՝ չանդրադառնալով մարդու իրավունքների խնդրին իր մեկօրյա այցի ժամանակ
Կիսվել
Կիսվել
Ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի օգնական Ջոն Բոլթոնը հոկտեմբերի 24-ին այցելել է Ադրբեջան տարածաշրջան կատարած այցի շրջանակում: Այստեղ նա հանդիպել է երկրի նախագահ Իլհամ Ալիևին և արտգործնախարար Էլմար Մամեդյարովին: Զրույցը հիմնականում վերաբերել է տարածաշրջանային խնդիրներին, ղարաբաղյան հակամարտությանն ու ահաբեչության դեմ պայքարին: Սակայն տեղի լրագրողների և իրավապաշտպանների համար կարևոր թեման՝ մարդու իրավունքների խախտումն Ադրբեջանում, գրեթե չարծարծվեց։
Հանդիպմանը հետևած մամուլի-ասուլիսին, լրագրողները Բոլթոնին հարցրեցին, թե արդյոք նա Ալիևի հետ խոսել է մարդու իրավունքների և ժողովրդավարության մասին: Բոլթոնը պատասխանել է, որ ինքն Ալիևի հետ «շատ արգասաբեր երկխոսություն» է ունեցել, և «շատ ոլորտներ կան, որտեղ Ադրբեջանն ու ԱՄՆ-ն կարող են համագործակցել և միմյանցից ինչ-որ բաներ սովորել»: Ազատություն ռադիոկայանի՝ 2014թ-ին փակված գրասենյակի ճակատագրի մասին հարցին Բոլթոնն ասել է, որ չի քննարկել դա նախագահի հետ և մեջբերել է իր նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերը․ «ԱՄՆ-ն մտադիր չէ խրատներ տալ ուրիշ երկրներին»:
Սա առաջին անգամը չէ, երբ համաշխարհային առաջնորդները Բաքու են գալիս և անտեսում մադու իրավունքների թեման, թեև անկախ լրատվամիջոցներն ու քաղաքացիական ակտիվիստները նրանցից սպասում են դա։ Ըստ 2017թ-ի տվյալների՝ Ադրբեջանում ավելի քան 150 քաղբանտարկյալ կա, և երկիրը խոսքի ազատության վարկանիշում վերջին տեղերից մեկն է զբաղեցնում։
«Բոլթոնի համար Ադրբեջան կատարած այցի նպատակը տարածաշրջանում անվտանգության հարցերն են, մասնավորապես, Իրանի դեմ պատժամիջոցները։ Իսկ մարդու իրավունքները նուրբ թեմա է և, հնարավոր է, որ Բոլթոնն այդ թեմաներին չի անդրադարձել հենց այն պատճառով, որ որ ցանկացել է Ադրբեջանի կառավարության հետ անվտանգության հարցերի շուրջ համաձայնության գալ», — JAMnews-ին ասել է ընդդիմադիր «Հանրապետական այլընտրանք» կուսակցության կառավարման անդամ Նաթիգ Ջաֆարլին։
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման նոր առաջարկներ Թրամփի խորհրդականը չէր բերել։ Ավելին, նա ասել է, որ տարածաշրջան է եկել ոչ նրա համար, որպեսզի փոխի ԱՄՆ քաղաքականությունը տարածաշրջանում:
Նա ընդգծել է, որ Ադրբեջանը շատ կարևոր է ԱՄՆ համար ռազմավարության տեսանկյունից, քանի որ այն միակ հարավկովկասյան երկիրն է, որը միաժամանակ սահմանակից է Ռուսաստանին և Իրանին։