Օգտվելով ԵՏՄ երկիրներից ապրանքների ներմուծման գործընթացի ազատականացումից` ՀՀ քաղաքացին փորձել է շրջանցել մաքսային հսկողությունը և պաստառի անվան տակ Հայաստան սառեցված թռչնամիս ներկրել:
Վերին Լարս մաքսակետում նա հայտարարագրել է 22,5 տոննա պաստառ: Սակայն Բագրատաշենի մաքսակետում ՀՀ ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչության աշխատակիցները, նկատել են, որ պաստառը տեղափոխում են սառնարանային բեռնատարով: Ռենտգեն համակարգով բեռը զննելուց հետո պարզվել է, որ շինարարական պաստառի փոխարեն սառեցված թռչնամիս է ներկրվում:
2016թ.-ին և 2017 թ.-ի հունվարին արձանագրվել է ԵՏՄ երկրներից տեղափոխվող բեռների մաքսային կանոնների խախտման 35 դեպք: Իրավախախտները հիմնականում փորձ են արել չհայտարարագրված կամ տարանցիկ սխալ հայտարարագրմամբ հանրապետություն ներկրել պարենային, տնտեսական ապրանքներ, կոսմետիկ միջոցներ, ավտոպահեստամասեր և այլն: