Թուրքմենական գազը կփոխադրվի՞ Հայաստան. ի՞նչ են քննարկել հայ և իրանցի նախարարները
Սանոսյանի հանդիպումը Իրանի նավթի նախարարի հետ
Իրանը թուքմենական գազը Հայաստան փոխադրելու պատրաստակամություն է հայտնել: Երկրի նավթի նախարարը հայտարարել է, որ փոխադրումը կարող է իրականացվել սվոփ համակարգի միջոցով:
Օրերս նավթի նախարար Ջավադ Օջին հյուրընկալել է հայաստանցի գործընկերոջը՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին:
Սանոսյան-Օջի հանդիպման, ձեռքբերված պայմանավորվածությունների մասին
Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց. ի՞նչ է հաղորդում Երևանը
Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարն աշխատանքային այցով է Իրանում: Գնել Սանոսյանի՝ իրանցի գործընկերոջ, նավթի նախարար Ջավադ Օջիի հետ հանդիպումը հայկական կողմը գնահատել է որպես դրական և կառուցողական:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել է գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց ծրագրով նոր պայմանագրի կնքման հարցը: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ նախարար Սանոսյանը պայմանագրի վերակնքման հետ կապված առաջարկներ է ներկայացրել։
«Առաջիկայում, երբ պայմանագիրը կվերջնականացվի, պատրաստ լինեն ներկայացված առաջարկությունների վերաբերյալ իրանական կողմի պատասխանները, պայմանագիրը կկնքվի»,- ասված է հաղորդագրությունում:
Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց փոխանակման գործարքը Հայաստանն ու Իրանը ստորագրել են 2004 թվականին: Գործարքի համաձայն՝ 20 տարի Իրանը գազ պետք է արտահանի Հայաստան՝ փոխարենը Հայաստանից ներմուծելով էլեկտրաէներգիա:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հայտնում են, որ Սանոսյան-Օջի հանդիպման ընթացքում քննարկվել են նաև նավթի վերամշակման, բիտումի, բիտումի գնի հետ կապված հարցեր:
«Հայաստանում ակտիվ ճանապարհաշինական աշխատանքներ են ընթանում, սակայն բիտումի գնի հետ կապված փոփոխությունները որոշակի դժվարություններ են առաջ բերել»,- նշել է Սանոսյանն ու հավելել, որ ցանկալի կլիներ, որ բիտումը Հայաստան հասներ ավելի մատչելի արժեքով:
Թուրքմենական գազը կփոխադրվի՞ Հայաստան. Իրանի նավթի նախարարի հայտարարությունը
Իրանը պատրաստ է Թուրքմենստանից Հայաստան գազ փոխադրել սվոփ համակարգի միջոցով: Shana լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Իրանի նավթի նախարարը նման հայտարարություն է արել հայաստանցի գործընկերոջ հետ հանդիպումից հետո:
«Թուրքմենստանից Հայաստան գազի փոխադրման շուրջ բանակցությունները սկսվել են, և մենք շուտով այդ առումով լավ արդյունքների կհասնենք երկրի գազային ցանցի բարձր թողունակության շնորհիվ»,- նշել է Օջին:
Իրանցի նախարարի փոխանցած տեղեկություններով՝ Սանոսյանի հետ բանակցությունների ընթացքում ձեռք են բերվել պայմանավորվածություններ գազի, նավթաքիմիական արտադրանքի արտահանման ավելացման և փոխադարձ կապերի զարգացման վերաբերյալ:
Հաղորդվում է նաև, որ Ջավադ Օջին պատրաստակամություն է հայտնել Իրանի գազի ազգային ընկերության կողմից ավելացնել գազի արտահանման ծավալները Հայաստան: