Թուրքիան Գյուլենին ձերբակալելու կարգադրություն է տվել. նրան սպառնում է ցմահ ազատազրկում
Անկարայում դատական որոշում է կայացվել թուրք քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին ձերբակալելու վերաբերյալ, որին Թուրքիայի կառավարությունը մեղադրում է երկրում 2016թ. հուլիսին պետական հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ: Այս անգամ նրան մեղադրանք է առաջադրվել 2016թ. դեկտեմբերին Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովի սպանության կազմակերպման համար:
Գյուլենից բացի՝ մեղադրանք է առաջադրվել ևս 7 անձանց նկատմամբ, գրում է թուրքական Yeni Şafak թերթը: Թուրքիայի կառավարությունը պնդում է, որ նրանք բոլորը FETÖ ահաբեկչական կազմակերպության անդամներ են, որն իբր ղեկավարում է Ֆեթուլլահ Գյուլենը: Ինքը՝ Գյուլենը, դա կտրականապես հերքել է:
Ընդհանուր առմամբ այսօր Ֆեթուլլահ Գյուլենը մեղադրվում է «սահմանարական դրույթները խախտելու փորձի և ահաբեկչության նպատակով սպանության կազմակերպման» մեջ: Եթե նա ձերբակալվի, այդ մեղադրանքներով նրան սպասվում է ցմահ ազատազրկում:
76-ամյա Ֆեթուլլահ Գյուլենը մոտ մեկ տասնամյակ բնակվում է ԱՄՆ-ում և քարոզում է իսլամում իր ուղղությունը՝ հիմնված խաղաղության, ժողովրդավարության և գիտելիքի սկզբունքների վրա: Նրա «Հիզմեթ» բարեգործական կազմակերպությունը Թուքիայում և այլ երկրներում հիմնել է կրթական հաստատությունների ցանց, այդ թվում 10 դպրոց ԱՄՆ-ում: Կազմակերպությունը նաև վճարում է ամերիկացի քաղաքական գործիչների՝ Թուրքիա կատարվող այցերը:
Գյուլենի ընդդիմախոսները կարծում են, որ այդ ամենը պարզապես քարոզչական շղարշ էր այդ կազմակերպության համար, որն իր առջև նպատակ է դնել հարստացումը և կառավարության տապալումը:
Թուրքիայում 2016թ. հուլիսին հեղաշրջման փորձից հետո այդ ուսումնական հաստատությունները փակվեցին ոչ միայն Թուրքիայում, այլև մի քանի այլ երկրներում, այդ թվում Ադրբեջանում և Վրաստանում:
Բոլոր նրանք, ովքեր կապ ունեն «Հիզմեթ» հիմնադրամի և նրա ուսումնական հաստատությունների հետ, Թուրքիայում հայտարարվել են FETÖ (թուրքերենից թարգմանաբար՝ ֆեթուլլականների ահաբեկչական կազմակերպություն) կազմակերպության անդամներ: Տասնյակ հազարավոր մարդիկ ձերբակալվել են «FETÖ-ի կողմից կազմակերպված պետական հեղաշրջման մասնակցության» մեղադրանքով:
Այժմ ռուս դեսպանի սպանության մեջ նույնպես պաշտոնապես կասկածվում է FETÖ-ն:
Թ
Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովը սպանվել է 2016թ. դեկտեմբերի 19-ին Անկարայի Չանաքալե շրջանի պետական մարմինների և դեսպանատան կողմից կազմակերպված ցուցահանդեսի ժամանակ: Ոստիկան Մևթուլ Մերթ Ալթինթաշը կրակել էր դեսպանի վրա վերջինիս ելույթի ժամանակ՝ հենց հանրության և մամուլի ներկայացուցիչների աչքի առաջ: Ինքը՝ Ալթինթաշը, սպանվել էր ուժային կառույցների աշխատակիցների կողմից:
Ալթինթաշը սպանության ժամանակ արաբերենով հնչեցրել էր կրոնական կարգախոսեր, իսկ սոցցանցերում և մամուլում տեղեկություն տարածվեց, որ մարդասպանը իսլամական ծայրահեղական խմբավորումների անդամ է: Անգամ հրապարակվեց մի տեսանյութ, որում իբր ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնում է սիրիական «Ալ-Նուսրա» խմբավորումը: Բայց ավելի ուշ դա հերքվեց «Ալ-Նուսրայի» կողմից:
Քննության առաջին և միակ վարկածը կապված է FETÖ-ի հետ:
Քննությունը նաև եկել է այն եզրակացության, որ Ալթինթաշի՝ «Ալ-Նուսրային» պատկանելու խոսակցությունները տարածվել են FETÖ-ի անդամների կողմից՝ հատուկ իրենցից ուշադրություն շեղելու համար: Անգամ մեղադրանք է առաջադրվել մեկ մարդու նկատմամբ, որը «Twitter-ում կեղծ տեղեկություն է տարածել առ այն, որ «Ալ-Նուսրան» ստանձնել է ահաբեկչության պատասխանատվությունը, և դրանով փորձել է թաքցնել սպանության իրական կազմակերպիչներին»: