Թուրքական իշխանությունները աշխատանքից հեռացրել են Գյուլենի հետ կապի համար կասկածվող 4.5 հազար պետծառայողի
Կիսվել
Կիսվել
Թուրքական իշխանություններն աշխատանքից ազատել են ևս գրեթե 4.5 հազար պետական ծառայողի, որոնք կասկածվում են Ֆեթուլլահ Գյուլենի շարժման և նախորդ տարվա ամռանը պետական հեղաշրջման փորձի հետ կապ ունենալու համար:
Արտակարգ դրության մասին նոր հրամանի համաձայն՝ աշխատանքից հեռացված 4464 աշխատակիցների թվում են կրթության նախարարության 2500 աշխատակից, ժանդարմերիայի 900 աշխատակից, հատուկ ծառայությունների, ՆԳՆ և այլ գերատեսչությունների ավելի քան 400 աշխատակից:
Ավելի վաղ հեղաշրջման փորձին հետևած զտումների շրջանակներում Թուրքիայի իշխանությունները կալանավորել են ավելի քան 40 հազար մարդ, ինչպես նաև աշխատանքից ազատել են մոտ 100 հազար պետծառայող: Նրանց բոլորին մեղադրում են Գյուլենի հետ կապի համար: Զտումների զոհերի թվում են բազմաթիվ ուսուցիչներ, ոստիկաններ, դատավորներ և լրագրողներ:
Ֆեթուլլահ Գյուլենը գրող է, նախկին իմամ և քարոզիչ, որը ներկայումս բնակվում է ԱՄՆ-ում: Գյուլենը ողջ աշխարհում դպրոցների և համալսարանների ցանց է հիմնել: 2008թ-ին Prospect և Foreign Policy միջազգային պարբերականները նրան ամենաազդեցիկ ինտելեկտուալ են ճանաչել:
Գյուլենը դեմ է արտահայտվում կրոնական էքստրեմիզմի և իսլամի քաղաքականացմանը: Նա ավանդական թուրքական իսլամ է քարոզում և այն դիտարկում է որպես ապրումակցման և սոցիալական աջակցության կրոն: Նա այլ դավանանքների և մարդկանց հետ այլ տեսանկյունից երկխոսության կողմնակից է:
2014թ-ին թուրքական դատարանը Գյուլենին իշխանության զավթման մեղադրանքով կալանավորելու թույլտվություն է տրամադրել:
2016թ-ի մարտին Էրդողանը Գյուլենին մեղադրեց Թուրքիայի քրդերով բնակեցված հարավ-արևելյան շրջանում անկարգություններ կազմակերպելու համար: Նույն տարվա հուլիսին իշխաանությունները նրան մեղադրեցին պետական հեղաշրջման փորձի կազմակերպման համար: