Այն մասին, թե ինչպես են Ադրբեջանում «արևային» հաց թխում
Կիսվել
Կիսվել
Գուսար քաղաքի փոքր փռում լեզգինների հաց են թխում՝ կլոր, տափակ, մեծ լոշիկի նման։
Լեզգինների հացը տարբերվում է ավանդական ադրբեջանականից և ձևով, և նրանով, որ չի փշրվում և չի փչանում երկար պահելիս։
Լեզգիններն Ադրբեջանի ամենաբազմամարդ ազգային փոքրամասնությունն են՝ ըստ պաշտոնական տվյալների։ Նրանք ապրում են երկրի հյուսիսում։ Ունեն իրենց լեզուն, մշակույթն ու ավանդույթներն, այդ թվում՝ խոհանոցային։
Լեզգինների հացը թխվում է «խար» անվամբ վառարանում (օրիգինալում՝ «khar»)։ Ըստ այստեղ աշխատող կանանց՝ նախկինում խարը հենց հատակին էր դրվում։ Տարեց կանանց համար գետնին նստած թխելն ավելի հեշտ էր։ Ժամանակի ընթացքում խարերը սկսել են ոտքերով պատրաստել, և այժմ արդեն բոլոր փռերում և տներում բարձր ոոտքերով խար են օգտագործվում։
Այդ վառարանի պատրաստման համար օգտագործվում է կավ, կերամիկա և ոչխարի բուրդ։ Սկզբից կերամիկական սալիկը մանրացնում են, խառնում կավի հետ, հետո ավելացնում բուրդը։ Կերամիկան ու բուրդը վառարանն ավելի երկարակյաց և ջերմադիմացկուն են դարձնում։
Լեզգինների հացը հենց այնպես չէ նման արևի։ Հաց թխելու ավանդույթում պահպանվել են լեզգինների դիցաբանության և լեզվական ծիսակարգերը, որոնք փառաբանում են գլխավոր աստծուն՝ Արևի աստծուն։
Լեզգինների հացը մի քանի տեսակ է լինում։ Սպիտակ, սև, թեփով, յուղով և առանց խմորիչի (որը նույնպես կարող է լինել սպիտակ և սև)։
Փռում մոտ 10 կին է աշխատում։ Նրանցից յուրաքանչյուրն իր պարտականություններն ունի։ Ոմանք խմորն են պատրաստում, մյուսները գրտնակում են այն, երրորդները՝ թխում։
Ըստ մորաքույր Սակինայի, որը խմորն է հունցում, ձմռանն իրենց հացի պահանջարկն ավելի ցածր է, քան ամռանը։ Ամռանն այն հաճախ են գնում զբոսաշրջիկները։
Խմորի համար մի պարկ ալյուր են վերցնում, երկու դույլ (10 լիտր) ջուր, մեկ տուփ խոշոր աղ և մեկ տուփ խմորիչ։ Խմորը հունցում են հատուկ սարքով, իսկ հետո մորաքույր Սակինան այն գնդերի է բաժանում և դնում հաց թխող կանանց կողքը։ Դրանից հետո հացը բարակ լոշիկների պես գրտնակում են, սերկևիլի փայտից պատրաստված հատուկ հարմարանքի միջոցով նախշեր են արվում։ Դա արվում է, որպեսզի խմորը վառարանում չբարձրանա։
Մորաքույր Սակինան այստեղ հաց է հունցում արդեն 15 տարի։ Օրական 10-12 պարկ ալյուր է օգտագործում․ «Տոնական օրերին ընդհանրապես առանց դադարի եմ աշխատում։ Տոներին հացը թռցնում են»։