Թբիլիսիում ցույց են անում Նախագահական գրանտերի ռուսական հիմնադրամի ֆինանսավորած մեդիաֆորումի դեմ
«Ռուսաստանն օկուպանտ է». Թբիլիսիի կենտրոնում գտնվող «Վերե Պալաս» հյուրանոցի մոտ այսպիսի կարգախոսով ակցիա էին կազմակերպել ընդդիմության և քաղաքացիական հասարակաության ներկայացուցիչները:
Ակցիայի մասնակիցները դեմ են արտահայտվում Վրաստանում Ռուսաստանի ներկայացուցիչների մասնակցությամբ և ռուսական նախագահական գրանտերի հիմնադրամի ֆինանսավորած միջազգային ֆորումի անցկացմանը: Նրանք կարծում են, որ միջոցառման նպատակը ռուսական պրոպագանդայի տարածումն է:
«Ռուսաստանն օկուպանտ է, Ռուսաստանը սպանում է». այսպես է «Հարավկովկասյան մեդիաֆորումի» մասնակից, ռուս լրագրող Դմիտրի Կոսիրյովին դիմել ակցիայի մասնակիցներից մեկը: Ինչին Կոսիրյովը պատասխանել է, որ ինքը տեղյակ չէ, թե «ով է ում օկուպացրել»:
«Ռուսաստանն օկուպանտ է» քաղաքացիական շարժման ներկայացուցիչները քննադատում են Վրաստանի իշխանություններին, որ նրանք թույլ են տալիս «ռուսական փափուկ ուժին» իրեն ազատ զգալ Վրաստանում և պրոպագանդիստական ֆորումներ անցկացնել, որոնք աջակցում են Պուտինի քաղաքականությանը:
Ակցիայի մասնակիցները տեղում թատերականացված պերֆորմանս անցկացրին, որն, ըստ նրանց, վրացական իշխանությունների ծաղրն էր, որոնք գրկաբաց ընդունում են «Պուտինի քաղաքականությունը վարող» մարդկանց:
Ինչպես նշում են կազմակերպիչները, «ԶԼՄ դերը՝ վստահության վերականգնման գործում» անվամբ ֆորումին մասնակցում են լրագրողներ և բլոգերներ Ռուսաստանից, Ադրբեջանից, Հայաստանից և Վրաստանից: Միջազգային հարավկովկասյան մեդիաֆորումը Թբիլիսիում կտևի մինչև սեպտեմբերի 7-ը: Մեդիաֆորումի գլխավոր թեմաներն են «տարածաշրջանային քաղաքական մշակույթի առանձնահատկությունները, Հարավային Կովկասի պետությունների լրատվամիջոցների գործունեության ավանդույթներն ու արդիական միտումներն, ինչպես նաև տարածաշրջանում հակամարտությունների հաղթահարման և կայունության ամրապնդման գործում մեդիահամայնքների ներուժը»:
Մեդիաֆորումի կազմակերպիչներն են «Հյուսիս-Հարավ» ռուսական քաղաքագիտական կենտրոնը, «Համագործակցություն» մամուլի ակումբն ու «Վրաստանն ու աշխարհը» թերթը, որը Վրաստանի ամենաագրեսիվ հակաարևմտյան առցանց պարբերականներից է և որը ֆինանսավորվում է նաև ռուսական Նախագահական գրանտերի հիմնադրամի աջակցությամբ:
Սակայն օրակարգում արդեն որոշակի փոփոխություններ են մտցվել. բանն այն է, որ նախօրեին ռուսական պատվիրակության Մոսկվայից ժամանած երեք անդամների մերժել են Վրաստան մուտք գործել օկուպացիայի մասին օրենքը խախտելու համար:
Վրաստանի մայրաքաղաքի օդանավակայանի սահմանային վերահսկիչ անցակետը չեն կարողացել անցնել «Իզվեստիա» թերթի և ՏԱՍՍ գործակալության ռազմական վերլուծաբան Վիկտոր Լիտովկինը, Ռուսական հասարակության հետազոտողների ասոցիացիայի միջազգային խորհրդի (АИРО-XXI) նախագահ Գենադի Բորդյուգովն ու Ռուսաստանի ԱԳՆ ՄԳԻՄՕ միջազգային հետազոտությունների ինստիտուտի գլոբալ խնդիրների ավագ գիտաշխատող Ալեքսեյ Տոկարևը:
Վերջինս Վրաստան ուղևորվելիս Ֆեյսբուքում նույնիսկ կատակել էր, թե իր հետ «կարծրատիպեր» է տանում օղու և խավիարի տեսքով:
Իշխող կուսակցությունը Վրաստանում նման ֆորումների անցկացման մեջ ոչ մի վտանգ չի տեսնում: Ըստ խորհրդարանի փոխխոսնակ Գիա Վոլսկու՝ ոչ մի լրագրող կամ փորձագետ Ռուսաստանից չի կարող ազդել Վրաստանի իշխանությունների քաղաքականության վրա:
«Ոչ մի վտանգ չկա: Դուք շատ լավ ծանոթ եք մեր ազգային դիրքորոշմանը: Ով ոչ մի լրագրող կամ քաղաքագետ Վրաստանի իշխանությունների վրա որևէ կերպ չի կարող ազդել: Եվ եթե անգամ այդ ֆորումին ինչ-որ փորձեր արվեն, որն, ի դեպ, ես չեմ պատրաստվում այցելել, ես դրանում նույնպես սարսափելի ոչինչ չեմ տեսնում», — Վոլսկու խոսքերն է փոխանցում Էխո Կավկազան:
Արմատապես այլ տեսակետ ունի ընդդիմությունը: Ըստ «Եվրոպական Վրաստանի» ներկայացուցիչ Գեորգի Կանդելակիի՝ ներկայիս իշխանությունների օրոք «Կրեմլի պրոպագանդիստական մեքենայի» ներկայացուցիչներին տրամադրվել են Վրաստանի տարածքում գործունեություն ծավալելու բոլոր պայմանները:
««Վրացական երազանքի» իշխանության ժամանակ ռուսական պրոպագանդայի ներկայացուցիչներն առանց խնդիրների գտնվում են Վրաստանում, իրենց շատ հարմարավետ են զգում Թբիլիսիում: Եվ, իհարկե, եթե նրանց թվում կան մարդիկ, ովքեր խախտել են «Օկուպացված տարածքների մասին» օրենքը, իսկ այդ այսպես կոչված փորձագետների մեջ նմանները կան, ապա նրանց չպետք է թույլ տալ Վրաստանի տարածք մտնել»: