Թբիլիսիում տաքսու վարորդները բողոքի ակցիա են կազմակերպել նոր կարգավորումների դեմ
Թբիլիսիում տաքսու վարորդները բողոքի ակցիա են անցկացրել։ Մեքենաների շարասյունն անցել է ողջ քաղաքով և հասել իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլիի առանձնատան մոտ։ Վարորդները պահանջում են գոնե հետաձգել ընդունված կարգավորումների կիրառումը։
Ակցիա՝ Իվանիշվիլիի տան մոտ
Վրաստանի նախկին վարչապետի առանձնատան մոտ ակցիայի մասնակիցները բանակցություններ են պահանջել Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի հետ։ Ակցիային ներկա էին Լեյբորիստական կուսակցության առաջնորդները, որոնք սատարում են վարորդներին։
•Երևանում տաքսու վարորդները բողոքի ակցիա են անցկացրել
«Անհրաժեշտ է հետաձգել այդ կարգավորումների կիրառումը, որոնք մարդկանց առանց աշխատանքի, ապրուստի միջոցի և սննդի են թողնում», — հայտարարել է կուսակցության առաջնորդներից մեկը՝ Գիորգի Գուգավան։
Լեյբորիստներն իշխանություններին երկու օր են տվել տաքսու վարորդների պահանջները կատարելու համար, հակառակ դեպքում սպառնում են բողոքի ակցիաների շարք սկսել։ Իվանիշվիլիի առանձնատան մոտ, որտեղ ակցիան ակնցկացվում էր, ոստկանության մեծ ուժեր էին կենտրոնացվել։
Ինչի՞ն են դեմ տաքսու վարորդները
Տաքսու վարորդների բողոքի գլխավոր պատճառը մեքենաները ստիպակ ներկելու վերաբերյալ քաղաքապետարանի պահանջն է։ Քաղաքապետարանի որոշման համաձայն՝ բոլոր մասնավոր տաքսիները պետք է 2019թ-ի հոկտեմբերի 1-ից սպիտակ լինեն։ Մեքենաները ներկելու համար քաղաքապետարանը վարորդներին 800 լարիիի (300 դոլարից մի փոքր ավել) վաուչերներ է առաջարկում։ Սակայն ավրորդները պնդում են, որ այդ միջոցները բավարար չեն․ մեքենայի գույնը փոխելն ավելի թանկ է։ Բացի այդ, նման մեքենաները հետագայում ավելի դժվար է լավ գնով վաճառելը, եթե անհրաժեշտություն առաջանա։ Բացի այդ, մեքենայի գույնը փոխելը նշանակում է, որ մի քանի օր վարորդները ստիպված են լինելու չաշխատել,այսինքն՝ գումար չվաստակել։
«Մենք պահանջում ենք մեքենաները ներկելու որոշումը չեղարկել, ինչպես նաև թույլ տալ աջ ղեկով մեքենաներով աշխատել և բոլոր վարորդներին թույլ տալ ուղևոր վերցնել ցանկացած վայրից», — ակցիայից առաջ հայտարարել է դրա կազմակերպիչներից մեկը՝ Լաշա Չխարտիշվիլին։
ტაქსის მძღოლები ახალ რეგულაციებს აპროტესტებენ
Posted by რადიო თავისუფლება on ხუთშაბათი, 11 აპრილი, 2019
Ի՞նչ է պատասխանում քաղաքապետարանը
Թբիլիսիի քաղաքապետարանը տաքսու վարորդներին այլընտրանքային տարբերակ է առաջարկել՝ չներկել մեքենան, եթե դա ազդում է մեքենայի վաճառքի գնի վրա, այլ պարզապես այն պատել հատուկ սպիտակ թաղանթով։ Այս մասին հայտարարել է քաղաքապետի տեղակալ Իլյա Էլոշվիլին։ Նրա խոսքով՝ այս տարբերակը ծախսեր չի պահանջի, դրանք իր վրա կվերցնի գովազդային ընկերություններից մեկը, իսկ տաքսու վարորդները մեկ տարի մեքենաներն այդ ընկերության գովազդով կվարեն։ Էլոշվիլին հաղորդել է, որ լիցենզիա ունեցող վարորդներին լուրջ արտոնություններ են տրվելու․ նրանք կարող են անվճար օգտվել կայանատեղերից, կազատվեն եկամտահարկից, ինչպես նաև մեքենան ներկելու վաուչերներ կստանան, եթե որոշեն չթաղանթապատել այն, և քիմմաքրման համար։
Ի՞նչ են ենթադրում կարգավորումները
Խորհրդային միության փլուզումից հետո տաքսու բիզնեսը տարերային չվերահսկվող բնույթ էր կրում։ Տաքսի վարել կարող էր ցանկացած մարդ, որը մեքենայի վրա համապատասխան նշան կտեղադրեր։
Տաքսիները լիցենզավորելու անհրաժեշտության մասին 2017թ-ին հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։ Թբիլիսիի քաղաքապետարանը որոշել է կարգավորումները փուլ առ փուլ մտցնել։
2018թ-ի հոկտեմբերի 1-ից պարտադիր է դարձել տաքսու վարորդների լիցենզավորումը։ Տարեկան լիցենզիան սովորական մեքենաների համար արժե 100 լարի (մոտ 40 դոլար), հիբրիդային մեքենաների համար՝ 50 լարի (մոտ 20 դոլար)։ Էլեկտրամոբիլների լիցենզիան անվճար է։ Առանց լիցենզիայի ուղևորափոխադրումը տուգանվում է 200 լարիով (մոտ 80 դոլար)։
2019թ-ի հոկտեմբերի 1-ից արգելվելու է տաքսու համար աջ ղեկով և երեքդռնանի մեքենաների օգտագործումը։ Բացի այդ, տաքսիները պետք է սպիտակ լինեն։