Ուշ գիշերին անհայտ անձինք Թբիլիսիում կարմիր ներկ են լցրել Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևի հուշարձանին:
Արդեն հինգերորդ օրն է, ինչ վրացի լրագրողներն ու ակտիվիստները բողոքի ակցիա են անցկացնում ի աջակցություն ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխտարլիի:
Ադրբեջանցի ընդիմադիր լրագրող Աֆղան Մուխտարլին անհետացել է Թբիլիսիի կենտրոնում մայիսի 29-ի երեկոյան: Նրա մոտ անձնագիր չի եղել: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Մուխտարլին Բաքվում է՝ քննչական մեկուսարանում:
Լրագրող Աֆղան Մուխտարլին Ադրբեջանից Վրաստան է տեղափոխվել 2014թ-ին, քանի որ իր լրագրողական գործունեության պատճառով նա բազմիցս ճնշման է ենթարկվել Ադրբեջանի իշխանությունների կողմից:
Մուխտարլիի խոսքով՝ մայիսի 29-ին նրան Թբիլիսիում բռնել են Վրաստանի քրեական ոստիկանության աշխատակիցների համազգեստի պես հագուստով անձինք:
Ադրբեջանական կողմը պնդում է, որ Մուխտարլին ինքն է ապօրինի հատել սահմանը՝ գրպանում ունենալով 10 հազար եվրո: Նույն բանը կրկնում է վրացական կողմը:
Մուխտարլիի դեմ ադրբեջանական դատախազությունը մեղադրանք է առաջադրել Քրեական օրենսգրքի երեք հոդվածով (սահմանի ապօրինի հատում, մաքսանենգություն և իրավապահներին դիմադրություն ցուցաբերում):