Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելշվիլին հայտարարել է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների օրը: Դրանք կկայանան հոկտեմբերի երրորդ շաբաթվա վերջին:
Հստակ ամսաթիվը կհրապարակվի միայն օգոստոսին. այն որոշում է երկրի նախագահը վարչապետի համաձայնությամբ:
Ընտրությունների մոտավոր օրվա նշանակումը նախագահը բացատրել է նրանով, որ քաղաքական կուսակցությունները հնարավորություն կունենան հարկ եղած կարգով պլանավորել նախընտրական արշավի օրցույցն ու բյուջեն:
Հոկտեմբերին Վրաստանի քաղաքացիները Թբիլիսիի քաղաքապետ, 11 քաղաքների և շրջանների ղեկավարներ կընտրեն: Զուգահեռ կանցկացվեն տեղական ինքնակառավարման մարմինների խորհրդակցային մարմինների՝ Սակրեբուլոյի ընտրությունները:
Կանոնների համաձայն՝ նախընտրական արշավը կարելի է սկսել ընտրությունների օրվանից 60 օր առաջ:
Երկու կուսակցություն պաշտոնապես Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու է ներկայացրել:
Դեռևս մայիսին ամենաառաջինը հայտ է ներկայացրել «Եվրոպական Վրաստանը» (Սահակաշվիլիի նախկին համախոհները, որոնք 2017թ-ի հունվարին հեռացան նախկին նախագահի կուսացությունից):
«Եվրոպական Վրաստանի» թեկնածուն Էլենե Խոշտարիան է՝ Միխայիլ Սահակաշվիլիի կառավարությունում Վրաստանի պետնախարարի՝ եվրոպական և եվրատլանտյան կառույցների հարցերով նախկին տեղակալը:
Նախօրեին իր թեկնածուին է ներկայացրել նաև Սահակաշվիլիի կուսակցությունը՝ «Միացյալ ազգային շարժումը»: Դա «Ռուսթավի 2» հեռուստաընկերության հաղորդավար Զաալ Ուդումաշվիլին է: Նա նորեկ է քաղաքականությունում, սաայն Վրաստանում նրան լավ գիտեն 25-ամյա հեռուստատեսային կարիերայի շնորհիվ:
Իշխող կուսակցությունը մտադիր է պաշտոնապես իր թեկնածուին ներկայացնել միայն հուլիսի -ին: Հավանաբար դա կլինի փոխվարչապետ, նախկինում հայտնի ֆուտբոլիստ Կախա Կալաձեն: Նախորդ հանգստյան օրերին Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին նրան հաջողություն է մաղթել նոր քաղաքական պլաններում:
Նախընտրական արշավին պատրաստվում է մասնակցել նաև Սակրեբուլոյի անկախ պատգամավոր Ալեկո Էլիսաշվիլին: Ավելի վաղ նա հայտարարել էր, որ եթե մասնակցի ընտրություններին, ապա միայն որպես անկախ թեկնածու:
Թբիլիսիի քաղաքապետի ևս մեկ հնարավոր և անսպասելի թեկնածու է Մերաբ Թաբիձեն, որը տվյալ պահին աշխատում է որպես Կալգարի կանադական քաղաքի ոստիկանության շերիֆ:
Ընտրություններին մասնակցելու իր մտադրությունների մասին կանադական շերիֆը հաղորդել է Ազատություն ռադիոկայանի վրացական ծառայությանը: Դա հնարավոր կլինի, եթե շերիֆը, որն արդեն 26 տարի է՝ Կանադայի քաղաքացի է, կարողանա վերականգնել Վրաստանի քաղաքացիությունը: