«Թաքնված լարվածություն Բաքվի և Կրեմլի միջև»․ պատճառը գազի մատակարարո՞ւմն է
Լարվածություն Բաքվի և Մոսկվայի հարաբերություններում
Ադրբեջանը կկրկնապատկի բնական գազի արտահանումը Եվրոպա։ Չնայած այն հանգամանքին, որ նույնիսկ ԵՄ երկրներին մատակարարվող «կապույտ վառելիքի» ծավալների կրկնապատկման դեպքում ադրբեջանական գազը կկարողանա բավարարել այդ երկրների կարիքների միայն չորս տոկոսը, Ադրբեջանի փորձագիտական հանրությունը խոսում է ռուսական հնարավոր սպառնալիքի մասին։ «Ռուսական սադրանքները Կենտրոնական Ասիայից կարող են տեղափոխվել Կովկաս՝ Վրաստան և Ադրբեջան»,- կարծում է քաղաքական գիտությունների դոկտոր Ջումշուդ Նուրիևը։
Այս շաբաթվա սկզբին Ադրբեջանը և Եվրամիությունը ստորագրեցին «Փոխըմբռնման հուշագիր Եվրամիության՝ ի դեմս Եվրահանձնաժողովի, և Ադրբեջանի Հանրապետության միջև էներգետիկ ոլորտում ռազմավարական գործընկերության վերաբերյալ»: Փաստաթուղթը ստորագրել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։
Ըստ այդ հուշագրի՝ Ադրբեջանը ԵՄ երկրներին մատակարարվող «կապույտ վառելիքի» ծավալը կավելացնի տարեկան մինչև 20 միլիարդ խորանարդ մետր։
Ներկա պահին «Հարավային գազային միջանցքով» Ադրբեջանից ԵՄ երկրներ է մատակարարվում տարեկան 10 միլիարդ խորանարդ մետր «կապույտ վառելիք»։
Տնտեսագետների գնահատմամբ՝ ԵՄ երկրների բնական գազի տարեկան կարիքը կազմում է մոտ 500 միլիարդ խորանարդ մետր։ Այդ ծավալի 60 տոկոսը բաժին է ընկնում ռուսական գազին, և ԵՄ-ն մտադիր է լրջորեն նվազեցնել գազի ներկրումը ՌԴ-ից։
Չնայած այն հանգամանքին, որ նույնիսկ ադրբեջանական գազի արտահանման կրկնակի աճի դեպքում այն կկարողանա բավարարել ԵՄ երկրների կարիքների միայն չորս տոկոսը, Ադրբեջանի փորձագիտական հանրությունը սկսել է խոսել ռուսական հնարավոր սպառնալիքի մասին՝ կապված ռուսական գազի արտահանումը փոխարինելու Բաքվի մտադրությունների հետ։
«Լարվածությունն իր գագաթնակետին հասավ 2020 թ․-ի նոյեմբերի 9-ին»
Բաքվի և Կրեմլի միջև հարաբերությունները երբեք էլ առանձնապես բարեկամական չեն եղել՝ սկսած այն օրից, երբ Ադրբեջանը հռչակեց իր անկախությունը։ Այս կարծիքին է Միլի Մեջլիսի (Ադրբեջանի խորհրդարան) նախկին պատգամավոր, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ջումշուդ Նուրիևը։
«Առանձին պահերի լարվածությունը հարաբերություններում բավականին լրջորեն է դրսևորվել։ Լարվածության գագաթնակետը համարում եմ 2020 թվականի նոյեմբերի 9-ը։ Բայց հետո այն սկսեց թուլանալ»,- ընդգծում է Նուրիևը:
Նա վստահ է, որ Ռուսաստանի և Թուրքիայի միջև երկկողմ համագործակցության զարգացումը ձեռնտու է Ադրբեջանին։ Լարվածության նվազմանն է հանգեցրել նաև 2022 թ․-ի փետրվարի 23-ին Ալիևի և Պուտինի կողմից երկու երկրների միջև «Դաշնակցային փոխգործակցության մասին» հռչակագրի ստորագրումը։
«Ներկայումս լարվածությունը ցածր մակարդակի վրա է։ Բայց կան ռուսական ռազմական էլիտայի մի շարք ներկայացուցիչներ, որոնք սերտորեն կապված են Հայաստանի հետ։ Ադրբեջանի նկատմամբ նրանց վերաբերմունքի մեջ կարելի է նկատել թշնամանքի տարրեր։
Մասնավորապես, նրանք փորձում են լռեցնել ուկրաինական ճակատի ձախողումները՝ դրանք տեղափոխելով այլ հարթություն։ Ուստի Բաքվի և Մոսկվայի հարաբերություններում ոչ թե բացահայտ, այլ թաքնված լարվածություն է զգացվում»,- հավելել է նա։
«Կենտրոնական Ասիայից դեպի Կովկաս սադրանքների տեղափոխման վտանգ կա»
Ջումշուդ Նուրիևը հայտարարել է, որ երկրի ներսում տեղի ունեցող գործընթացները, ընդդիմության ակտիվացումը և արտերկրում ներգաղթյալների գործողությունները ցույց են տալիս, որ հնարավոր են սադրանքներ Ադրբեջանի դեմ։
«Սա չի կարելի բացառել։ Նախկինում էլ փորձագետները հայտարարել էին, որ լարվածության օջախների տեղափոխման վտանգ կա Կենտրոնական Ասիայի երկրներից՝ Ղազախստանից և Ուզբեկստանից դեպի Կովկաս՝ Վրաստան և Ադրբեջան։
Այս ամենը հաշվի առնելով՝ մենք պետք է պատրաստ լինենք նման սադրանքների»։
«Մոսկվան գաղութատիրական քաղաքականություն է վարում»
Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր, տնտեսագետ Վահիդ Ահմադովը կարծում է՝ Ադրբեջանի նկատմամբ Ռուսաստանի վերաբերմունքը երբեք էլ բարեկամական չի եղել։
«Վերջին շրջանում ևս սպառնալիքներ կան, հաճախ են Մոսկվայից գալիս այստեղ»,- ասաց նա։
«Դիտարկեք, օրինակ, Ղարաբաղի հարցը։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ո՞ր կետերն են իրականացվել։ Ո՛չ սահմանների սահմանազատում, ո՛չ էլ հայկական զինված ուժերի դուրսբերում այս տարածքից տեղի չի ունեցել։ Չի սկսվել նաև Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանի հետ կապող ենթակառուցվածքի շինարարությունը։
Այո, հաճախ որպես մեղավոր մատնանշում ենք Հայաստանը, բայց նրա հետևում Ռուսաստանն է կանգնած։ Ուստի Ռուսաստանի վերաբերմունքը մեր նկատմամբ հայտնի է։
Մոսկվան գաղութատիրական քաղաքականություն է վարում։ Նա ցանկանում է Ադրբեջանը պահել իր գաղութի կարգավիճակում։ Բայց դա այլևս հնարավոր չէ։ Ադրբեջանն ինքնուրույն քաղաքականություն է վարում, փորձում է ինքնուրույն լուծել իր խնդիրները։ Իսկ դա Մոսկվային դուր չի գալիս»։
«Ե՛վ աշխարհը, և՛ ինքը՝ Ադրբեջանը, փոխվել են»
Ահմադովը նշել է, որ Կրեմլի համար ևս մեկ անհանգստացնող գործոն է Ադրբեջանի և Թուրքիայի միջև հարաբերությունների մերձեցումը.
«Ռուսաստանին դուր չի գալիս, որ Թուրքիան տարածաշրջանում ակտիվ խաղացող է դարձել, զարգացնում է եղբայրական հարաբերություններ Ադրբեջանի հետ։ Թեև անհնար է ինչ-որ կերպ ազդել այդ գործընթացների վրա։
Փոխվել է թե՛ աշխարհը, թե՛ ինքը՝ Ադրբեջանը։ Մենք Թուրքիայի հետ ունենք քաղաքական, տնտեսական, ռազմական և հումանիտար լուրջ կապեր։ Թուրքիան և Ադրբեջանը պատասխանատվություն են կրում միմյանց անվտանգության համար»։
«Չենք ընդունում Ռուսաստանի օկուպացիոն քաղաքականությունը»
Ադրբեջանցի պատգամավորն ընդգծել է, որ Ադրբեջանը երբեք չի դադարեցրել գործընկերային հարաբերությունները Ռուսաստանի հետ։
«Մեր երկրների միջև հարաբերություններ միշտ էլ եղել են։ Ռուսաստանը մեր հարևանն է։ Կան սերտ քաղաքական, տնտեսական և հումանիտար կապեր։ Անհնար է չնկատել Ռուսաստանի հետ նախագահ Իլհամ Ալիևի լավ հարաբերությունները։
Բայց այս ամենի հետ մեկտեղ մենք չենք ընդունում Ռուսաստանի օկուպացիոն քաղաքականությունը։ Ադրբեջանն ինքնիշխան պետություն է։ Իսկ Մոսկվան վարում է օկուպացիոն քաղաքականություն։
Մոլդովայում, Վրաստանում, հիմա էլ Ուկրաինայում իրադարձությունները տեղի են ունեցել և ընթանում են մեր աչքի առաջ։ Բայց դա Ադրբեջանում հազիվ թե հնարավոր լինի իմ նշած պատճառներով։
Ռուսաստանն ինքը պետք է շահագրգռված լինի Ադրբեջանի հետ տնտեսական և քաղաքական սերտ հարաբերություններով»,- ամփոփել է Վահիդ Ահմեդովը։
Լարվածություն Բաքվի և Մոսկվայի հարաբերություններում