Զենքի մատակարարման Հայաստանի պաշտպանության նախարարության հայտարարած առաջին մրցույթն ավարտվել է քրեական գործով
Հայաստանի պաշտպանության նախարարությունն առաջին անգամ ռազմական տեխնիկայի մատակարարման մրցույթ է հայտարարել։ Ռուսական ORSIS ընկերությունը, որը մի քանի միլիոն դոլարի տեխնիկայի մատակարման մրցույթին մասնակցելու հայտ էր ներկայացրել, հայտարարում է, որ իր առաջարկությունը համապատասխանում էր որակավորման բոլոր պահանջներին։ Սակայն մրցույթը փակվել է առանց պատճառները բացատրելու։ Ռուսական ընկերությունը հայտարարել է, որ հայտնվել է Հայաստանի Զինված ուժերին զենքի մատակարարողների «սև ցուցակում»։ Այն մտադիր է հարցը դատարանում լուծել, ուր հայց է ներկայացրել Հայաստանի պաշտպանության նախարարության դեմ։
• Ռուսաստան․ դրախտ գողերի համա՞ր
• Հայաստանի վաչապետի և պաշտպանության նախարարի «բարձրահունչ» հայտարարությունները
Գործի մանրամասները
2019թ-ի գարնանը Հայաստանի պաշտպանության նախարարությունը մրցույթ է հայտարարել զենքի և զինամթերքի ձեռքբերման վերաբերյալ։ Մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել միայն ռուսական ORSIS ընկերությունը, որն արդեն մի քանի տարի է՝ Հայաստանին զենք, փամփուշտներ և օպտիկա էր մատակարարում։
« [Հայաստանի] գերատեսչությունում հայտարարել են, որ մենք անհրաժեշտ փաստաթղթերը չենք ներկաացրել։ Որից հետո մենք մի քանի շաբաթում տրամադրել ենք ողջ տեղեկատվությունը, որը պաշտոնապես պահանջել է պաշտպանության նախարարությունը մեր կոնտրագենտների կողմից։ Արդյունքում մեզ հայտարարել են, թե մենք իբր չենք ներկայացրել որոշ կետերի վերաբերյալ ընդունման-փոխանցման ակտերը», — հայտարարել է ORSIS-ի ներկայացուցիչը։
Ընկերությունը նամակներ է ուղարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանին և պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին, սակայն պատասխան չի ստացել։
Արդյունքում, ORSIS-ը հայտարարել է, որ զենքի մատակարարման մրցույթը չեղարկվել է առանց հիմնավորման, ինչի կապակցությամբ էլ հայց է ներկայացրել դատարան։ Քրեական գործ է հարուցվել «ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք» հոդվածով։
Ըստ ընկերության ներկայացուցչի՝ ORSIS-ը դիմել է նաև Հայաստանում ռուսական դեապանության ռազմական կցորդին՝ գործի մանրամասներին ծանոթանալու խնդրանքով։
Ռուսական լրատվամիջոցները գրում են, որ ստեղծված իրավիճակը սպառնում է ձախողել Հայաստանում փամփուշտի գործարանի շինարարության նախագիծը։ Ենթադրվում էր, որ ձեռնարկությունը ստեղծվելու է ռուսական ներդրումներով, խոսքը մի քանի միլիոն դոլար գումարի մասին է։
Հետազոտող լրագրողներն՝ ORSIS-ի մասին
Դեռ անցյալ տարի ORSIS ընկերության մասին հոդված էին հրապարակել հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման միջազգային նախագծին մասնակցող հետաքննող լրագրողները։ Դրանում նշվում էր, որ ընկերությունը կապված է Ռուսաստանի նախկին փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի հետ, որը ժամանակին համակարգում էր Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքը։ Բացի այդ, Ռոգոզինի որդի Ալեքսեյն ORSIS գործարանի գլխավոր տնօրենի տեղակալն էր։
«2012թ-ին, երբ նրա հայր Դմիտրի Ռոգոզինը սկսեց համակարգել ռուսական զենքի մատակարարումը, նրա որդու շուրջ սկանդալ բռնկվեց, որից հետո Ռոգոզին-ավագը ստիպված էր իր ֆեյսբուքյան էջում հայտարարել, որ «ընտանեկան խորհրդին ես ու որդիս դժվար որոշում ենք կայացրել, որի համաձայն՝ նա պետք է հեռանա հարազատ ընկերությունից»՝ շահերի բախման մասին խոսակցությունների տեղիք չտալու համար», — գրում էին հոդվածի հեղինակները։
Դմիտրի Ռոգոզինի որդին, ըստ հետաքննող լրագրողների, իրոք հեռացել էր իր պաշտոնից։ Սակայն որոշ ժամանակ անց որդու տեղը զբաղեցրել էր Ռոգոզինի եղբորորդին։
Հայկական լրատվամիջոցները հիշատակում են այս փաստերի մասին որպես մրցույթի չեղարկման ենթադրյալ բացատրություն։
Ի՞նչ են ասում Հայաստանի ռազմական գերատեսչությունում
Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարը մանրամասներ չի հաղորդել։ Գերատեսչությունից միայն հետևյալ հաղորդագրությունն է ստացվել․
«Տվյալ հարցով քրեական գործ է հարուցվել, և ողջ լրացուցիչ տեղեկությունները կտրամադրվեն քննչական մարմինների աշխատանքի ավարտից հետո»։