Հայաստանի և Միացյալ Թագավարության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի առթիվ Երևանում միջոցառումներ են անցկացվել ։
Դրանցից մեկը տեղի է ունեցել Երևանի Ազատության հրապարակում: Դա Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարության «Սալամանկա» նվագախմբի, բրիտանական բանակի փողահարների, Հայաստանի Զինված ուժերի պատվո պահակախմբի գումարտակի ու Հայաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի զինվորական նվագախմբի համատեղ համերգն էր:
Համերգը կազմակերպել էին Հայաստանի և Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարությունները:
Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթն ասել է, որ վերջին 25 տարիներին Հայաստանի հետ ձևավորվել է ամուր համագործակցություն քաղաքական, պաշտպանական, տնտեսական, առևտրային, մշակութային և այլ ոլորտներում. «Մենք հանձնառու ենք ի օգուտ Հայաստանի ու Միացյալ Թագավորության՝ այդ հարաբերությունների խորացմանն ու ամրապնդմանը»։
Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Կարեն Նազարյանն էլ այս կապակցությամբ ասել է. «Պատահական չէ, որ այս կարևոր առիթը մենք նշում ենք հենց մշակութային միջոցառումով։ Մշակութային օրերի անցկացումը՝ թե Հայաստանում, թե Միացյալ Թագավորությունում, վկայում են մեր ընդհանուր արժեհամակարգի ու փոխադարձ հետաքրքրության մասին։ Կարող ենք վստահաբար հայտնել, որ մեր երկրները հաջողությամբ համագործակցում են թե երկկողմանի, թե բազմակողմանի հարթակներում»։