Երևանում Կինոմիության շենքում բացվել է Հայ կինոյի թանգարան: Ցուցադրությունը դեռևս ամբողջապես համալրված չէ հայ կինոյի մասին պատմող նյութերով: Բայց հայ կինոյի ներկայացուցիչներն իրենց անձնական արխիվներից առաջին խորհրդանշական նմուշներն են նվիրաբերել հայկական կինոֆիլմերի ստեղծմանը «մասնակցած» կինոխցիկներ, կինոժապավեններ, ֆոտոխցիկներ, լուսավորման տեխնիկա, ֆիլմերի համար գրված երաժշտության ձեռագիր նոտաներ:
Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը կարծում է, որ այս թանգարանը որոշ ժամանակ անց կարող է հայտնի դառնալ.
«Սա կարծում ենք, որ լինելու է մեր թանգարանային աշխարհի լավագույն թանգարաններից մեկը՝ ամենահաճախելի թանգարաններից մեկն ու ամենասիրելի վայրերից մեկը»:
Կինոմիության նախագահ Հարություն Խաչատրյանն էլ իր ուրախությունն է արտահայտել թանգարանի ստեղծման կապակցությամբ.
«Ոգևորված եմ, որ մենք կունենանք սինեմատեկ, որը չի լինի պատահական մի մեռած թանգարան, այլ կլինի գործող թանգարան, որտեղ և՛ դասեր կանցնեն, որտեղ և՛ ֆիլմեր կվերականգնվեն, որտեղ և՛ դասախոսություններ կլինեն, կլինի գրադարան, կլինի ֆիլմատեկա, կլինի փոքրիկ դահլիճ՝ ֆիլմեր նայելու համար: Այնպես որ, մենք կշարունակենք մեր երազանքը՝ հայկական կինոն տեղ հասցնելու: Պարզվեց, որ կինոն չի մահանում, կինոն ավելի շատ է պետք գալիս, ավելու ու ավելի շատ է հետաքրքիր դառնում աշխարհում, և դառնում է լուրջ, կարևոր զենք»: