Հայաստանի ԱԳՆ-ի կոշտ արձագանքը Իսլամական համագործակցության կազմակերպության որոշումներին
Երևանի արձագանքը ԻՀԿ բանաձևերին
Թուրքիայում կայացած համաժողովից հետո Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) անդամ երկրներն ընդունել են «Ստամբուլի հռչակագիր» և Ադրբեջանի կողմից ներկայացված մի քանի բանաձևեր։
Մասնավորապես՝ ընդունվել է առանձին բանաձև «Ներկայիս Հայաստանի տարածքից բռնի և համակարգված կերպով տեղահանված ադրբեջանցիների վերադարձի իրավունքի մասին»։ ԻՀԿ-ի անդամ երկրները դատապարտել են Հայաստանի կողմից, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան»-ի համայնքի իրավունքների ժխտումը։
Հայաստանի ԱԳՆ-ն ԻՀԿ ընդունած փաստաթղթերի ձևակերպումները «խեղաթյուրված և ծայրահեղ միակողմանի» է որակել։
Հայ դիվանագետները գտնում են՝ դրանցում արված շեշտադրումները հակասում են տարածաշրջանում տևական խաղաղության հաստատման շահերին և տրամաբանությանը։ Անդրադառնալով «Արևմտյան Ադրբեջան» խոսույթին՝ գերատեսչությունն արձանագրել է՝ այն «մարդու իրավունքների քողի ներքո Ադրբեջանի կողմից հստակ տարածքային պահանջ է ՀՀ ինքիշխան տարածքի նկատմամբ»։
«ԱԳՆ-ն կոչ է անում վերոնշյալ հռչակագրին և բանաձևերին միացած ԻՀԿ անդամ երկրներին՝ վերանայել և վճռականորեն հրաժարվել Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը թիրախավորող և ՀՀ-ի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացը վտանգող կողմնակալ նախաձեռնություններից»,- ասված է հայտարարությունում։
Վերլուծաբանները գերատեսչության արձագանքը «շատ ճիշտ և դիպուկ» են որակում։ Մյուս կողմից, նկատում են, որ նման բանաձևերի ընդունումը նաև հետևանք է նրա, որ Հայաստանի կառավարությունը մինչ այս պատշաճ կերպով չի արձագանքել Բաքվի կողմից հետևողականորեն տարածվող թեզերին, այդ թվում՝ «Արևմտյան Ադրբեջան» զավթողական հայեցակարգին։
Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ է 56 երկիր, այդ թվում՝ Հայաստանի հարևան Թուրքիան, Ադրբեջանն ու Իրանը։ Կառույցին անդամակցում են նաև ԱՊՀ անդամ չորս երկիր՝ Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանն ու Ուզբեկստանը:
- «Դիվանագիտական ճեղքումներ չեղան». Փաշինյան-Էրդողան ստամբուլյան հանդիպման մասին
- «Չպետք է թույլ տալ, որ Բաքուն օգտագործի Իրան-Իսրայել սրացումը»․ կարծիք Երևանից
- «Ապաշրջափակման Երևանի առաջարկները փարատում են Բաքվի կասկածները»․ կարծիքներ
Էլ ի՞նչ է ասված ԻՀԿ ընդունած փաստաթղթերում
Իսլամական համագործակցության կազմակերպության ընդունած փաստաթղթերում խոսվում է նաև հայ-ադրբեջանական կարգավորման մասին։ Մասնավորապես՝ ԻՀԿ-ի անդամ երկրները ողջունել են խաղաղության պայմանագրի համաձայնեցումը։ Հայաստանին կոչ են արել «հաղթահարել դրա ստորագրմանը խոչընդոտող մնացած իրավական և քաղաքական խոչընդոտները և դադարեցնել Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սասանումը»։
Ադրբեջանը խաղաղության պայմանագրի ստորագրման նախապայման է համարում ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումն ու Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը։ Սահմանադրությունը հղում է անում Անկախության հռչակագրին, որտեղ ՀՀ-ի և ԼՂ-ի վերամիավորման մասին ձևակերպում կա։ Սա Բաքուն տարածքային պահանջ է համարում։
Երևանը պնդում է՝ մայր օրենքում Ադրբեջանից և մյուս հարևաններից տարածքային պահանջներ չկան, Սահմանադրության փոփոխությունը համարում երկրի ներքին գործը։ Միաժամանակ, վարչապետ Փաշինյանը կարծիք է հայտնում, որ նոր Սահմանադրության տեքստում չպետք է լինի հղում հռչակագրին։ Մինսկի խմբի լուծարմանը հայկական կողմը դեմ չէ, սակայն կարծում է՝ համատեղ դիմումը ԵԱՀԿ պետք է ներկայացվի խաղաղության պայմանագրի ստորագրմանը զուգահեռ։
Ստամբուլի հռչակագրում կազմակերպության անդամ երկրներին և իսլամական ֆինանսական հաստատություններին կոչ է արվում աջակցել «ազատագրված [ԼՂ-ի] տարածքների վերականգնման և ականազերծման աշխատանքներին, որոնք ուղղված են հայկական ագրեսիայի հետևանքով իրենց հողերից վտարված ներքին տեղահանված անձանց արժանապատիվ վերադարձն ապահովելուն»։
ԻՀԿ-ն նաև դատապարտել է՝
- «1992 թ․-ի փետրվարին Հայաստանի զինված ուժերի կողմից Ադրբեջանի Խոջալու քաղաքում կատարված ռազմական հանցագործությունները, ցեղասպանությունը և մարդկության դեմ հանցագործությունները»,
- «Ադրբեջանի տարածքում իսլամական մշակութային ժառանգության նմուշների նկատմամբ Հայաստանի կողմից կատարված վանդալիզմի գործողությունները»։
Երևանի կոչը «վերանայել և հրաժարվել կողմնակալ նախաձեռնություններից»
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունից նշել են՝ խորապես հիասթափված են Իսլամական համագործակցության կազմակերպության նախարարական համաժողովի շրջանակներում ընդունված «Ստամբուլի հռչակագրում» և Ադրբեջանի նախաձեռնությամբ ներկայացված բանաձևերում տեղ գտած ձևակերպումների առնչությամբ։
Եվս մեկ անգամ արձանագրել են՝ Բաքվի կողմից առաջ մղվող «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթը տարածքային պահանջ է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ։
«Արևմտյան Ադրբեջանը Ադրբեջանի արևմտյան շրջաններն են՝ Ղազախը, Թովուզը, Աղստաֆան, Գեդաբեյը, Դաշքեսանը, Քելբաջարը, Լաչինը, Կուբաթլուն, Զանգելանն ու Նախիջևանը: Հայաստանի Հանրապետության տարածքում չկա և չի կարող լինել, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան»,- հիշեցրել են կառույցից։
ԱԳՆ-ն անդրադարձել է Թուրքիայում ընդունված փաստաթղթերում մատնանշվող մյուս հարցերին՝ ըստ թեմաների։
ԽՍՀՄ տարիներին ՀՀ-ում բնակվող ադրբեջանցիների մասին
«Միության գոյության վերջին տարիներին նրանք Հայաստանից հեռացել են կամավոր, կարողացել են վաճառել կամ փոխանակել իրենց գույքը կամ ստացել են փոխհատուցում Հայաստանի կառավարությունից։ Ցավոք, նույնը չի եղել հայերի ճակատագիրն Ադրբեջանում՝ Բաքվում, Սումգայիթում և այլ վայրերում, որտեղ տեղի են ունեցել հայերի կոտորածներ և բռնի տեղահանում։ Նույնօրինակ վերջին դրսևորմանը մեր տարածաշրջանում աշխարհն ականատես եղավ 2023թ. աշնանը, երբ ավելի քան 115.000 հայեր ստիպված եղան լքել Լեռնային Ղարաբաղը՝ ենթարկվելով էթնիկ զտման»։
Խոջալուի դեպքերի մասին, որոնք Բաքուն անվանում է «ցեղասպանություն»
«Մարդկության դեմ ուղղված հանցագործությունների իրական պատմությունը քաջ հայտնի է և ուղղակիորեն ժխտում է Հայաստանի Հանրապետությանն ուղղված ցանկացած մեղադրանք»։
Հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի մասին
«Ընդունված հռչակագիրը պարունակում է համաձայնագրի ստորագրման ճանապարհին առկա նախապայմանների վերաբերյալ միակողմանի արձանագրումներ։ Հայաստանը հայտարարել է համաձայնագիրն առանց որևէ հետաձգման ստորագրելու պատրաստակամության մասին՝ առաջարկելով խորհրդակցություններ սկսել դրա ստորագրման վայրի և ժամկետի շուրջ, ինչպես նաև առաջարկել է կառուցողական լուծումներ գտնել Ադրբեջանի կողմից բարձրացվող մի շարք հարցերի կապակցությամբ:
Տարածաշրջանում խաղաղության հաստատմամբ հետաքրքրված գործընկերների կողմից առավել տրամաբանական կլիներ հորդորել Ադրբեջանին առանց անհարկի հետաձգման ստորագրել համաձայնագիրը՝ զերծ մնալով այդ ճանապարհին արհեստական խնդիրներ հարուցելուց»։
Ադրբեջանական մշակութային արժեքների «ոչնչացման» մասին
«Անտեսնելով Ադրբեջանի հսկողության ներքո հայկական մշակութային ժառանգության շարունակական ոչնչացումն ու դրա նկատմամբ համակարգված վանդալիզմը՝ բանաձևը հարցին փորձում է հաղորդել կրոնական երանգավորում՝ սնելով թյուր և վտանգավոր թեզեր։ Հայաստանի հարգանքը և հոգատար վերաբերմունքը իսլամական մշակութային ժառանգության նկատմամբ հայտնի է և հեշտությամբ ապացուցելի»։
Հայտարարության մեջ շեշտվում է, որ Հարավային Կովկասում առկա է խաղաղության հաստատման իրական հնարավորություն, և «որևէ միջազգային կազմակերպության նման գործելաոճը չի նպաստում այդ հնարավորության արդյունավետ իրացմանը»։
«ՀՀ-ն հավատարիմ է խաղաղության օրակարգի իրացման ռազմավարությանը և միջազգային գործընկերներից, այդ թվում՝ ԻՀԿ-ից ակնկալում է աջակցություն Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական և կայուն խաղաղություն հաստատելու ջանքերին»,- արձանագրել է ԱԳՆ-ն։
Մեկնաբանություններ
Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրել է․
«Եթե ՀՀ ԱԳՆ-ն 2022 թվականի դեկտեմբերի 24-ի Ալիևի ելույթից հետո, որի ժամանակ Ալիևը հայտարարեց «Արևմտյան Ադրբեջան» զավթողական հայեցակարգի մասին, ակտիվ աշխատեր դիվանագիտական, քաղաքական և տեղեկատվական մեթոդներով, հիմա «խորապես հիասթափված» չէին լինի այն փաստից, որ Իսլամական համագործակցության կազմակերպության նախարարական վերջին համաժողովի շրջանակներում ընդունված «Ստամբուլի հռչակագրում» նման վտանգավոր ձևակերպումներ են տեղ գտել։
Թող իրենք իրենցից խորապես հիասթափվեն, որ աշխատել չգիտեն կամ չեն ուզում։ Այս զավթողական հայեցակարգի տարածումը իրենց ՉԱՇԽԱՏԱՆՔԻ ուղիղ հետևանք է»։
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը նկատել է․
«Ամեն ինչ շատ ճիշտ է, դիպուկ [ԱԳՆ հայտարարության մեջ]: Ավելին, հիասթափեցնող է նաև այն, որ ԻՀԿ անդամ են այնպիսի երկրներ, ինչպիսիք Իրանը, Եգիպտոսը, նաև Կատարը, ուր շատ հաճախակի հյուր է լինում Հայաստանի վարչապետի տիկինն իր հիմնադրամային գործերով, նաև կառավարության պաշտոնյաներ:
Բայց այստեղ նաև շատ պարզ մի հարց է առաջանում: Իսկ Հայաստանը փորձե՞լ է կանխատեսել այդպիսի ռիսկերն ու աշխատել այդ երկրների հետ, նաև ԻՀԿ անդամ այլ երկրների հետ, որոնց հետ Հայաստանն ունի բարյացկամ, բարեկամական հարաբերություն: Հայաստանի ԱԳՆ փորձե՞լ է կանխարգելել այդպիսի բանաձևերի, ձևակերպումների ընդունումը:
Օրինակ՝ ստամբուլյան այդ հավաքից մեկ օր առաջ էր Նիկոլ Փաշինյանը Ստամբուլում: Իսկ Թուրքիայի նախագահի հետ հանդիպմանը, շոշափվե՞լ է այդ հարցը, Անկարան բարձրացրե՞լ է այդ հարցը, որի վերաբերյալ փաստորեն պետք է հաջորդ օրն արդեն ընդունվեին արդեն հայտնի բանաձևերը: Հիշեցնեմ, որ Թուրքիան եղել է ԻՀԿ ստամբուլյան հավաքի նախագահող երկիր:
Ի վերջո, գուցե շահեկան դիրք է ցույց տալ, թե բոլորը «խմբվել» են Հայաստանի դեմ։ Բայց պետական քաղաքականության ու դիվանագիտության խնդիրն էլ հենց դա է՝ թույլ չտալ բոլորի «խմբվելը», աշխատել նրանց հետ, ովքեր Հայաստանի հետ լավ հարաբերություն ունեն և կարող են ոչ միայն «չխմբվել», այլև խանգարել այդօրինակ փաստաթղթերի կայացմանը կամ առնվազն դեմ քվեարկել»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Երևանի արձագանքը ԻՀԿ բանաձևերին