Երկու ծառ է գողացվել Բաքվի կենտրոնից. դրանք կտրել-տարել են անհայտ անձինք
Կիսվել
Կիսվել
Բազմամյա երկու հացենի է կտրվել Բաքվի կենտրոնական փողոցների մեկում (Իսթիգլալիաթ փողոց) և տարվել անհայտ ուղղությամբ՝ անցորդների աչքի առաջ: Անցորդներն այս մասին գրել ել սոցցանցերում, զանգահարել բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարություն, որը պատասխանատու է քաղաքի կանաչապատման և դրա հետ տեղի ունեցող ամեն ինչի համար:
Օրենքի համաձայն՝ ծառը կարող է կտրվել միայն գործադիր իշխանության և բնապահպանության նախարարության թույլտվության պարագայում և միայն հարգելի պատճառով (եթե, օրինակ, այն չորացել է կամ վնասվել և կարող է ցանկացած պահի ընկնել անցորդների գլխին): Ապօրինի ծառահատման համար վարչական և քրեական օրենսգրքերում համապատասխան հոդված կա, և, կախված վնասի չափից, դրա համար կարելի է մի քանի հազար մանաթ տուգանվել կամ նույնիսկ երկու տարով ազատազրկվել:
Նախարարության ներկայացուցիչները ժամանել են դեպքի վայր և հաստատել, որ ծառերը գողացվել են: Վնասը գնահատվել է 2400 մանաթ (մոտ 1400 դոլար): Նախարարության մամուլի ծառայությունը հաղորդել է, որ ոստիկանությունն արդեն փնտրում է մեղավորներին: Անցած մի քանի օրվա ընթացքում ոչ հացենիների, ոչ գողերի հետքեր չեն հայտնաբերվել:
Այս միջադեպը սոցցանցերի օգտատերերի հեգնանքն է առաջացրել: Մարդիկ զարմացել են, թե ինչպես կարելի է հենց այնպես վերցնել և առանց որևէ մեկի իմացության քաղաքի կենտրոնում երկու հսկայական ծառ կտրել: Հատկապես, որ այդ ամենը տեղի է ունեցել Բաքվի քաղաքապետարանի շենքից մի քանի մետր հեռավորության վրա:
Տիպիկ մեկնաբանություններ.
«Իսկ հետախուզում հայտարարե՞լ են))) Թե չէ, չգիտե՞ն՝ ով է արել: Ի՜նչ բարդ խնդրի առջև է ոստիկանությունը»:
«Ուզում եմ նույնիսկ օգնությունս առաջարկեմ նրանց»:
Բաքվում հաճախ են ծառահատումների հետ կապված սկանդալներ տեղի ունենում: Ապօրինի ծառահատման սովորական պատճառն այն է, որ ծառերը խանգարում են առևտրային օբյեկտի շինարարությանը: Այս թեմայով մեծ սկանդալ տեղի ունեցավ մոտ մեկ տարի առաջ՝ 2017թ-ի հուլիսին: Այն ժամանակ երեք մարդ կալանավորվեց շինարարական աշխատանքների ժամանակ մի քանի ծառ ապօրինի կերպով կտրելու համար: Նույնատիպ խնդիր կա նաև Բաքվից դուրս. այնտեղ անտառների ծառերը հաճախ հատվում են, օրինակ, որպեսզի ձմռանը վառելափայտ լինի (քանի որ ջեռուցման այլ տեսակներն առկա չեն):