7 օր տեղաշարժի խիստ սահմանափակումներ կգործեն Շիրակի մարզի երկու բնակավայրերում։ Խոսքը Անի համայնքի Մարալիկ և Ձորակապ բնակավայրերի մասին է։ Որոշումն ընդունել է փոխվարչապետ, արտակարգ դրության ժամանակահատվածում նաև պարետ Տիրգան Ավինյանը։
Այն ուժի մեջ է մտնում ապրիլի 19-ի ժամը 6:00-ից և կգործի մինչև ապրիլի 25-ի ժամը 23։59-ը:
Այս քայլերը ձեռնարկվում են այն պատճառով, որ ապրիլի 13 և 14-ին կատարված թեսթերի արդյունքում Մարալիկ քաղաքի հիվանդանոցի 10 աշխատակցի մոտ կորոնավիրուս էր հայտնաբերվել: Դրանից հետո ևս 60 աշխատակցի նմուշառում էր իրականացնել: Եվ, ինչպես հայտնում է Շիրակի մարզպետը, 8 նոր դրական դեպք է հաստատվել։ Այս պահին Մարալիկում կորոնովիրուսով վարակված 18 մարդ կա։
Այսպիսով, պարետը որոշել է
սահմանել հատուկ ռեժիմ` արգելելով անձանց և տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը, բացառությամբ առաջին անհրաժեշտության ապրանքների, պարագաների, սննդամթերքի, դեղորայքի, վառելիքի մատակարարման;
գյուղատնտեսական և այգեգործական աշխատանքներ իրականացնելու նպատակով անձանց ելքն ու մուտքը թույլատրել միայն Անի համայնքի ղեկավարի կողմից ստորագրված և կնքված հատուկ անցաթղթի առկայության դեպքում;
ոստիկանության կողմից Մարալիկ և Ձորակապ բնակավայրերի ներսում սահմանել վերակարգեր և բացառել երթևեկող տրանսպորտային միջոցների կանգ առնելը այս բնակավայրերի վարչական սահմաններում:
Մարալիկ և Ձորակապ մուտք գործելու սահմանափակման բացառություն է տրվում է մինչև ապրիլի 19-ի ժամը 22:00-ը այս համայնքներում մշտական բնակության իրավունք ունեցող անձանց։
Հատուկ ռեժիմի իրականացմանը հետևելու են Ազգային անվտանգության ծառայությունն ու ոստիկանությումը։ Մարալիկ և Ձորակապ բնակավայրերում տեղադրվելու են հատուկ անցակետեր՝ մարդկանց և տրանսպորտային միջոցների զննումն իրականացնելու նպատակով։