Երեք թուրք զինծառայող է զոհվել Սիրիայում ռուսական ավիահարվածի արդյունքում
Կիսվել
Կիսվել
Ռուսական զինվորական ավիացիայի ոչ դիտավորյալ հարվածը Սիրիայում Իսլամական պետության զինյալների դեմ պայքարի շրջանակում իրականացրած գործողության ժամանակ 3 թուրք զինվորականի կյանք է խլել, վիրավորումներ են ստացել ևս 11-ը: Մոսկվան պաշտոնական Անկարային արդեն ցավակցություններ է հայտնել:
Փաստի հետաքննությամբ համատեղ զբաղվում են Ռուսաստանն ու Թուրքիան, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Թուրքիայի պաշտպանության նախարարությանը:
Ռուսաստանի պաշտոնական անձինք ցավակցություն են հայտնել կատարվածի կապակցությամբ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ: «Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել ողբերգական միջադեպի կապակցությամբ, որը Էլ Բաբ քաղաքի մերձակայքում մի քանի թուրք զինծառայողի մահվան պատճառ է դարձել», — ասված է Կրեմլի կայքում հրապարակված հաղորդագրությունում:
Ռուսաստանն ու Թուրքիան միջնորդ էին Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ուժերի հետ կռվող ընդդիմության ներկայացուցիչների և Դամասկոսի պատվիրակության միջև խաղաղ բանակցությունների կազմակերպման հարցում, որոնք անցկացվել են Ղազախստանի մայրաքաղաքում հունվարին:
Այնուամենայնիվ Ռուսաստանն ու Թուրքիան նախկինի պես տարբեր կարծիքներ ունեն հիմնարար դրույթների, օրինակ Ասադի ճակատագրի վերաբերյալ. պետք է արդյոք իշխանությունը նրան թողնել, թե նրա հրաժարականը սիրիական հաշտեցման գործընթացի մաս է: